A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Փետրվար 9


Ելից 29:1-46
1. Եւ սա է այն բանը որ նորանց պիտի անես, որ նորանց սրբես ինձ համար քահանայ լինելու. արջառներից մէկ զուարակ եւ երկու անարատ խոյ առ,
2. Եւ անխմոր հաց՝ եւ իւղով զանգուած անխմոր շօթեր՝ եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ. ցորենի բարակ ալիւրից շինես սորանց։
3. Եւ մի սակառի մէջ դնես եւ մատուցանես նորանց սակառի մէջ, եւ զուարակն ու երկու խոյերը։
4. Եւ Ահարօնին եւ նորա որդիներին ժողովքի խորանին դրանը մօտեցնես, եւ նորանց ջրով լուանաս։
5. Եւ զգեստները առնես եւ հագցնես Ահարօնին շապիկը եւ եփուդի պատմուճանը եւ եփուդը եւ լանջապանակը. եւ եփուդի ժապաւէնովը գօտեւորես նորան։
6. Եւ խոյրը նորա գլխին դնես, եւ խոյրի վերայ սուրբ պսակը դնես։
7. Եւ օծման իւղը առնես. եւ նորա գլխի վերայ թափես եւ օծես նորան։
8. Եւ նորա որդիները մօտեցնես, եւ նորանց շապիկներ հագցնես.
9. Եւ գօտիներով գօտեւորես նորանց՝ այսինքն Ահարօնին եւ նորա որդիներին, եւ նորանց գլխներին ապարօշներ փաթաթես. եւ քահանայութիւնը նորանցը լինի յաւիտենական կանոնով։ Եւ այսպէս լցրու Ահարօնի ձեռքը եւ նորա որդիների ձեռքը։
10. Եւ զուարակը ժողովքի խորանի առաջին մօտեցնես, եւ Ահարօնը եւ նորա որդիներն իրանց ձեռքը զուարակի գլխին դնեն։
11. Եւ մորթես զուարակը ժողովքի խորանի դրանը Եհովայի առաջին։
12. Եւ զուարակի արիւնիցն առնես եւ մատովդ սեղանի եղջիւրներին քսես. եւ մնացած բոլոր արիւնը սեղանի տակին թափես։
13. Եւ առնես այն բոլոր ճարպը, որ ծածկում է փորոտիքը եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի եղած ճարպը եւ սեղանի վերայ այրես։
14. Բայց զուարակի միսը, եւ նորա մորթը՝ եւ նորա աղբը բանակիցը դուրս կրակով այրես. մեղքի պատարագ է սա։
15. Եւ խոյերի մէկն առնես, եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն։
16. Եւ այն խոյը մորթես, եւ նորա արիւնն առնես, եւ սեղանի վերայ շուրջանակի սրսկես։
17. Եւ խոյը կտոր կտոր անես, եւ լուանաս նորա փորոտիքը եւ նորա ոտքերը, եւ նորանց նորա կտորների եւ գլխի վերայ դնես։
18. Եւ բոլոր խոյը այրես սեղանի վերայ. սա ողջակէզ է Եհովայի համար. անուշահոտ պատարագ է Եհովային։
19. Եւ միւս խոյն առնես. եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն։
20. Եւ խոյը մորթես, եւ նորա արիւնիցն առնես, եւ քսես Ահարօնի աջ ականջի բլթակին՝ եւ նորա որդկանց աջ ականջների բլթակին եւ նորանց աջ ձեռքի մեծ մատին եւ նորանց աջ ոտքի մեծ մատին, եւ մնացած արիւնը սեղանի վերայ շուրջանակի սրսկես։
21. Եւ սեղանի վերայ եղած արիւնիցը եւ օծման իւղիցն առնես, եւ Ահարօնի վերայ եւ նորա զգեստների վերայ եւ նորա հետ իր որդիների վերայ՝ եւ իր որդիների զգեստների վերայ սրսկես. եւ նա ու նորա զգեստները եւ նորա հետ իր որդիները եւ իր որդիների զգեստները սուրբ կլինին։
22. Եւ խոյիցն առնես ճարպը եւ դմակը՝ եւ փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի ճարպը, եւ աջ զիստը, (որովհետեւ սա ձեռք լցնելու խոյն է.)
