A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 115

1

  Ոչ թէ մեզ, Տէր, ոչ թէ մեզ. այլ՝ քո անունին փառք տուր քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար։

2

  Ի՞նչու համար հեթանոսներն ասեն. թէ Ո՞ւր է նորանց Աստուածը։

3

  Բայց մեր Աստուածը երկնքումն է, նա ամեն ինչ որ կամենում է՝ անում է։

4

  Նորանց կուռքերն արծաթ ու ոսկի են. մարդի ձեռքի գործեր.

5

  Բերան ունին եւ չեն խօսում, աչքեր ունին եւ չեն տեսնում.

6

  Ականջներ ունին եւ չեն լսում. քիթ ունին եւ հոտ չեն առնում.

7

  Ձեռքեր ունին եւ չեն շօշափում. ոտքեր ունին եւ չեն գնում. եւ իրանց կոկորդովը ձայն չեն հանում։

8

  Նորանց շինողներն էլ նորանց նման են, եւ այն ամենքը, որ յոյս են դնում նորանց վերայ։

9

  Ով Իսրայէլ, յուսա Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։

10

  Ով Ահարօնի տուն, յուսացէք Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։

11

  Ով Տէրից վախեցողներ, յուսացէք Տիրոջը. նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։

12

  Տէրը յիշում է մեզ. նա կօրհնէ՝ նա կօրհնէ Իսրայէլի տունը, նա կօրհնէ Ահարօնի տունը։

13

  Նա կօրհնէ Տէրից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։

14

  Տէրը օրհնութիւն կշատացնէ ձեզ վերայ. ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ։

15

  Օրհնեալ էք դուք Տէրիցը, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։

16

  Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ։

17

  Ոչ թէ մեռելները կօրհնեն Տիրոջը. եւ ոչ էլ լռութեան մէջ՝՝ իջնողները։

18

  Բայց մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ Ալէլուիա։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896