A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

2 Թագավորներ 25



1

  Եւ իր թագաւորութեան իններորդ տարուայ տասներորդ ամսի տասնին եկաւ Բաբիլոնի թագաւորը՝ Նաբուգոդոնոսորն ինքը եւ իր բոլոր զօրքը Երուսաղէմի վերայ, եւ բանակ տուաւ նորա դէմ՝ պատնէշներ շինեց շուրջանակի։

2

  Եւ քաղաքը մտաւ պաշարման մէջ մինչեւ Սեդեկիա թագաւորի տասնեւմէկերորդ տարին։

3

  Եւ ամսի իննին սովը սաստկացաւ քաղաքումը, եւ հաց չկար երկրի ժողովրդի համար։

4

  Եւ քաղաքը խրամատուեցաւ. եւ բոլոր պատերազմողները փախան գիշերը դռան ճանապարհովը երկու պարիսպների միջովը, որ դէպի թագաւորի պարտէզն է. բայց Քաղդէացիք քաղաքը շրջապատել էին. եւ թագաւորը գնաց անապատի ճանապարհովը։

5

  Եւ Քաղդէացիների զօրքերն ընկան թագաւորի ետեւից եւ հասան նորան Երիքովի դաշտերումը, եւ նորա բոլոր զօրքը փախաւ նորա մօտիցը։

6

  Եւ բռնեցին թագաւորին եւ նորան վեր տարին Բաբիլոնի թագաւորի մօտ Ռեբղա. եւ նորա դատաստանն արին։

7

  Եւ Սեդեկիայի որդկանցը մորթեցին նորա աչքի առաջին, եւ Սեդեկիայի աչքերը կուրացրին, եւ պղնձի շղթաներով կապեցին եւ տարին նորան Բաբիլոն։

8

  Եւ Բաբիլոնի թագաւոր՝ Նաբուգոդոնոսոր թագաւորի տասնեւիններորդ տարուայ հինգերորդ ամսի եօթին եկաւ Բաբիլոնի թագաւորի ծառայ Նաբուզարդան դահճապետը Երուսաղէմ,

9

  Եւ այրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը եւ Երուսաղէմի բոլոր տուները եւ ամեն մի մեծ տուն այրեց կրակով։

10

  Եւ Քաղդէացիների բոլոր զօրքերը, որ դահճապետի հետ էին քանդեցին Երուսաղէմի պարիսպը շուրջանակի։

11

  Եւ քաղաքումը մնացած ժողովրդի մնացորդին եւ փախստականներին, որ անձնատուր եղան Բաբիլոնի թագաւորին եւ մնացած բազմութիւնը գերի տարաւ Նաբուզարդան դահճապետը։

12

  Բայց երկրի աղքատներիցը թողեց դահճապետը որ մնան իբրեւ այգեգործներ եւ երկրագործներ։

13

  Եւ Տիրոջ տան եղող պղնձի սիւները եւ մեքենովթները եւ պղնձի ծովը, որ Տիրոջ տանն էր, Քաղդէացիք կոտրատեցին եւ նորանց պղինձը տարին Բաբիլոն։

14

  Եւ թաղարները, թիակները եւ բազմակալները եւ տուփերը եւ բոլոր պղնձի անօթները, որոնցով պաշտօն էին կատարում, առան։

15

  Եւ բուրվառներն ու կոնքերը, որը ոսկի էր՝ ոսկին, եւ որը արծաթի էր՝ արծաթին առաւ դահճապետը։

16

  Այն սիւները՝ երկու, ծովը՝ մէկ եւ մեքենովթները որ Սողոմոնը շինել էր Տիրոջ տան համար, այս բոլոր անօթների պղնձին կշիռը չկար։

17

  Տասնեւութը կանգուն բարձր էր մէկ սիւնը. եւ նորա վերայ մի պղնձի խոյակ. եւ խոյակի բարձրութիւնը երեք կանգուն, եւ ցանցեր ու նռներ խոյակի վերայ շուրջանակի՝ բոլորը պղնձի. եւ սորանց նման էր միւս սիւնը ցանցերի նկատմամբ։

18

  Եւ դահճապետն առաւ առաջին քահանայ Սարայիային եւ երկրորդ քահանայ Սոփոնիային եւ երեք դռնապաններին.

