A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում

Փետրվար 3

Ելից 17:1-16
1. Եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը չուեցին Եհովայի խօսքին պէս իրանց գնացքի համեմատ Սին անապատիցը, եւ Ռափիդիմումը բանակ տուին. եւ ժողովրդի համար խմելու ջուր չկար։
2. Եւ ժողովուրդը Մովսէսի հետ վիճեց եւ ասեց. Մեզ ջուր տուէք, որ խմենք. եւ Մովսէսն ասեց նորանց. Ի՞նչ էք ինձ հետ վիճում. ինչո՞ւ էք փորձում Եհովային։
3. Եւ ժողովուրդն այն տեղ ջրի համար ծարաւեց, եւ ժողովուրդը Մովսէսի դէմ տրտնջաց եւ ասեց. Ինչո՞ւ համար մեզ Եգիպտոսիցը հանեցիր, որ մեզ ու մեր որդիներին եւ մեր հօտերին ծարաւ մեռցնես։
4. Եւ Մովսէսը Եհովային աղաղակեց՝ ասելով. Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնացել որ ինձ քարկոծեն։
5. Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ժողովրդի առաջն անցիր, եւ Իսրայէլի ծերերիցը քեզ հետ առ, եւ քո գաւազանը՝ որով գետը զարկիր, ձեռքդ առ եւ գնա։
6. Ահա Քորեբումը այն ժայռի վերայ՝ այնտեղ քո առաջին կկանգնեմ, եւ դու ժայռին զարկ եւ նորանից ջուր դուրս կգայ, եւ թող ժողովուրդը խմէ։ Եւ Մովսէսն այնպէս արաւ Իսրայէլի ծերերի առաջին։
7. Եւ այն տեղի անունը Մասսա եւ Մերիբա դրաւ, Իսրայէլի որդիների այնտեղ վիճելու եւ Եհովային փորձելու համար, որ ասեցին. Արդեօք Եհովան մեր մէ՞ջ է՝ թէ ոչ։
8. Եւ Ամաղէկն եկաւ եւ Ռափիդիմումն Իսրայէլի հետ պատերազմեց։
9. Եւ Մովսէսն ասեց Յեսուին. Մեզ համար մարդիկ ընտրիր եւ դուրս գնա Ամաղէկի հետ պատերազմելու. էգուց ես բլրի գլխին կկանգնեմ Աստուծոյ գաւազանը ձեռքիս։
10. Եւ Յեսուն Մովսէսի ասածին պէս արաւ եւ Ամաղէկի հետ պատերազմեց. եւ Մովսէսը՝ Ահարօնը եւ Ովրը բլուրի գլուխն ելան։
11. Եւ լինում էր որ՝ երբոր Մովսէսն իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայէլն էր յաղթում. եւ հէնց որ իր ձեռքերը իջեցնում էր, Ամաղէկն էր յաղթում։
12. Եւ Մովսէսի ձեռքերը ծանրանալիս մի քար առին եւ նորա տակը դրին, եւ ինքը նորա վերայ նստեց. եւ Ահարօնը եւ Ովրը մէկը այս կողմից եւ միւսն այն կողմից նորա ձեռքերը վեր բռնեցին, եւ մինչեւ արեգակի մար մտնելը նորա ձեռքերը հաստատուն մնացին։
13. Եւ Յեսուն զարկեց սուրի բերանով Ամաղէկին եւ նորա ժողովրդին։
14. Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սա գրիր գրքումը յիշատակի համար, եւ Յեսուի ականջը գցիր՝ որ Ամաղէկի յիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ։
15. Եւ Մովսէսը սեղան շինեց եւ նորա անունը Եհովանիսի դրաւ.
16. Եւ ասեց. Որովհետեւ Եհովան՝ ձեռքը աթոռի վերայ է, Եհովան պատերազմ ունի Ամաղէկի դէմ ազգից ազգ։

