A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

2 Թագավորներ 2



1

  Եւ եղաւ որ Տէրը Եղիային մրրիկով երկինքը վեր բարձրացնելու ժամանակին, Եղիան եւ Եղիսէն գնացին Գաղգաղայից։

2

  Եւ Եղիան ասեց Եղիսէին. Դու այստեղ մնա, որովհետեւ Տէրն ինձ մինչեւ Բեթէլ է ուղարկել. եւ Եղիսէն ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. եւ գնացին Բեթէլ։

3

  Եւ Բեթէլումն եղող մարգարէների որդիքը դուրս եկան Եղիսէի մօտ եւ նորան ասեցին, Գիտե՞ս արդեօք որ այսօր Տէրը վեր է առնելու քո տիրոջը գլխիցդ. եւ նա ասեց. Ես էլ գիտեմ, լռեցէք։

4

  Եւ Եղիան ասեց նորան. Այստեղ մնա, Եղիսէ, որովհետեւ Տէրն ինձ Երիքով է ուղարկել. եւ նա ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. եւ գնացին Երիքով։

5

  Եւ Երիքովումը լինող մարգարէների որդիքը մօտեցան Եղիսէին եւ ասեցին նորան. Գիտե՞ս արդեօք որ այսօր Տէրը վեր է առնելու քո տիրոջը գլխիցդ. եւ նա ասեց. Ես էլ գիտեմ, լռեցէք։

6

  Եւ Եղիան ասեց նորան. Այստեղ մնա, որովհետեւ Տէրն ինձ Յորդանան է ուղարկել. եւ նա ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. եւ երկուսն էլ գնացին։

7

  Եւ մարգարէների որդկանցից յիսուն մարդ գնացին եւ հեռուանց կանգնեցին դիմացը. իսկ նորանք երկուսը կանգնել էին Յորդանանի մօտ։

8

  Եւ Եղիան առաւ իր վերարկուն, ծալեց եւ զարկեց ջրին, եւ ջուրը բաժանուեց այս կողմը եւ այն կողմը. եւ երկուսն էլ անցան ցամաքով։

9

  Եւ եղաւ երբոր նորանք անցնում էին, Եղիան ասեց Եղիսէին. Խնդրիր՝ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնուած։ Եւ Եղիսէն ասեց. Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վերայ։

10

  Եւ նա ասեց. Դժուար բան խնդրեցիր. եթէ ես քեզանից վեր առնուելիս դու ինձ տեսար, քեզ կլինի այնպէս. բայց եթէ ոչ, չի լինիլ։

11

  Եւ եղաւ երբոր նորանք գնում էին եւ գնալով խօսում էին, ահա մի հրեղէն կառք եւ հրեղէն ձիանք, որ նորանց երկուսին բաժանեցին. եւ Եղիան մրրիկով վեր ելաւ երկինքը։

12

  Իսկ Եղիսէն մտիկ էր տալիս եւ կանչում. Հայր իմ, հայր իմ, Իսրայէլի կառքը եւ նորա ձիաւորները. եւ նորան այլ եւս չտեսաւ, եւ բռնեց նորա հանդերձներիցը եւ պատառեց նորանց երկու պատառ արաւ։

13

  Եւ վեր առաւ Եղիայի վերարկուն որ ընկել էր նորա վերայից, եւ ետ դառաւ ու կանգնեց Յորդանանի ափին։

14

  Եւ առաւ Եղիայի վերարկուն, որ ընկել էր նորա վերայից եւ զարկեց ջրին ու ասեց. Ո՞ւր է Եղիայի Տէր Աստուածը՝ նա ինքը. եւ զարկեց ջրին, եւ ջրերը բաժանուեցան այս կողմը եւ այն կողմը, եւ Եղիսէն անց կացաւ։

15

  Եւ նորան տեսնում էին մարգարէների որդիքը, որ դիմացը՝ Երիքովումն էին, եւ ասում էին. Եղիայի ոգին հանգչել է Եղիսէի վերայ. եւ եկան նորան դիմաւորելու եւ խոնարհութիւն արին նորա առաջին մինչեւ գետինը.

16

  Եւ ասեցին նորան. Ահա ծառաներիդ հետ յիսուն զօրաւոր մարդիկ կան, թող գնան եւ որոնեն քո տիրոջը, գուցէ Տիրոջ հոգին նորան վեր է առել եւ մէկ սարի վերայ կամ հովիտների մէկի մէջ գցել. եւ նա ասեց. Մի ուղարկէք։

17

  Եւ նորանք բռնադատեցին նորան մինչեւ որ ամաչեց եւ ասեց. Ուղարկեցէք. եւ նորանք յիսուն մարդ ուղարկեցին, եւ նորանք որոնեցին երեք օր, բայց նորան չգտան.

18

  Եւ ետ դառան նորա մօտ, եւ նա նստած էր Երիքով, եւ նորանց ասեց. Ես ձեզ չասեցի՞ թէ Մի գնաք։

19

  Եւ այն քաղաքի մարդիկն ասեցին Եղիսէին. Ահա քաղաքիս դիրքը լաւ է ինչպէս որ տէրս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրը՝ անպտուղ։

20

  Եւ նա ասեց. Ինձ մի նոր կուժ բերէք եւ մէջը աղ դրէք. եւ բերին նորա մօտ։

21

  Եւ նա գնաց ջուրերի աղբիւրի մօտ եւ աղ գցեց այնտեղ, եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Ես բժշկեցի այս ջուրերը. այսուհետեւ այդտեղից այլ եւս մահ եւ անպտղութիւն չլինի։

22

  Եւ այն ջուրերը բժշկուեցան մինչեւ այսօր՝ Եղիսէի խօսած խօսքին պէս։

23

  Եւ նա այնտեղից գնաց Բեթէլ. եւ նա ճանապարհովը վեր էր գնում եւ փոքր տղերք դուրս եկան քաղաքիցը եւ ծաղր անելով ասում էին նորան. Վեր եկ, կնդակ, վեր եկ, կնդակ։

24

  Եւ նա ետ դառաւ, եւ նորանց տեսաւ եւ անիծեց նորանց Տիրոջ անունովը. եւ անտառիցն երկու արջ դուրս եկան եւ նորանցից քառասունեւերկու երեխայ պատառեցին։

25

  Եւ այնտեղից գնաց Կարմեղոս սարը, եւ այնտեղից ետ եկաւ Սամարիա։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896