19

  Եւ քաղաքիցը մի ներքինի առաւ, որ պատերազմող մարդկանց վերակացու էր, եւ հինգ մարդ թագաւորի առաջին կանգնողներից, որ գտնվում էին քաղաքումը, եւ դպրապետ զօրագլուխը որ երկրի ժողովրդին զինուորագրողն էր եւ երկրի ժողովրդից, որ գտնվում էին քաղաքում, վաթսուն մարդ,

20

  Եւ առաւ նորանց Նաբուզարդան դահճապետը եւ ուղարկեց նորանց Ռեբղա Բաբիլոնի թագաւորի մօտ։

21

  Եւ Բաբիլոնի թագաւորը զարկեց ու սպանեց նորանց Եմաթի երկրումը Ռեբղայում։ Եւ Յուդայեանք գերի գնացին իրանց երկրիցը։

22

  Եւ այն ժողովրդի վերայ, որ մնացել էր Յուդայի երկրումը, որին թողել էր Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, նշանակեց Սափանեան Աքիկամի որդի Գոդողիային։

23

  Եւ զօրաց բոլոր իշխանները եւ նորանց մարդիկը երբոր լսեցին, որ Բաբիլոնի թագաւորը Գոդողիային իշխան նշանակեց, եկան Մասփա Գոդողիայի մօտ՝ այսինքն Նաթանիայի որդի Իսմայէլը, Կարէի որդի Յօհանանը, եւ Թանհումեթի որդի Նետոփաթացի Սարայիան, եւ Մաքաթիի որդի Յեզոնիան, նորանք եւ նորանց մարդիկը։

24

  Եւ Գոդողիան երդում արաւ նորանց եւ նորանց մարդկանցը եւ ասեց նորանց. Մի վախենաք Քաղդէացիներին ծառաներ լինելուց. կացէք այս երկրումը եւ ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ ձեզ համար լաւ կլինի։

25

  Եւ եօթներորդ ամիսը եղաւ, որ եկաւ թագաւորազն Եղիսամայի որդիի Նաթանիայի որդի Իսմայէլը եւ տասը մարդ իր հետը եւ զարկեցին Գոդողիային, եւ նա մեռաւ. նոյնպէս էլ այն Հրէաներին եւ Քաղդէացիներին, որ նորա հետ Մասփայումն էին։

26

  Եւ բոլոր ժողովուրդը մեծից մինչեւ փոքրը եւ զօրաց իշխանները վեր կացան գնացին Եգիպտոս, որովհետեւ վախեցան Քաղդէացիների երեսիցը։

27

  Եւ եղաւ Յուդայի թագաւոր Յովաքինի գերութեան երեսունեւեօթներորդ տարուայ տասնեւերկուերորդ ամսի քսանեւեօթին Բաբիլոնի Իլմարովդաք թագաւորը իր թագաւոր եղած տարին բարձրացրեց Յուդայի Յովաքին թագաւորի գլուխը՝ նորան բանտից հանելով։

28

  Եւ նորա հետ քաղցրութեամբ խօսեց, եւ նորա աթոռը դրաւ այն թագաւորների աթոռից վեր, որ նորա հետ Բաբիլոնումն էին։

29

  Եւ նորա բանտի հանդերձները փոխեց, եւ միշտ նորա առաջին էր հաց ուտում իր կեանքի բոլոր օրերումը։

30

  Եւ նորա ռոճիկը մշտական ռոճիկ լինելով թագաւորի կողմանէ օր ըստ օրէ տրվում էր նորան՝ նորա կեանքի բոլոր օրերումը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896