A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Աշխատանք 35



1

  Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.

2

  Սա դու իրաւո՞ւնք ես համարում, որ ասում ես. Իմ արդարութիւնն աւելի է Աստուածանից։

3

  Որովհետեւ ասեցիր. Թէ Քեզ ի՞նչ օգուտ ունի, եւ ի՞նչ աւելի շահ կայ սորանից քան թէ մեղանչելուց.

4

  Ես քեզ խօսք կպատասխանեմ, եւ քո ընկերներին քեզ հետ։

5

  Նայիր երկնքին եւ տես, եւ դիտիր ամպերը որ քեզանից բարձր են.

6

  Եթէ դու մեղանչես, նորա դէմ ի՞նչ արած կլինիս. Եւ քո անօրէնութիւնները որ շատանան, նորան ի՞նչ կանես։

7

  Կամ եթէ արդար լինիս, ի՞նչ կտաս նորան. Կամ նա ի՞նչ կառնէ քո ձեռքիցը։

8

  Քեզ նման մարդին կներգործէ քո ամբարշտութիւնը, եւ մարդի զաւակին՝ քո արդարութիւնը։

9

  Հարստահարութիւնների շատութիւնից կաղաղակեն, կբողոքեն մեծամեծների բազուկիցը։

10

  Բայց մէկը չէ ասում. Ո՞ւր է ինձ ստեղծող Աստուածը, նա որ գիշերը երգեր է տալիս.

11

  Որ մեզ երկրի անասուններից աւելի գիտուն եւ երկնքի թռչուններից աւելի իմաստուն է անում։

12

  Այնտեղ աղաղակում են, բայց նա չէ պատասխանում՝ չարերի հպարտութեան պատճառով։

13

  Յիրաւի Աստուած ունայնութեան չի լսիլ, եւ Ամենակարողը նորան մտիկ չի անիլ։

14

  Թէպէտեւ դու ասում ես, թէ Նորան չես տեսնում. Սակայն դատաստան կայ նորա առաջին, յուսա Նորան։

15

  Բայց հիմա որ նորա բարկութիւնը մի չնչին բան է արել, եւ չէ իմացել շատ անօրէնութիւնը,

16

  Յոբը դարձեալ զուր տեղն է բանում իր բերանը. Առանց հասկացողութեան խօսքեր է շատացնում։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896