Ելից 18:1-27
1. Եւ Մովսէսի աներ՝ Մադիամի քուրմ Յոթորը լսեց այն ամենը որ Աստուած արաւ Մովսէսին եւ իր Իսրայէլ ժողովրդին, եւ թէ Եհովան Եգիպտոսիցը հանեց Իսրայէլին։
2. Եւ Մովսէսի աներ Յոթորը առաւ Մովսէսի կնիկ Սեպփօրային, նորան ետ ուղարկելուց յետոյ.
3. Եւ նորա երկու որդիքը՝ որոնց մէկի անունը Գերսամ էր, որովհետեւ ասել էր, Պանդուխտ եղայ օտար երկրում.
4. Եւ միւսի անունը Եղիազար էր, որովհետեւ ասել էր, Իմ հօր Աստուածը իմ օգնականն էր, եւ ինձ Փարաւօնի սուրիցն ազատեց։
5. Եւ Մովսէսի աներ՝ Յոթորը նորա որդիներովը եւ նորա կնոջովը եկաւ Մովսէսի մօտ դէպի անապատը՝ ուր որ նա բանակ էր տուել Աստուծոյ սարումը,
6. Եւ ասեց Մովսէսին. Ես՝ քո աներ՝ Յոթորը քեզ մօտ եմ գալիս, նաեւ քո կինը եւ նորա երկու որդիքը նորա հետ։
7. Եւ Մովսէսն իր աներին դիմաւորելու ելաւ, եւ խոնարհութիւն արաւ, եւ համբուրեց նորան. եւ իրար ողջութիւնը հարցրին՝ եւ վրանը մտան։
8. Եւ Մովսէսն իր աներին պատմեց այն ամենը՝ որ Եհովան արաւ Փարաւօնին եւ Եգիպտացիներին՝ Իսրայէլի պատճառով, այն բոլոր աշխատութիւնը որ ճանապարհին քաշել էին, եւ Եհովան նորանց ազատել էր։
9. Եւ Յոթորն ուրախացաւ այն բոլոր բարութիւնների համար՝ որ Եհովան արել էր Իսրայէլին, որ փրկել էր նորան Եգիպտացիների ձեռքիցը։
10. Եւ Յոթորն ասեց. Օրհնեալ լինի Եհովան՝ որ ազատեց ձեզ Եգիպտացիների ձեռքիցը եւ Փարաւօնի ձեռքիցը, որովհետեւ ազատեց ժողովրդին Եգիպտացիների ձեռքի տակիցը։
11. Հիմա գիտեմ որ Եհովան բոլոր աստուածներից մեծ է ՝ հէնց այն բանում, որով Եգիպտացիք հպարտանում էին նորանց դէմ։
12. Եւ Մովսէսի աներ Յոթորը ողջակէզ եւ զոհեր բերաւ Աստուծոյն, եւ Ահարօնն ու Իսրայէլի բոլոր ծերերը Մովսէսի աների հետ եկան Աստուծոյ առաջին հաց ուտելու։
13. Եւ եղաւ որ հետեւեալ օրը Մովսէսը նստեց ժողովուրդը դատելու, եւ ժողովուրդը առաւօտից մինչեւ իրիկուն Մովսէսի մօտ կանգնած էր։
14. Եւ Մովսէսի աները տեսաւ ամենն ինչ որ անում էր Մովսէսը ժողովրդին, եւ ասեց. Ի՞նչ է այս բանը՝ որ դու անում ես ժողովրդին. Ինչո՞ւ ես դու մենակ նստում, եւ բոլոր ժողովուրդը կանգնում է առաւօտից մինչեւ իրիկուն քեզ մօտ։
15. Եւ Մովսէսն ասեց իր աներին. Թէ ժողովուրդը գալիս է ինձ մօտ Աստուածանից դատաստան հարցնելու։
16. Երբոր նորանք մի բան են ունենում՝ գալիս են ինձ մօտ, եւ ես նորանց մէջ տեղը դատաստան եմ անում եւ Աստուծոյ կանոնները եւ նորա օրէնքները նորանց հասկացնում։
17. Եւ Մովսէսի աներն ասեց նորան. Քո արածը լաւ բան չէ։
18. Այդպէս անպատճառ դու էլ կմաշուիս, եւ քեզ հետ եղած այս ժողովուրդն էլ. որովհետեւ այս բանը քեզ համար շատ ծանր է. դու մենակ չես կարող անել այս։
19. Հիմա լսիր իմ խօսքին. ես քեզ խրատ եմ տալիս, եւ Աստուած քեզ հետ կլինի։ Ժողովրդի համար դու գնա Աստուծոյ առաջը. եւ դատերը դու ներկայացրու Աստուծոյն.
20. Եւ սովորեցրու նորա կանոններն ու օրէնքները. եւ հասկացրու նորանց իրանց գնալու ճանապարհը եւ իրանց անելու գործը։
21. Եւ դու բոլոր ժողովրդիցը կարող մարդիկ՝ Աստուածանից վախող՝ հաւատարիմ՝ ագահութիւնը ատող մարդիկ ընտրիր, եւ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ եւ տասնապետներ դիր նորանց վերայ։
22. Եւ ամեն ժամանակ թող նորանք դատեն ժողովրդին. եւ ամեն մեծ բան որ լինի քեզ ներկայացնեն, եւ ամեն փոքր բանը նորանք դատեն. եւ քո վերայիցը բեռը թեթեւացրու եւ նորանք քեզ հետ թող կրեն։
23. Եթէ այս անես, եւ Աստուած էլ քեզ պատուիրէ, այն ժամանակ կարող կլինիս կանգնել, եւ բոլոր այս ժողովուրդն էլ խաղաղութեամբ իրանց տեղը կգնան։
24. Եւ Մովսէսն իր աների խօսքին լսեց, եւ նորա բոլոր ասածն արաւ։
25. Եւ Մովսէսը բոլոր Իսրայէլիցը կարող մարդիկ ընտրեց, եւ նորանց ժողովրդի վերայ գլխաւորներ այսինքն հազարապետներ՝ հարիւրապետներ՝ յիսնապետներ եւ տասնապետներ կարգեց։
26. Եւ ամեն ժամանակ նորանք էին դատում ժողովրդին. դժուար բանը Մովսէսին էին բերում, բայց ամեն փոքր բանը իրանք էին դատում։
27. Եւ Մովսէսն իր աներին ճանապարհ դրաւ, եւ նա իր երկիրը գնաց։

