A A A A A

Bible in one year

February 7

Ելից 25:1-40
1. Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
2. Խօսիր Իսրայէլի որդիների հետ, որ ինձ ընծայ բերեն. ամեն մարդից որ սիրտը յօժար է, առէք իմ ընծան։
3. Եւ այս է այն ընծան որ նորանցից պիտի առնէք. ոսկի եւ արծաթ եւ պղինձ,
4. Եւ կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան՝ եւ այծի մազ,
5. Եւ կարմիր ներկուած խոյի մորթեր, եւ թէհաշի մորթեր, եւ Սատիմի փայտեր,
6. Լոյսի համար իւղ՝ օծման իւղի համար եւ անուշահոտ խունկի համար համեմներ,
7. Եղնգնաքարեր՝ եւ եփուդի եւ լանջապանակի վերայ անցնելու քարեր։
8. Եւ ինձ համար մի {*} սրբարան շինեն՝ որ իրանց մէջ բնակուեմ։
9. Բոլոր ինչպէս որ քեզ ցոյց տուի խորանի օրինակը եւ նորա բոլոր կարասիքի օրինակը՝ այնպէս պիտի շինէք։
10. Եւ Սատիմի փայտից մի տապանակ շինեն, նորա երկայնութիւնը երկու կանգուն ու կէս, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն ու կէս, եւ նորա բարձրութիւնը մէկ կանգուն ու կէս։
11. Եւ մաքուր ոսկով պատես նորան՝ ներսիցը ու դուրսիցը պատես նորան, եւ նորա վերայ շուրջանակի մի ոսկի շրջանակ շինես։
12. Եւ նորա համար չորս ոսկի օղակ ձուլես, եւ նորա չորս անկիւններին դնես, որ նորա մէկ կողմին երկու օղակ եւ միւս կողմին երկու օղակ լինի։
13. Եւ Սատիմի փայտից ձողեր շինես, եւ նորանց ոսկով պատես։
14. Եւ ձողերը տապանակի կողքերին եղած օղակներին անցկացնես, որ տապանակը նորանցով վեր առնուի։
15. Ձողերը տապանակի օղակների մէջ լինին. նորանից չհանուին։
16. Եւ տապանակի մէջ դնես այն վկայութիւնը, որ ես քեզ պիտի տամ։
17. Եւ մաքուր ոսկուց մի քաւութիւն շինես. նորա երկայնութիւնը երկու կանգուն ու կէս, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն ու կէս։
18. Եւ երկու ոսկի քերովբէներ շինես քաւութիւնի երկու ծայրի վերայ, կռածոյ շինես նորանց.
19. Եւ մէկ քերովբէն այս ծայրին եւ միւս քերովբէն այն ծայրին շինես. քերովբէները քաւութիւնիցը պիտի շինես նորա երկու ծայրերի վերայ։
20. Եւ քերովբէները տարածում լինին թեւերը վերեւիցը՝ իրանց թեւերովը քաւութիւնը ծածկելով. եւ նորանց երեսները դէպի իրար լինին. քերովբէների երեսները դէպի քաւութիւնը լինին։
21. Եւ քաւութիւնը տապանակի վերայ պիտի դնես վերեւիցը եւ տապանակի մէջ դնես այն վկայութիւնը՝ որ քեզ կտամ։
