A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 135



1

  Օրհնեցէք Տիրոջ անունը. օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները.

2

  Որ կանգնում էք Տիրոջ տանը՝ մեր Աստուծոյ տան սրահներումը։

3

  Օրհնեցէք Տիրոջը, որովհետեւ Տէրը բարի է. սաղմոս ասեցէք նորա անունին, որովհետեւ քաղցր է։

4

  Որովհետեւ Տէրը Յակոբին ընտրեց իրան համար, եւ Իսրայէլին՝ իր ժառանգութեան համար։

5

  Որովհետեւ ես իմացայ որ Տէրը մեծ է. եւ մեր Տէրն աւելի մեծ է քան ամեն աստուածները։

6

  Տէրն իր բոլոր կամեցածն անում է երկնքումն ու երկրումս, ծովերումը եւ ամեն խոր տեղերումը։

7

  Որ նա ամպերը բարձրացնում է երկրի ծայրիցը՝ կայծակներն անձրեւ է շինում. քամին հանում է իր շտեմարաններիցը։

8

  Որ Եգիպտոսի անդրանիկներն սպանեց մարդիցը մինչեւ անասունները։

9

  Որ նշաններ եւ հրաշքներ ուղարկեց քո մէջը, ով Եգիպտոս, Փարաւօնի եւ նորա բոլոր ծառաների վերայ։

10

  Որ շատ ազգեր զարկեց, եւ զօրեղ թագաւորներ սպանեց.

11

  Ամօրհացիների Սեհօն թագաւորին, Բասանի Ովգ թագաւորին, եւ Քանանացիների բոլոր թագաւորութիւնները։

12

  Եւ նորանց երկիրը տուաւ ժառանգութիւն, ժառանգութիւն՝ իր Իսրայէլ ժողովրդի համար։

13

  Տէր, քո անունը մինչեւ յաւիտեան է. Տէր, քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։

14

  Որովհետեւ Տէրն իր ժողովրդին կդատէ, եւ իր ծառաներին կողորմէ։

15

  Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։

16

  Բերան ունին եւ չեն խօսում. աչքեր ունին եւ չեն տեսնում.

17

  Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չկայ նորանց բերանումը։

18

  Նորանց նման են նորանց շինողները, եւ բոլոր նորանց յուսացողները։

19

  Ով Իսրայէլի տունը, օրհնեցէք Տիրոջը. ով Ահարօնի տունը, օրհնեցէք Տիրոջը։

20

  Ով Ղեւիի տունը, օրհնեցէք Տիրոջը. ով Տէրից վախեցողներ, օրհնեցէք Տիրոջը։

21

  Օրհնեալ լինի Տէրը Սիօնի միջիցը, նա՝ որ բնակուած է Երուսաղէմումը։ Ալէլուիա։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896