A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Էսթեր 7



1

  Եւ թագաւորը Համանի հետ խնջոյքի գնաց Եսթեր թագուհիի մօտ։

2

  Եւ թագաւորն ասեց Եսթերին երկրորդ օրն էլ գինին խմելիս. Ի՞նչ է, Եսթեր թագուհի, քո խնդիրքը, եւ պիտի տրուի քեզ. Եւ ի՞նչ է քո ուզածը, թէեւ մինչեւ թագաւորութեան կէսը, եւ պիտի կատարուի։

3

  Եւ Եսթեր թագուհին պատասխանեց եւ ասեց. Եթէ շնորհք եմ գտել քո աչքի առաջին, ով թագաւոր, եւ եթէ հաճելի է թագաւորին, թող իմ խնդիրքովն իմ անձը եւ իմ աղաչանքովն իմ ազգն ինձ տրուի։

4

  Որովհետեւ ես եւ իմ ազգը ծախուել ենք փչացնուելու, սպանուելու եւ կորչելու. Եթէ իբրեւ ծառաներ եւ աղախիններ ծախուէինք, կլռէի. Որովհետեւ թշնամին արժէք չունի թագաւորի վնասին չափ։

5

  Եւ Ասուերոս թագաւորը խօսեց, եւ Եսթեր թագուհիին ասեց. Ո՞վ է նա եւ ո՞ւր է նա որ համարձակուել է այդպէս անել։

6

  Եւ Եսթերն ասեց. Այն հակառակորդը եւ թշնամին այս չար Համանն է. Բայց Համանը դողում էր թագաւորի եւ թագուհիի առաջին։

7

  Եւ թագաւորը վեր կացաւ գինի խմելուց իր բարկութեամբը եւ գնաց պալատի պարտէզը. Բայց Համանը մնաց, որ իր անձի համար աղաչէ Եսթեր թագուհիին. Որովհետեւ տեսաւ որ թագաւորիցը չարիքը հասել էր իր վերայ։

8

  Եւ թագաւորը ետ դառաւ պալատի պարտէզից գինիի խնջոյքի սենեակը, եւ Համանն ընկել էր Եսթերի բազմոցի վերայ. Եւ թագաւորն ասեց. Մի՞թէ թագուհիին էլ բռնաբարէ ինձմօտ՝ պալատումը. Եւ խօսքը դուրս էր եկել թագաւորի բերանիցը, եւ իսկոյն ծածկեցին Համանի երեսը։

9

  Այն ժամանակ ասեց թագաւորի առաջին եղող ներքինիներից մէկը՝ Արբոնա. Ահա այն յիսուն կանգունանոց փայտն էլ, որ Համանը պատրաստել է Մուրթքէի համար որ բարի է խօսել թագաւորի մասին, Համանի տանը տնկուած է։ Եւ թագաւորն ասեց. Նորան կախեցէք նորա վերայ։

10

  Եւ Համանին կախեցին այն փայտի վերայ, որ նա պատրաստել էր Մուրթքէի համար. Եւ թագաւորի բարկութիւնն իջաւ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896