23. Եւ մէկ պան հացի եւ մէկ իւղով հացի շօթ եւ մէկ լաւաշ առնես այն անխմոր հացի սակառիցը որ Եհովայի առաջին է,
24. Եւ ամենը Ահարօնի ձեռքին եւ նորա որդիների ձեռքին դնես, եւ նորանց Եհովայի առաջին երերացնելու ընծայ երերացնես։
25. Եւ նորանց ձեռքիցն առնես նորանց եւ սեղանի վերայի ողջակէզի վերայ այրես Եհովայի առաջին անոյշ հոտի համար. սա պատարագ է Եհովային։
26. Եւ Ահարօնի ձեռքը լցնելու խոյիցը՝ երբուծն առնես, եւ նորան Եհովայի առաջին երերացնելու ընծայ մատուցանես. եւ դա քո բաժինը լինի։
27. Եւ Ահարօնի համար եւ նորա որդիների համար ձեռք լցնելու խոյիցը երերացնելու երբուծը եւ բարձրացնելու զիստը սրբես։
28. Եւ յաւիտենական կանոն դառնայ Ահարօնի եւ նորա որդիների համար Իսրայէլի որդիների կողմանէ. որովհետեւ սա բարձրացնելու ընծայ է, եւ բարձրացնելու ընծայ պիտի լինի Իսրայէլի որդիների կողմանէ իրանց խաղաղութեան զոհերիցը բուն իրանց բարձրացնելու ընծան Եհովայի համար։
29. Եւ Ահարօնի սուրբ զգեստները իրանից յետոյ իր որդիներին լինին՝ նորանցով օծուելու եւ նորանցով ձեռք լցուելու համար։
30. Եօթը օր հագնէ նորանց իր որդիներից իր փոխարէնը լինող քահանան, որ սրբարանի մէջ պաշտօն կատարելու համար ժողովքի խորանը կմտնէ։
31. Եւ ձեռք լցնելու խոյը առնես՝ եւ նորա միսը եփես սուրբ տեղ։
32. Եւ Ահարօնը եւ նորա որդիքը ժողովքի խորանի դրանը ուտեն խոյի միսը՝ եւ սակառի միջի հացը։
33. Եւ նորանք ուտեն այն բաները՝ որ իրանց ձեռք լցնելու ու սրբուելու համար նորանցով քաւութիւն եղաւ, եւ օտարական պիտի չուտէ. որովհետեւ նորանք սուրբ են։
34. Եւ եթէ ձեռք լցնելու մսիցը եւ հացիցը մինչեւ առաւօտը մնայ, այս աւելացածը կրակով այրես. նա պիտի չուտուի, որովհետեւ սուրբ է։
35. Եւ Ահարօնին եւ նորա որդիներին այսպէս անես, ինչպէս որ բոլորը քեզ պատուիրել եմ. եօթը օրուան մէջ նորանց ձեռքերը լցնես։
36. Եւ օրը մէկ զուարակ մեղքի պատարագ անես քաւութեան համար. եւ սեղանի համար քաւութիւն անես նորան մաքրելով եւ նորան օծես սրբելու համար։
37. Եօթը օր քաւութիւն անես սեղանի համար, եւ նորան սրբես, որ սեղանը ամենասուրբ լինի. ամեն ինչ որ սեղանին դպչի՝ սուրբ պիտի լինի։
38. Եւ սա է որ սեղանի վերայ պիտի անես. միշտ ամեն օր մէկ տարեկան երկու գառ.