22. Եւ ես կհանդիպեմ այն տեղ եւ կխօսեմ քեզ հետ, քաւութեան վերայիցը վկայութեան տապանակի վերայ եղած երկու քերովբէների մէջտեղիցն ամեն ինչ որ պիտի պատուիրեմ քեզ Իսրայէլի որդիների համար։
23. Եւ Սատիմի փայտից մի սեղան շինես. նորա երկայնութիւնը երկու կանգուն, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն, եւ նորա բարձրութիւնը մէկ կանգուն ու կէս պիտի լինի։
24. Եւ մաքուր ոսկով պատես. եւ նորա շուրջը մի ոսկի շրջանակ շինես։
25. Եւ նորան շուրջանակի մէկ թիզ ոլորտ շինես. եւ ոլորտին շուրջանակի մի ոսկի շրջանակ շինես։
26. Եւ նորան չորս ոսկի օղակ շինես, եւ այն օղակները դնես անկիւնին նորա չորս ոտքի մօտ։
27. Օղակները կցուած պիտի լինին ոլորտին իբրեւ ձողերի տեղեր որ սեղանը վեր առնուի։
28. Եւ ձողերը Սատիմի փայտից շինես, եւ նորանց ոսկով պատես. եւ սեղանը նորանցով պիտի վեր առնուի։
29. Եւ շինիր նորա սկուտեղները եւ նորա խնկամանները եւ բաժակները ու սկաւառակները, որ նորանցով թափելու նուէր մատուցուի. նորանց մաքուր ոսկուց շինես։
30. Եւ սեղանի վերայ միշտ առաջաւորութեան հացը դնես իմ առաջին։
31. Եւ մաքուր ոսկուց մի աշտանակ շինես. ճախարակեայ պիտի շինուի աշտանակը, նորա բունը՝ ճիւղերը՝ սկահները՝ գնդակները եւ ծաղիկները իրանից լինին։
32. Եւ նորա կողերիցը վեց ճիւղեր դուրս գան. երեք ճիւղը աշտանակի մէկ կողմիցը, եւ երեք ճիւղը աշտանակի միւս կողմիցը.
33. Երեք նշաձեւ սկահ մէկ ճիւղի վերայ գնդակով եւ ծաղիկով, եւ երեք նշաձեւ սկահ միւս ճիւղի վերայ գնդակով եւ ծաղիկով, այսպէս լինին աշտանակիցն ելած վեց ճիւղերը։
34. Եւ աշտանակի վերայ չորս նշաձեւ սկահ լինին իրանց գնդակներովն ու ծաղիկներովը։
35. Եւ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ եւ միւս երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ եւ երրորդ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ. այսպէս այն վեց ճիւղերին որ դուրս են գալիս աշտանակիցը։
36. Նորանց գնտակներն ու ճիւղերը իրանից լինին, ամենը ճախարակեայ լինի մէկ կտոր մաքուր ոսկուց։
37. Եւ նորա ճրագները եօթը շինես. եւ նորա ճրագները վերան դնեն, եւ լոյս տայ դէպի առջեւի կողմը։
38. Եւ նորա ունելիները եւ նորա բազմակալները մաքուր ոսկուց պիտի լինին։
39. Մէկ տաղանդ մաքուր ոսկուց շինեն նորան բոլոր այս գործիքներովը միասին։
40. Եւ նայիր որ սարումը քեզ ցոյց տուած օրինակի պէս շինես։

