A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 104



1

  Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը. ով Տէր՝ իմ Աստուած, դու շատ մեծ ես. գեղեցկութիւն եւ փառք հագած ես։

2

  Լոյս ես հագնում ինչպէս հանդերձ. երկինքը տարածում ես ինչպէս վարագոյր։

3

  Նա իր վերնատուները ջրերի վերայ է շինում, ամպերը շինում է իրան կառք. քամիի թեւերի վերայ է գնում։

4

  Իր հրեշտակները քամիներ է շինում, իր պաշտօնեաները այրող կրակ։

5

  Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չշարժուի բնաւ եւ յաւիտեան։

6

  Անդունդովը ծածկեցիր նորան ինչպէս հանդերձով. ջուրերը կանգնում են սարերի վերայ։

7

  Քո սաստելուցը փախչում են նորանք, քո որոտմունքի ձայնիցը սարսափելով ետ են գնում։

8

  Սարերը բարձրանում են, ձորերը իջնում՝ այնտեղ ուր որ հաստատեցիր նորանց համար։

9

  Դու սահման դրիր, նորանով չեն անց կենալ. յետ չեն դառնալ, որ երկիրը ծածկեն։

10

  Դու աղբիւրներ ես բղխեցնում ձորերումը. սարերի միջովը գնում են նորանք։

11

  Նորանք խմեցնում են բոլոր վայրի գազաններին, եւ վայրի էշերը կոտրում են իրանց ծարաւը։

12

  Նորանց վերայ երկնքի թռչուններն են բնակվում. ճիւղերի միջիցը ձայն են տալիս։

13

  Նա խմեցնում է սարերին իր վերնատներիցը. քո գործերի պտուղներովը կշտացնում ես երկիրը։

14

  Խոտ է բուսցնում անասունների համար. եւ բանջար մարդի օգտի համար. որ հաց հանես երկրիցը։

15

  Եւ գինի, որ ուրախացնում է մարդի սիրտը, նորա երեսը փայլեցնում է իւղից. եւ հաց, որ հաստատում է մարդի սիրտը։

16

  Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրերը, որ նա տնկեց։

17

  Որ այնտեղ թռչունները բոյն են դնում, եւ արագիլը եղեւինների վերայ շինում է իր տունը։

18

  Բարձր սարերը վայրի այծերի համար ապաւէն են, եւ վէմերը՝ ճագարների։

19

  Նա շինեց լուսինը ժամանակների համար, արեգակը ճանաչում է իր մուտքը։

20

  Խաւար ես դնում՝ եւ գիշեր է լինում. նորանում ման են գալիս անտառի ամեն գազանները։

21

  Առիւծների կորիւնները մռնչում են յափշտակելու, եւ Աստուածանից խնդրում են իրանց կերակուրը։

22

  Երբոր արեգակը դուրս է գալիս՝ ետ են քաշվում, եւ իրանց որջերումը պառկում։

23

  Մարդը դուրս է գնում իր գործին եւ իր ծառայութեանը՝ մինչեւ իրիկուն։

24

  Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. երկիրը լիքն է քո ստեղծուածներովը։

25

  Այս մեծ եւ լայն ծովն է. այնտեղ սողացողները անթիւ են. փոքր կենդանիներ մեծերի հետ։

26

  Այնտեղ նաւերը ման են գալիս. այն լեւիաթանը դու ստեղծեցիր, որ խաղայ նորանում։

27

  Սորանք ամենքը քեզ են սպասում, որ նորանց կերակուր տաս իրանց ժամանակին։

28

  Դու տալիս ես նորանց, եւ նորանք հաւաքում են. դու բաց ես անում քո ձեռքը եւ կշտանում են բարիքով։

29

  Երբոր ծածկում ես քո երեսը՝ սարսափում են. երբոր վեր ես առնում նորանց հոգին՝ մեռնում են, եւ իրանց հողին են դառնում։

30

  Հոգիդ ուղարկում ես՝ ստեղծվում են. եւ դու նորոգում ես երկրի երեսը։

31

  Տիրոջ փառքը յաւիտեան լինի. Տէրն ուրախ լինի իր գործերովը։

32

  Նա նայում է երկրի վերայ, եւ սա դողում է. նա դպչում է սարերին, եւ նորանք ծխում են։

33

  Ես կօրհնեմ Տիրոջն իմ կեանքումը. սաղմոս կասեմ իմ Աստուծուն քանի որ կամ։

34

  Քաղցր պիտի լինի իմ մտածութիւնը նորա վերայ. ես ուրախ կլինիմ Տէրով։

35

  Մեղաւորները կպակասեն երկրիցը, եւ ամբարիշտներն էլ չեն լինիլ. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Ալէլուիա։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896