A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Փետրվար 15


Լեւիտիկոս 1:1-17
1. Եւ կանչեց Մովսէսին ու խօսեց նորա հետ Եհովան ժողովքի խորանիցն ասելով.
2. Խօսիր Իսրայէլի որդիների հետ, եւ ասիր նորանց. Եթէ ձեզանից մէկ մարդ զոհ մատուցանելու լինի Եհովային, ձեր զոհը արջառներից կամ հօտերից մատուցանէք։
3. Եթէ նորա զոհը ողջակէզ է արջառներիցը, արու անարատ մատուցանէ նորան. Եւ ժողովքի խորանի դրան մօտ մատուցանէ նորան՝ Եհովայի առաջին ընդունելի լինելու համար։
4. Եւ իր ձեռքը ողջակէզի գլխին դնէ, որ ընդունելի լինի իրան քաւութիւն լինելու համար։
5. Եւ զուարակը մորթէ Եհովայի առաջին.Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները մատուցանեն արիւնը ու սրսկեն արիւնը ժողովքի խորանի դրան մօտ եղած սեղանի վերայ շուրջանակի։
6. Եւ ողջակէզը մաշկէ, եւ յօշոտէ նորան կտոր կտոր։
7. Եւ Ահարօն քահանայի որդիքը կրակ դնեն սեղանի վերայ, եւ փայտեր շարեն այն կրակի վերայ։
8. Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները շարեն կտորները, գլուխը եւ ճարպը սեղանի վերայ եղած կրակի վերայի փայտերի վերայ։
9. Բայց նորա փորոտիքը եւ ոտքերը ջրով լուանայ, եւ քահանան այրէ ամենը սեղանի վերայ՝ իբրեւ ողջակէզ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։
10. Եւ եթէ նորա զոհը հօտերից՝ այսինքն ոչխարներից կամ այծերից է ողջակէզի համար, արու անարատ մատուցանէ նորան։
11. Եւ մորթէ նորան սեղանի մօտ հիւսիսային կողմումը Եհովայի առաջին.Եւ Ահարօնի որդիքը քահանաները սրսկեն նորա արիւնը սեղանի վերայ շուրջանակի։
12. Եւ յօշոտեն նորան կտոր կտոր, եւ գլուխը եւ ճարպը.Եւ քահանան շարէ նորանց սեղանի վերայ եղած կրակի վերայի փայտերի վերայ։
13. Եւ փորոտիքն ու ոտքերը ջրով լուանայ. Եւ քահանան ամենը բերէ եւ սեղանի վերայ այրէ. Սա ողջակէզ է՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։
14. Եւ եթէ թռչուններից է նորա ողջակէզ զոհը Եհովայի համար, այն ժամանակ նա իրան զոհը տատրակներից կամ աղաւնու ձագերից մատուցանէ։
15. Եւ քահանան սեղանի մօտ բերէ նորան եւ նորա գլուխը ոլորէ, եւ սեղանի վերայ այրէ, եւ նորա արիւնը սեղանի կողմին քամուի։
16. Եւ նորա կտնարն իր աղբովը հանէ, եւ դէն գցէ նորան սեղանի արեւելեան կողմում եղած մոխրանոցի մէջ։
17. Եւ պատառէ նորան թեւերիցը առանց բաժանելու. Եւ քահանան այրէ նորան սեղանի վերայ՝ կրակի վերայի փայտերի վերայ. Սա ողջակէզ է՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։

