A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

2 քրոնիկները 25

1

  Ամասիան քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յովադան՝ Երուսաղէմացի։

2

  Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն ոչ կատարեալ սրտով։

3

  Եւ երբոր թագաւորութիւնը նորա վերայ հաստատուեցաւ, սպանեց իր թագաւոր հօրը զարկող ծառաներին։

4

  Բայց նորանց որդիներին չսպանեց, որովհետեւ Մովսէսի գրքումը՝ օրէնքումը գրուած է, որ Տէրը պատուիրում է ասելով թէ Հայրերը որդիների պատճառով, եւ որդիքը հայրերի պատճառով չմեռցնուին, այլ ամեն մարդ իր յանցանքի համար մեռնի։

5

  Եւ Ամասիան ժողովեց Յուդային եւ նորանց դրաւ ազգատոհմերի համեմատ հազարապետների եւ հարիւրապետների տակ՝ բոլոր Յուդային եւ Բենիամինին. Եւ նորանց համարեց քսան տարեկանից եւ վեր եղողներին, եւ նորանց գտաւ երեք հարիւր հազար ընտիր պատերազմի գնացող եւ նիզակ ու վահան կրող մարդ։

6

  Եւ Իսրայէլից հարիւր հազար քաջ զօրքեր վարձեց հարիւր տաղանդ արծաթով։

7

  Եւ մի Աստուծոյ մարդ եկաւ նորա մօտ եւ ասեց. Ով թագաւոր, Իսրայէլի զօրքը քեզ հետ չգնայ. Որովհետեւ Տէրը Իսրայէլի հետ չէ, այսինքն բոլոր Եփրեմի որդկանց հետ չէ։

8

  Այլ դու ինքդ գնա, գործիր, զօրացիր պատերազմում. Ապա թէ ոչ, Աստուած քեզ կկործանէ թշնամիի առաջին. Որովհետեւ Աստուած զօրաւոր է օգնելու եւ կործանելու։

9

  Եւ Ամասիան ասեց Աստուծոյ մարդին. Բայց այն հարիւր տաղանդը ի՞նչպէս անեմ, որ տուել եմ Իսրայէլի գունդերին։ Եւ Աստուծոյ մարդն ասեց. Տէրը կարող է քեզ նորանից աւելի տալ։

10

  Եւ Ամասիան ջոկեց Եփրեմից իր մօտ եկող գունդրեը, որ գնան իրանց տեղը. Բայց նորանց բարկութիւնը շատ բորբոքուեց Յուդայի դէմ, եւ ետ դառան իրանց տեղը բորբոքուած բարկութիւնով։

11

  Եւ Ամասիան ուժովացաւ, եւ իր զօրքը հանեց եւ գնաց Աղի ձորը, եւ կոտորեց Սէիրի որդիներից տասը հազար մարդ.

12

  Եւ տասը հազար կենդանի մարդկանց գերի արին Յուդայի որդիքը եւ տարին նորանց քարաժայռի գլուխը, եւ նորանց վայր գցեցին քարաժայռի գլխիցը, եւ նորանք ամենքն էլ կտոր կտոր եղան։

13

  Բայց այն գունդերի մարդիկը, որոնց Ամասիան ետ ուղարկեց, որ նորա հետ պատերազմի չգնան, Յուդայի քաղաքների վերայ յարձակուեցան Սամարիայից մինչեւ Բեթորոն, եւ նորանցից երեք հազար զարկեցին, եւ մեծ աւար արին։

14

  Եւ երբոր Ամասիան ետ էր դառել Եդովմացիներին ջարդելուցը, բերաւ Սէիրի որդկանց աստուածները եւ նորանց կանգնեցրեց իրան համար աստուածներ լինելու, եւ երկրպագութիւն էր անում եւ նորանց խունկ ծխում։