Սաղմոսներ 18:28-36
28. Որովհետեւ դու լուսաւորում ես իմ ճրագը. Տէր Աստուածը լուսաւոր է անում իմ խաւարը.
29. Որովհետեւ քեզանով վազում եմ զօրքի վերայ. եւ իմ Աստուծովն անց եմ կենում պարսպի վերայից։
30. Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը կրակով մաքրուած է. նա պահապան է ամեն իրան յուսացողների համար.
31. Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Տէրիցը. եւ ո՞վ է վէմ մեր Աստուածանից ջոկ.
32. Այն Աստուածը, որ զօրութիւն է հագցնում ինձ. եւ իմ ճանապարհն անարատ անում.
33. Նա որ իմ ոտներն եղջերուների ոտների նման է շինում, եւ ինձ՝ բարձր տեղերումը կանգնեցնում.
34. Նա իմ ձեռքը վարժեցնում է պատերազմ անելու, որ իմ բազուկը պղնձի աղեղը լարեն։
35. Եւ տալիս ես ինձ քո փրկութեան վահանը, եւ քո աջը հաստատում է ինձ, եւ քո քաղցրութիւնը մեծացնում է ինձ։
36. Դու լայնարձակ ես անում իմ գնացքը իմ տակ, եւ իմ սրունքները չեն դողում։

Առակներ 6:16-19
16. Վեց բան կայ որ տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին.
17. Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր.
18. Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր.
19. Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող։

Մատթեոս 22:1-22
1. Եւ Յիսուսը պատասխանեց եւ դարձեալ խօսեց նորանց հետ առակներով, ասելով.
2. Երկնքի արքայութիւնը նմանեցաւ մի թագաւոր մարդի, որ իր որդուն հարսանիք արաւ։
3. Եւ իր ծառաներն ուղարկեց՝ որ հարսանիքի կանչեն հրաւիրուածներին. եւ նորանք չկամեցան գալ։
4. Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեց. Ասեցէք հրաւիրուածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի. իմ արջառները եւ մսացուները մորթուած են, եւ բոլորը պատրաստ է. եկէք հարսանիքը։
5. Իսկ նորանք անհոգ լինելով՝ գնացին մէկն իր արտը, միւսն իր առուտուրին։
6. Եւ մնացածները բռնեցին նորա ծառաներին՝ նախատեցին եւ սպանեցին։
7. Բայց թագաւորը լսելով բարկացաւ, եւ իր զօրքն ուղարկեց այն սպանողներին սատակեցրեց, եւ նորանց քաղաքն այրեց։
8. Այն ժամանակ իր ծառաներին ասեց. Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածներն արժանի չէին։
9. Արդ գնացէք դէպի ճանապարհների անցքերը, եւ ում որ էլ գտնէք, կանչեցէք հարսանիքը։
10. Եւ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները, եւ ժողովեցին ամենին ում որ գտան՝ չարը եւ բարին, եւ հարսանիքը բազմականներով լցուեցաւ։
11. Բայց երբոր թագաւորը մտաւ՝ որ բազմականներին մտիկ անէ, այնտեղ մի մարդ տեսաւ՝ հարսանիքի հանդերձ չհագած.
12. Եւ նորան ասեց. Ընկեր, ինչպէ՞ս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունիս. եւ նա պապանձուեցաւ։
13. Այն ժամանակ թագաւորն ասեց ծառաներին. Դորա ոտները եւ ձեռքերը կապեցէք. վեր առէք դորան դրսի խաւարը գցեցէք. այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։
14. Որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր՝ ընտրուած։
15. Այն ժամանակ Փարիսեցիները գնացին նորա համար խորհուրդ արին, թէ ինչպէ՞ս խօսքով որոգայթ դնեն նորան։
16. Եւ իրանց աշակերտներին Հերովդէսեանների հետ նորա մօտ ուղարկեցին եւ ասեցին, Վարդապետ, գիտենք որ ճշմարիտ ես՝ եւ Աստուծոյ ճանապարհը սովորեցնում ես ճշմարտութիւնով, եւ ոչ մի մարդից հոգս չունիս. որովհետեւ մարդի երեսպաշտութիւն չես անում։
17. Արդ՝ ասիր մեզ, ինչպէ՞ս է երեւում քեզ, Կայսրին հարկ տալ պէ՞տք է, թէ չէ։
18. Եւ Յիսուսը նորանց չարութիւնն իմանալով ասեց. Ինչո՞ւ էք փորձում ինձ, կեղծաւորներ։
19. Ցոյց տուէք ինձ հարկի ստակը, եւ նորանք մի դահեկան բերին տուին նորան։
20. Եւ նորանց ասեց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է։ Ասեցին նորան. Կայսեր։
21. Այն ժամանակ ասեց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն։
22. Եւ լսելով զարմացան. եւ նորան թողեցին գնացին։