Ելից 26:1-37
1. Եւ խորանը շինես տասը վարագոյրներով՝ մանած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից. ճարտար ոստայնագործ շինես նորանց քերովբէներով։
2. Մէկ վարագոյրի երկայնութիւնը քսանեւութը կանգուն, եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն լինի. մէկ չափ լինի բոլոր վարագոյրների համար։
3. Հինգ վարագոյրները իրար կցուած, եւ միւս հինգ վարագոյրները իրար կցուած։
4. Եւ կապուտակեայ օղակներ շինես. մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի ծայրի մօտ ծայրի վարագոյրի եզերքին. եւ այսպէս անես երկրորդ կցուածքին։
5. Յիսուն օղակ շինես մէկ վարագոյրի վերայ, եւ յիսուն օղակ շինես միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի ծայրին. օղակները իրար դէմ ու դէմ լինին։
6. Եւ յիսուն ոսկի ճարմանդներ շինես. եւ վարագոյրները ճարմանդներովը կոճակես, որ մէկ խորան դառնայ։
7. Եւ վրանի համար այծի մազի վարագոյրներ շինես խորանի վերայ. տասնեւմէկ վարագոյր շինես նորանց։
8. Մէկ վարագոյրի երկայնութիւնը երեսուն կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն. մէկ չափ լինի տասնեւմէկ վարագոյրների համար։
9. Եւ հինգ վարագոյրները առանձին կցիր, եւ վեց վարագոյրները առանձին. եւ վեցերորդ վարագոյրը խորանի առջեւի կողմիցը երկպատիկ անես։
10. Եւ յիսուն օղակներ շինես մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի ծայրի մօտ եւ յիսուն օղակներ միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի եզերքի վերայ։
11. Եւ յիսուն պղնձի ճարմանդներ շինես, եւ ճարմանդները օղակներին անցկացնես, եւ վրանը կոճակես, որ մէկ լինի։
12. Եւ վրանի վարագոյրներից աւելորդ մնացածը՝ այն վարագոյրի աւելացած կէսը՝ խորանի ետեւիցը կախուի։
13. Եւ մէկ կանգունը այս կողմից եւ մէկ կանգունը միւս կողմից վրանի վարագոյրների երկայնութիւնից աւելացածը՝ խորանի կողքերովը կախուած մնայ՝ նորան այս կողմից եւ այն կողմից ծածկելու համար.
14. Եւ վրանի համար կարմիր ներկուած խոյի մորթերից ծածկոց շինես, եւ թէհաշի մորթերից մի ծածկոց էլ նորա վերայով։
15. Եւ խորանի համար տախտակները Սատիմի փայտից շինես՝ կանգնած։
16. Մէկ տախտակի երկայնութիւնը տասը կանգուն՝ եւ մէկ տախտակի լայնութիւնը մէկ ու կէս կանգուն։
17. Ամեն մէկ տախտակին երկու սփռիչ լինին իրար ագուցիկ. խորանի բոլոր տախտակներին այսպէս շինես։
18. Եւ խորանի տախտակներ շինես. դէպի հարաւ՝ հարաւային կողմին քսան տախտակ։
19. Եւ քառասուն արծաթի խարիսխ շինես քսան տախտակների տակ. մէկ տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար։
20. Եւ խորանի միւս կողմի համար հիւսիսային կողմին՝ քսան տախտակ,
21. Եւ նորանց քառասուն արծաթի խարիսխները, մէկ տախտակի տակ երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ։
22. Եւ խորանի ետեւի կողմին դէպի արեւմուտքը վեց տախտակ շինես։
23. Եւ խորանի անկիւններին՝ ետեւի կողմին երկու տախտակ շինես։
24. Եւ տակի կողմից զոյգ լինին եւ վերեւումը բոլորովին միացած լինին մէկ օղակով. երկուսն էլ այսպէս լինին. նորանք երկու անկիւնների համար լինին.
25. Եւ ութը տախտակ լինին, եւ նորանց արծաթի խարիսխները տասնեւվեց խարիսխ. մէկ տախտակի տակ երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ լինի։
26. Եւ Սատիմի փայտից նիգեր շինես. խորանի մէկ կողմի տախտակների համար հինգ,
27. Եւ խորանի միւս կողմի տախտակների համար հինգ նիգ, եւ դէպի արեւմուտք խորանի ետեւի կողմին տախտակների համար հինգ նիգ։
28. Եւ միջի նիգը, այսինքն տախտակների միջինը մէկ ծայրից միւս ծայրը պիտի անցնէ։
29. Եւ տախտակները ոսկով պատես, եւ նորանց օղակներն՝ այսինքն նիգերի անցնելու տեղերը ոսկուց շինես, եւ նիգերը ոսկով պատես։
30. Եւ կանգնեցնես խորանը իր ձեւի համեմատ, ինչպէս որ սարի վերայ քեզ ցոյց տրուեցաւ։
31. Եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից՝ եւ կրկնակի կարմիրից եւ մանուած բարակ քթանից մի վարագոյր շինես. նա ճարտար ոստայնագործ շինուի քերովբէներով։
32. Եւ նորան Սատիմի փայտից չորս ասկէպատ սիւների վերայ դնես. նորանց բեւեռները ոսկի լինին. չորս արծաթ խարիսխների վերայ։
33. Եւ վարագոյրը ճարմանդների տակիցը կախես, եւ այնտեղ վարագոյրի ներսի կողմը տանես վկայութեան տապանակը. եւ վարագոյրը ձեզ համար բաժանէ սրբութիւնի եւ սրբութեանց սրբութիւնի մէջտեղը։
34. Եւ քաւութիւնը վկայութեան տապանակի վերայ՝ սրբութեանց սրբութիւնումը դնես։
35. Եւ վարագոյրի դուրսի կողմումը սեղանը, եւ սեղանի դիմացը խորանի հարաւային կողմում աշտանակը դնես, եւ սեղանը հիւսիսային կողմումը դնես։
36. Եւ վրանի դրան համար մի սրահակ շինես կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանուած բարակ քթանից՝ նկարագործ։
37. Եւ դրան սրահակի համար Սատիմի փայտից հինգ սիւն շինես, եւ նորանց ոսկով պատես, նորանց բեւեռները ոսկի լինին. եւ նորանց համար հինգ պղնձի խարիսխ ձուլես։