15

  Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ամասիայի դէմ եւ նորա մօտ մի մարգարէ ուղարկեց, եւ նա ասեց նորան. Ի՞նչու համար ես դու այն ազգի աստուածները խնդրում, որոնք չկարողացան իրանց ժողովուրդը ազատել քո ձեռքիցը։

16

  Եւ եղաւ որ նա այս բանը նորան խօսելիս, թագաւորն ասեց նորան. Մի՞թէ քեզ խորհրդական են դրել թագաւորին. Լռիր, որ քեզ չսպանեն։ Եւ մարգարէն լռեց, բայց ասեց. Գիտեմ որ Աստուած որոշել է որ քեզ փչացնէ, որովհետեւ այս բանն արիր եւ չլսեցիր իմ խրատին։

17

  Եւ Յուդայի Ամասիա թագաւորը խորհուրդ արաւ եւ մարդ ուղարկեց Յէուի որդի Յովաքազի որդի՝ Իսրայէլի թագաւոր Յովասի մօտ՝ ասելով. Եկ՝ մեկ իրար երես տեսնենք։

18

  Բայց Իսրայէլի Յովաս թագաւորը մարդ ուղարկեց Յուդայի Ամասիա թագաւորին ասելով. Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղեւնափայտին ասելով. Աղջիկդ իմ որդիին կին տուր. Բայց Լիբանանի վայրի գազանն անց կացաւ եւ կոխ տուաւ փուշին։

19

  Դու ասում ես. Ահա ես յաղթեցի Եդովմին, եւ քո սիրտը բարձրացել է հպարտութեամբ. Հիմա տանդ նստիր. Ի՞նչու համար ես գրգռվում չարութիւնով, որ ընկնես դու եւ Յուդան էլ քեզ հետ։

20

  Բայց Ամասիան չլսեց. Որովհետեւ Աստուածանից էր, որ նորան մատնէ թշնամիի ձեռքը, որովհետեւ խնդրել էին Եդովմի աստուածները։

21

  Եւ Իսրայէլի Յովաս թագաւորը վեր գնաց, եւ իրար երես տեսան, նաեւ Յուդայի Ամասիա թագաւորը Յուդայի Բեթսամիւսում։

22

  Բայց Յուդան յաղթուեցաւ Իսրայէլի առաջին, եւ ամեն մարդ փախաւ իր վրանը։

23

  Եւ Իսրայէլի Յովաս թագաւորը բռնեց Բեթսամիւսում Յովաքազի որդի Յովասի որդի՝ Յուդայի թագաւոր Ամասիային, եւ նորան տարաւ Երուսաղէմ, եւ քանդեց Երուսաղէմի պարիսպիցը Եփրեմի դռնից մինչեւ Անկեան դուռը չորս հարիւր կանգուն։

24

  Եւ բոլոր ոսկին եւ արծաթը եւ Աստուծոյ տանը գտնուած Աբդեդօմի մօտի բոլոր ամանները եւ թագաւորի տան գանձերը, եւ պատանդներ առաւ, եւ ետ դառաւ Սամարիա։

25

  Յուդայի թագաւորը՝ Յովասի որդի Ամասիան ապրեց Իսրայէլի թագաւոր Յովաքազի որդի Յովասի մեռնելուց յետոյ տասնեւհինգ տարի։

26

  Եւ Ամասիայի մնացորդ պատմութիւնը՝ առաջինները եւ վերջինները, ահա դորանք գրուած են Յուդայի եւ Իսրայէլի թագաւորների գրքումը։

27

  Եւ այն ժամանակից, որ Ամասիան խոտորուեց Տիրոջը հետեւելուց, նորա դէմ դաւաճանութիւն հնարեցին Երուսաղէմումը, եւ նա փախաւ Լաքիս, բայց նորա ետեւից մարդիկ ուղարկեցին Լաքիս, եւ նորան այնտեղ մեռցրին։

28

  Եւ նորան ձիերի վերայ բերին, եւ թաղեցին նորան իր հայրերի հետ Յուդայի մայրաքաղաքումը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896