A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 145

1

  Բարձր կանեմ քեզ, ով իմ Աստուած, ով Թագաւոր. եւ կօրհնեմ քո անունը յաւիտեանս յաւիտենից։

2

  Ամեն օր կօրհնեմ քեզ, եւ քո անունը կգովեմ յաւիտեանս յաւիտենից։

3

  Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. եւ նորա մեծութեանը չափ չկայ։

4

  Ազգ ազգի կգովէ քո գործերը. եւ կպատմեն քո զօրութիւնները։

5

  Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կմտածեմ։

6

  Քո ահաւոր զօրութեան մասին կխօսեն. եւ ես քո մեծութիւնը կպատմեմ։

7

  Քո շատ քաղցրութեան յիշատակը կհրատարակեն. եւ ցնծութիւնով կպատմեն քո մեծութիւնը։

8

  Ողորմած եւ գթած է Տէրը. երկայնամիտ եւ բազումողորմ։

9

  Բարի է Տէրը ամենի համար. եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է։

10

  Տէր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, եւ քո սուրբերը պիտի օրհնեն քեզ։

11

  Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. եւ քո զօրութիւնները պիտի պատմեն։

12

  Որ իմացնեն մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը։

13

  Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է, եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ։

14

  Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին։

15

  Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։

16

  Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով։

17

  Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը։

18

  Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։

19

  Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։

20

  Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. բայց բոլոր ամբարիշտներին կկորցնէ։

21

  Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կխօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կօրհնէ յաւիտեանս յաւիտենից։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896