Լեւիտիկոս 2:1-16
1. Եւ երբոր մէկ անձ հացի նուէր պատարագ մատուցանելու լինի Եհովային, նորա պատարագը բարակ ալիւրից լինի. Եւ նորա վերայ իւղ թափէ, եւ կնդրուկ դնէ նորա վերայ.
2. Եւ Ահարօնի որդկանցը՝ քահանաների մօտ բերէ նորան, եւ քահանան նորանից իր բուռը լիքն նորա բարակ ալիւրիցը եւ իւղիցը առնէ բոլոր կնդրուկի հետ մէկտեղ, եւ քահանան նորա յիշատակի համար սեղանի վերայ այրէ՝ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։
3. Եւ հացի նուէրիցը մնացածը՝ Ահարօնին եւ նորա որդկանցը լինի՝ ամենասուրբ պատարագ Եհովայի համար։
4. Եւ եթէ թոնիրում թխած հացի նուէր պատարագ մատուցանելու լինիս, բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր շօթեր՝ կամ իւղով օծուած անխմոր լաւաշներ լինի։
5. Եւ եթէ քո պատարագը տապակի վերայ թխուած հացի նուէր է, բարակ ալիւրից իւղով զանգուած անխմոր լինի։
6. Կտոր կտոր նորան կտորես, եւ վերան իւղ թափես. Սա հացի նուէր է։
7. Եւ եթէ քո պատարագը կասկարայի մէջ եփուած հացի ընծայ է, բարակ ալիւրից իւղով շինուի։
8. Եւ սորանցից շինուած հացի նուէրը բերես Եհովայի մօտ, եւ քահանային ներկայացնես, եւ նա սեղանին մօտեցնէ նորան։
9. Եւ քահանան առնէ նուէրիցը նորա յիշատակը, եւ սեղանի վերայ այրէ՝ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։
10. Եւ նուէրիցը մնացածը Ահարօնին ու նորա որդկանցը լինի. Սա ամենասուրբ պատարագ է Եհովային։
11. Ոչ մի հացի նուէր որ դուք Եհովային մատուցանէք, խմորեալ չշինուի, որովհետեւ ոչ խմոր եւ ոչ մեղր պիտի իբրեւ պատարագ չայրէք Եհովայի համար։
12. Իբրեւ երախայրեաց պատարագ մատուցրէք նորանց Եհովային. Բայց սեղանի վերայ պիտի չայրուին անուշահոտութեան համար։
13. Եւ քո բոլոր հացի նուէրը աղով աղես, եւ քո հացի նուէրիցը քո Աստուծոյ ուխտի աղը պակաս չանես. քո բոլոր պատարագովը աղ էլ մատուցանես։
14. Եւ եթէ առաջի արմտեաց նուէր մատուցանելու լինիս Եհովային, կրակով հեղի արած հասկերից ծեծուած ցորեն մատուցանես քո առաջի արմտեաց նուէրը,
15. Եւ նորա վերայ իւղ թափես եւ կնդրուկ դնես վերան. Սա հացի նուէր է։
16. Եւ քահանան այրէ նորա յիշատակը նորա ծեծուած ցորենիցը եւ նորա իւղիցը նորա բոլոր կնդրուկովը՝ Եհովային պատարագ լինելու համար։

Սաղմոսներ 22:22-31
22. Ես քո անունը կպատմեմ իմ եղբայրներին. ժողովրդի մէջ կօրհնեմ քեզ։
23. Ով Տէրիցը վախեցողներ, օրհնեցէք նորան. ով Յակոբի ամեն զաւակները, փառաւորեցէք նորան. եւ վախեցէք նորանից, ով Իսրայէլի բոլոր զաւակները։
24. Որովհետեւ նա չանարգեց եւ չարհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չծածկեց նորանից իր երեսը. բայց երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ։
25. Քեզ օրհնութիւն կտամ մեծ ժողովրդում. իմ ուխտը կկատարեմ նորանից վախեցողների առաջին։
26. Թող խեղճերն ուտեն եւ կշտանան. թող օրհնեն Տիրոջը նորան խնդրողները. ձեր սիրտը թող ապրի յաւիտեան։
27. Երկրի ամեն ծայրերը կյիշեն եւ Տիրոջ մօտ կդառնան. հեթանոսների ամեն ազգերը քո առաջին երկրպագութիւն կանեն։
28. Որովհետեւ Տիրոջն է թագաւորութիւնը, եւ նա իշխանութիւն է անում հեթանոսների մէջ։
29. Երկրի ամեն պարարտները կուտեն եւ երկրպագութիւն կանեն. նորա առաջին վայր կընկնեն ամեն հողը իջնողները, որ իրանց անձը չեն ապրեցնում։
30. Սերունդը կծառայէ նորան. նա Տիրոջը ազգ կհամարուի։
31. Կգան եւ նորա արդարութիւնը կպատմեն այն ծնուելու ժողովրդին. թէ Այս ամենը նա արաւ։

Առակներ 8:32-36
32. Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ. Եւ երանի՜ նորանց, որ պահում են իմ ճանապարհները։
33. Խրատ լսեցէք եւ իմաստուն եղէք, եւ մի մերժէք։
34. Երանի՜ այն մարդին որ ինձ մտիկ է անում, որ ամեն օր հսկում է իմ դռների մօտ, եւ իմ դրանդիքի մուտքերը պահում է։
35. Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ Տէրիցը շնորհք կստանայ։
36. Բայց ինձ դէմ մեղանչողը կվնասէ իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։