39. Մէկ գառը առաւօտանց մատուցանես, եւ միւս գառը իրիկուայ դէմ մատուցանես։
40. Եւ մէկ տասանորդ բարակ ալիւր հիմենի քառորդ ծեծուած ձէթով զանգուած, եւ մէկ հիմենի քառորդ գինի թափելու նուէր մատուցանես մէկ գառի հետ։
41. Եւ միւս գառը իրիկուայ դէմ զոհես. առաւօտեան հացի ընծայի պէս՝ եւ նորա թափելու նուէրի պէս անես նորան՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։
42. Սա ձեր ազգերի մէջ մշտնջենաւոր ողջակէզ լինի Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը, ուր ձեզ կհանդիպեմ՝ քեզ հետ խօսելու։
43. Եւ այնտեղ կհանդիպեմ Իսրայէլի որդիներին, եւ խորանը իմ փառքովը սուրբ կլինի։
44. Եւ ժողովքի խորանն ու սեղանը կսրբեմ. Ահարօնին եւ նորա որդիներին էլ կսրբեմ, որ ինձ քահանայութիւն անեն։
45. Եւ Իսրայէլի որդիների մէջ կբնակուեմ, եւ նորանց Աստուած կլինիմ։
46. Եւ կգիտենան, թէ ես եմ նորանց Եհովայ Աստուածը, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի նորանց, որ նորանց մէջ բնակուեմ ես նորանց Եհովայ Աստուածը։

Ելից 30:1-38
1. Եւ խունկ ծխելու սեղան շինես. Սատիմի փայտից շինես նորան։
2. Նորա երկայնութիւնը մէկ կանգուն եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն. քառակուսի լինի, եւ նորա բարձրութիւնը երկու կանգուն. նորա եղջիւրները իրանից լինին։
3. Եւ նորան մաքուր ոսկով պատես՝ նորա մակարդակը՝ նորա պատերը շուրջանակի՝ եւ նորա եղջիւրները, եւ շուրջանակի ոսկի պսակ շինես նորա համար։
4. Եւ նորա համար երկու ոսկի օղակներ շինես. պսակի տակիցը նորա երկու կողքերին երկու կողմերի վերայ շինես, որ նորանցով նորա վեր առնելու համար ձողերի անցկացնելու տեղերը լինին։
5. Եւ ձողերը Սատիմի փայտից շինես, եւ նորանց ոսկով պատես,
6. Եւ նորան դնես այն վարագոյրի առաջին, որ վկայութեան տապանակի դէմ է վկայութեան վերայի քաւութիւնի դիմացը այնտեղ ուր ես քեզ կհանդիպեմ։
7. Եւ Ահարօնը նորա վերայ անուշահոտ խունկ ծխէ. ամեն առաւօտ ճրագները պատրաստելիս խունկ ծխէ։
8. Եւ Ահարօնը իրիկուայ դէմ ճրագները վառելիս խունկ ծխէ, որ Եհովայի առաջին մշտնջենաւոր խունկ լինի ձեր ազգերի մէջ։
9. Նորա վերայ օտար խունկ, կամ ողջակէզ, կամ հացի ընծայ չմատուցանէք, ոչ էլ նորա վերայ նուէր թափէք։
10. Եւ Ահարօնը տարին մէկ անգամ նորա եղջիւրների վերայ քաւութիւն անէ, քաւութիւնների մեղքի պատարագի արիւնովը տարին մէկ անգամ նորա վերայ քաւութիւն անէ ձեր ազգերի մէջ. սա ամենասուրբ է Եհովայի համար։
11. Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
12. Երբոր Իսրայէլի որդիների գումարը առնելու լինես՝ իրանց թիւին նայելով, այն ժամանակ նորանց ամեն մէկն իր անձի փրկանքը տայ Եհովային՝ դու նորանց հաշուելիս, որ նորանց մէջ հարուած չլինի նորանց հաշուելիս։
13. Այս պիտի տան՝ հաշուի տակ ամեն մէկ անցնողը կէս սիկղ արծաթ սրբարանի սիկղի համեմատ. մէկ սիկղը քսան կերատ է. Եհովայի ընծան կէս սիկղ լինի։
14. Ամեն հաշուի տակ անցնող քսան տարեկանը եւ էլ աւելին տայ Եհովայի ընծան։
15. Ոչ հարուստը աւելի՝ եւ ոչ աղքատը պակաս պիտի տայ կէս սիկղից ձեր անձերի համար քաւութիւն անելու համար Եհովային ընծայ տալիս։
16. Եւ առնես Իսրայէլի որդիներից քաւութեան արծաթը եւ ժողովքի խորանի պաշտօնին տաս այն, որ Եհովայի առաջին յիշատակ լինի Իսրայէլի որդիներին՝ ձեր անձերին քաւութիւն անելու համար։
17. Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
18. Նաեւ մի պղնձի աւազան շինես լուացման համար, եւ նորա խարիսխն էլ պղնձի լինի. եւ ժողովքի խորանի եւ սեղանի մէջտեղը դնես այն, եւ նորա մէջը ջուր լցնես։
19. Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերն ու ոտքերը լուանան նորանից։
20. Ժողովքի խորանը մտնելիս ջրով լուացուին որ չմեռնեն՝ կամ սեղանին մօտենալիս, որ պաշտօն կատարեն և կրակով Եհովային զոհ մատուցանեն։
21. Այսպէս իրանց ձեռքերն ու ոտքերը լուանան որ չմեռնեն. եւ սա իրանց համար յաւիտենական կանոն լինի, թէ իր համար եւ թէ իր սերունդի համար իրանց ազգերի մէջ։
22. Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
23. Առ քեզ մօտ գլխաւոր համեմներ, զուտ զմուռս հինգ հարիւր սիկղ, եւ նորա կէսի չափ՝ այսինքն երկու հարիւր յիսուն սիկղ անուշահոտ կինամոն, եւ երկու հարիւր յիսուն սիկղ անուշահոտ խունկեղէգն,
24. Եւ հինգ հարիւր սիկղ կասիայ սրբարանի սիկղի համեմատ, եւ մէկ հիմէն ձէթի իւղ.