Սաղմոսներ 19:7-14
7. Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։
8. Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը։
9. Տիրոջ վախը սուրբ է, մնում է յաւիտեան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար։
10. Նորանք աւելի ցանկալի են քան թէ ոսկի եւ քան թէ շատ մաքրուած ոսկի. էլ աւելի քաղցր են քան թէ մեղր եւ մեղրահաց։
11. Քո ծառան էլ նորանցով լուսաւորվում է. նորանց պահպանութիւնումը շատ հատուցում կայ։
12. Ո՞վ է իմանում իր սխալմունքները. ծածուկ սխալմունքներիցս էլ սուրբ արա ինձ։
13. Եւ պահիր քո ծառային ամբարտաւաններից, որ իշխանութիւն չանեն ինձ վերայ. այն ժամանակ անարատ կլինիմ եւ մեծ անօրէնութիւնից սուրբ կլինիմ։
14. Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ իմ Փրկիչ։

Առակներ 6:32-35
32. Բայց կին պղծողն անմիտ է. Իր հոգին է փչացնում, ով որ անէ այս։
33. Նա վէրք եւ անարգանք կգտնէ, եւ նորա նախատինքը չի ջնջուիլ։
34. Որովհետեւ նախանձը մարդիս կատաղութիւնն է, եւ նա չի խնայիլ վրէժխնդրութեան օրը։
35. նա ոչ մի փրկանքի երեսին մտիկ չի անիլ, եւ նա չի հաճիլ, որքան էլ շատացնես դու կաշառքը։

Մատթեոս 24:1-28
1. Եւ Յիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը, եւ աշակերտները մօտ եկան՝ որ ցոյց տան նորան տաճարի շինուածքը։
2. Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք տեսնում այդ ամենը. ճշմարիտ ասում եմ ձեզ. այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չքանդուի։
3. Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր, աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի. եւ ի՞նչ կլինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։
4. Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չխաբէ։
5. Որովհետեւ շատերը կգան իմ անունովը եւ կասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կմոլորեցնեն։
6. Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կլսէք, զգոյշ կացէք, որ չշփոթուիք. որովհետեւ ամենը պետք է լինի. բայց դեռ վերջը չէ։
7. Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կկենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. եւ սովեր կլինին. եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կլինին։
8. Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։
9. Այն ժամանակ ձեզ նեղութեան կմատնեն. եւ ձեզ կսպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կլինիք։
10. Եւ այն ժամանակ շատերը կգայթակղին, եւ իրար կմատնեն եւ իրար կատեն։
11. Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կգան՝ եւ շատերին կմոլորեցնեն։
12. Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կսառչի։
13. Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կփրկուի։
14. Եւ արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կքարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կգայ վերջը։
15. Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. կարդացողը մտածէ.
16. Այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը։
17. Ով որ կտուրի վերայ լինի՝ թող վար չգայ մի բան վեր առնելու իր տանիցը։
18. Եւ ով որ յանդումն է՝ թող յետ չդառնայ իր հանդերձները վեր առնելու։
19. Բայց վայ այն օրը յղիներին եւ ծիծ տուողներին։
20. Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռը չլինի, ոչ էլ շաբաթ օրը։
21. Որովհետեւ այն ժամանակը մեծ նեղութիւն կլինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չեղաւ, եւ ոչ էլ երբէք կլինի։
22. Եւ եթէ այն օրերը չկարճացնուէին, ոչ մի մարմին չէր փրկուիլ. բայց ընտրուածների համար այն օրերը կկարճացնուին։
23. Այն ժամանակ եթէ մէկն ասէ ձեզ՝ Ահա այստեղ է Քրիստոսը, կամ այնտեղ. չհաւատաք։
24. Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կկենան, եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կտան մինչեւ որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ կմոլորեցնէին։
25. Ահա առաջուց ասեցի ձեզ։
26. Արդ եթէ ասեն ձեզ. Ահա անապատումն է, դուրս չգնաք. Ահա ներսի սենեակումն է. չհաւատաք։
27. Որովհետեւ ինչպես կայծակը դուրս է գալիս արեւելքից եւ երեւում մինչեւ արեւմուտք. այնպես էլ կլինի մարդի Որդուն գալուստը։
28. Որովհետեւ որտեղ մեռած մարմինը լինի, այնտեղ կհաւաքուին արծիւները։