Մատթեոս 27:27-54
27. Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին տարան պալատը, եւ բոլոր զօրագունդը հաւաքեցին նորա վերայ։
28. Եւ նորան մերկացնելով նորա վերայ մի կարմիր քղամիդ գցեցին։
29. Եւ փշերից մի պսակ ոլորեցին՝ նորա գլխին դրին, եւ նորա աջ ձեռքին մի եղէգ. եւ նորա առաջը ծունր դնելով ծաղր էին անում եւ ասում. Ողջ լեր, Հրէաների թագաւոր։
30. Եւ նորա վերայ թքելով՝ եղէգն առնում էին եւ նորա գլուխը ծեծում։
31. Եւ երբոր ծաղր արին նորան, կարմիր քղամիդը նորանից հանեցին՝ եւ նորան հագցրին իր հանդերձները, եւ տարան նորան խաչելու։
32. Եւ երբոր դուրս եկան, մի Կիւրենացի մարդ գտան՝ անունը Սիմօն, նորան պահակ բռնեցին, որ նորա խաչը վեր առնէ։
33. Եւ երբոր Գողգոթա ասուած տեղն եկան, որ գանկի տեղ ասել է,
34. Նորան լեղիի հետ խառնած գինի տուին խմելու. եւ երբոր ճաշակեց, չէր կամենում խմել։
35. Եւ նորան խաչը հանելով բաժանեցին նորա հանդերձները՝ վիճակ գցելով, որ կատարուի մարգարէի ձեռով ասուածը՝ Իմ հանդերձներն իրանց մէջ բաժանեցին, եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին։
36. Եւ նստած նորան պահում էին այնտեղ։
37. Եւ նորա յանցանքը գրուած դրին նորա գլխիցը վեր. ԱՅՍ Է ՅԻՍՈՒՍ՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։
38. Այն ժամանակ նորա հետ երկու աւազակներ խաչուեցան՝ մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։
39. Եւ անցնող դարձողները հայհոյում էին նորան, իրանց գլուխները շարժելով, եւ ասում էին.
40. Ով տաճարը քանդող՝ եւ երեք օրում շինող, ազատիր քեզ. եթէ Աստուծոյ որդի ես, իջիր խաչիցը։
41. Այնպես էլ քահանայապետներն էին ծաղր անում դպիրների եւ ծերերի հետ եւ ասում.
42. Ուրիշներին ազատեց, ինքն իրան չէ կարողանում ազատել. թէ որ Իսրայէլի թագաւորն է, իջնէ հիմա խաչիցը, եւ կհաւատանք դորան։
43. Աստուծուն յուսացաւ, հիմա թող նա փրկէ դորան, եթէ ուզում է դորան. որովհետեւ ասեց, թէ Աստուծոյ Որդի եմ։
44. Միեւնոյնն էլ աւազակները, որ նորա հետ խաչուած էին, նախատում էին նորան։
45. Եւ ժամը վեցիցը խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։
46. Եւ ժամը իննի դէմ, Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. այսինքն, Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ։
47. Այնտեղ կանգնածներից ոմանք էլ երբոր լսեցին, ասում էին թէ Եղիային է կանչում դա։
48. Եւ շուտով նորանցից մէկը վազեց՝ մի սպունգ առաւ քացախով լցրեց, եղէգի վերայ անցրեց՝ եւ նորան տուաւ, որ խմէ.
49. Եւ միւսներն ասում էին, թող տեսնենք, թէ Եղիան կգա՞յ՝ դորան փրկէ։
50. Յիսուսը դարձեալ մեծ ձայնով կանչեց՝ եւ արձակեց հոգին։
51. Եւ ահա տաճարի վարագոյրն երկու ճղուեցաւ վերեւիցը մինչեւ ցածը, եւ երկիրը շարժուեց. եւ քարերը պատառուեցան.
52. Եւ գերեզմանները բացուեցան. եւ շատ սուրբ ննջեցեալների մարմիններ յարութիւն առան.
53. Եւ գերեզմաններից դուրս գալով, նորա յարութիւնից յետոյ, սուրբ քաղաքը մտան, եւ շատերին երեւեցան։
54. Բայց հարիւրապետը եւ նորանք որ նորա հետ Յիսուսին պահում էին, երբոր երկրաշարժը եւ այն եղածները տեսան, շատ վախեցան եւ ասեցին. Ճշմարիտ որ սա Աստուծոյ Որդի էր։