25. Եւ սուրբ օծման իւղ շինես այն՝ իւղագործի արհեստով բաղադրուած. նա սուրբ օծման իւղ լինի։
26. Եւ նորանով օծես ժողովքի խորանը. վկայութեան տապանակը,
27. Եւ սեղանը ու նորա ամեն անօթները. եւ աշտանակը եւ նորա գործիքները. եւ խունկի սեղանը,
28. Եւ ողջակէզի սեղանը իր ամեն գործիքների հետ մէկ տեղ, եւ աւազանը եւ նորա խարիսխը։
29. Եւ սրբես նորանց, որ ամենասուրբ լինին. ինչ որ նորանց դպչէ՝ սուրբ պիտի լինի։
30. Եւ Ահարօնին եւ նորա որդիներին օծես, եւ սուրբ անես նորանց որ ինձ համար քահանայութիւն անեն։
31. Եւ Իսրայէլի որդիների հետ խօսես՝ ասելով. Սա ինձ համար սուրբ օծման իւղ պիտի լինի ձեր ազգերի մէջ։
32. Մարդի մարմնի վերայ պիտի չթափուի նա, եւ նորա բաղադրութեան պէս նորա նմանը չշինէք. սա սուրբ է, ձեզ համար էլ սուրբ պիտի լինի։
33. Ով որ նորա նմանը շինէ, կամ ով որ նորանից օտարականի վերայ դնէ, իր ժողովրդիցը պիտի կորչէ։
34. Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առ քեզ համար անուշահոտ համեմներ, այսինքն ստաշխն ու եղունգն եւ քաղբան, այս անուշահոտ համեմները եւ մաքուր կնդրուկ. ամենը հաւասար կշռով լինին։
35. Եւ նորանց իւղագործի արհեստով բաղադրեալ խունկ շինես աղուած՝ մաքուր՝ սուրբ։
36. Եւ նորանցից մի քիչ ծեծես շատ բարակ, եւ դնես ժողովքի խորանի մէջ վկայութեանը առաջին, ուր ես քեզ կհանդիպեմ. նա ձեզ համար ամենասուրբ լինի։
37. Եւ այն խունկը, որ շինելու ես իրան բաղադրութեան համեմատ, դուք ձեզ համար չշինէք. նա քեզ համար սուրբ պիտի լինի Եհովայի համար։
38. Ով որ հոտոտելու համար նորա նմանը շինելու լինի, նա իր ժողովրդիցը պիտի կորչէ։

Սաղմոսներ 20:6-9
6. Հիմա իմացայ, որ Տէրը փրկում է իր օծեալին, եւ լսում է նորան իր սուրբ երկնքիցը՝ նորա աջի փրկութեան զօրութիւնովը։
7. Ոմանք կառքերով եւ ոմանք ձիերով են պարծենում. բայց մենք մեր Տէր Աստուծոյ անունը կյիշենք։
8. Նորանք թեքուեցան եւ վայր ընկան. բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք։
9. Տէր, ապրեցրու թագաւորին, եւ լսիր մեզ մեր կանչելու օրը։

Առակներ 6:6-23
6. Գնա մրջիւնին մօտ, ով ծոյլ, նորա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր.
7. Որ իշխան, ոստիկան եւ տիրող չունի.
8. Բայց իր կերակուրը պատրաստում է ամառը, եւ իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում։
9. Մինչեւ ե՞րբ ես պառկելու, ով ծոյլ, ե՞րբ ես զարթնելու քնիցդ։
10. Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի դնել պառկել.
11. Այն ժամանակ քո աղքատութիւնը ճանապարհորդի պէս կգայ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։
12. Անպիտան մարդը՝ անօրէն մարդը ծուռ բերանով է ման գալիս,
13. Նա ակնարկում է աչքերովը, ոտներովը խօսում է, մատներովը՝ բան սովորեցնում.
14. Նենգութիւն կայ նորա սրտումը, նա միշտ չարութիւն է հնարում, կռիւներ տարածում։
15. Սորա համար յանկարծ կգայ նորա կորուստը, նա յանկարծ պիտի կոտրուի, եւ ողջութիւն պիտի չգտնէ։
16. Վեց բան կայ որ տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին.
17. Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր.
18. Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր.
19. Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող։
20. Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր։
21. Նորանց միշտ կապիր քո սրտի վերայ, քո վզին փաթաթիր նորանց։
22. Թող գնալու ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խօսակցեն։
23. Որովհետեւ պատուիրանքը ճրագ է եւ օրէնքը՝ լոյս, եւ խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարը։

Մատթեոս 25:1-30
1. Այն ժամանակ կնմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։
2. Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։
3. Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չառան իրանց հետ։
4. Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։
5. Եւ երբոր փեսան ուշացաւ, ամենքը թմրեցան եւ քնեցին։
6. Եւ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. դուրս եկէք նորան դիմաւորելու։
7. Այն ժամանակ ամեն կոյսերը վեր կացան եւ իրանց լապտերները պատրաստեցին։
8. Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։
9. Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Միգուցէ մեզ ու ձեզ բաւական չլինի. բայց աւելի լաւ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար։
10. Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։
11. Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։
12. Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ։
13. Արդ՝ արթուն կացէք. որովհետեւ չգիտէք ոչ օրը եւ ոչ ժամը, [որ նորանում մարդի Որդին կգայ։]
14. Որովհետեւ ինչպէս մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց, եւ իր ունեցածը նորանց յանձնեց։
15. Եւ մէկին հինգ քանքար տուաւ, եւ միւսին՝ երկու, եւ միւսին՝ մէկ, իւրաքանչիւրին իր կարողութեան չափ, եւ շուտով գնաց։
16. Եւ այն հինգ քանքար առնողը գնաց նորանցով բան արաւ եւ ուրիշ հինգ քանքար էլ շահեց։
17. Այնպէս էլ նա՝ որ երկուսն առաւ, ուրիշ երկուսն էլ շահեց։
18. Իսկ այն մէկն առնողը գնաց՝ գետինը փորեց՝ եւ իր տիրոջ արծաթը թաքցրեց։
19. Եւ շատ ժամանակից յետոյ գալիս է այն ծառաների տէրը եւ նորանցից հաշիւ առնում։
20. Եւ այն հինգ քանքար առնողը մօտ եկաւ. ուրիշ հինգ քանքար էլ առաջ բերաւ եւ ասեց. Տէր, ինձ հինգ քանքար տուիր, տես, ուրիշ հինգ քանքար էլ շահեցի նորանց վերայ։
21. Նորա տէրն էլ ասեց նորան. Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը։
22. Եւ այն երկու քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէր, ինձ երկու քանքար տուիր. տես, երկու ուրիշ քանքար էլ շահեցի նորանց վերայ։
23. Նորա տէրը նորան ասեց. Լա՛ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ. քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը։
24. Եւ այն մէկ քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէ՛ր, ես ճանաչում էի քեզ, որ դու մի պինդ մարդ ես. հնձում ես ուր որ չսերմեցիր, եւ հաւաքում ես, ուր որ չփռեցիր։
25. Եւ վախենալով գնացի՝ թաքցրի քո քանքարը գետնի մէջ. ահա քոնը առ։
26. Նորա տէրն էլ պատասխանեց եւ ասեց նորան. Չար եւ ծոյլ ծառայ, գիտէիր որ ես հնձում եմ ուր որ չսերմեցի, եւ հաւաքում եմ ուր որ չփռեցի։
27. Ուրեմն պետք էր որ իմ արծաթը սեղանաւորներին տայիր՝ եւ ես կգայի տոկոսով կառնէի իմը։
28. Արդ՝ առէք դորանից քանքարը, եւ տուէք տասը քանքարն ունեցողին։
29. Որովհետեւ ամեն ով որ ունի՝ նորան կտրուի եւ կաւելանայ, բայց նա որ չունի՝ նորանից այն ունեցածն էլ վեր կառնուի։
30. Եւ այն անպիտան ծառային հանեցէք դրսի խաւարը, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։