A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Հունվար 7


Ծննդոց 13:1-18
1. Եւ Աբրամը վեր գնաց Եգիպտոսիցը ինքը եւ իր կինը եւ իր բոլոր ունեցածները, եւ Ղովտն էլ իր հետ դէպի հարաւակողմը։
2. Եւ Աբրամը հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկիով։
3. Եւ իր իջեւաններովը գնաց հարաւային կողմիցը մինչեւ Բեթէլ, այն տեղը ուր որ էր առաջ իր վրանը, Բեթէլի եւ Գայիի մէջտեղը.
4. Այն սեղանի տեղը, ուր որ առաջ շինել էր. եւ Աբրամն այնտեղ Եհովայի անունը կանչեց։
5. Եւ Ղովտն էլ որ Աբրամի հետ գնացել էր, ունէր ոչխարներ եւ արջառներ եւ վրաններ։
6. Եւ այն երկիրը բաւական չէր նորանց միասին բնակուելու համար. որովհետեւ նորանց ստացուածքը շատ էր եւ չէին կարողանում միասին բնակուել։
7. Եւ կռիւ եղաւ Աբրամի անասունների հովիւների եւ Ղովտի անասունների հովիւների մէջ. եւ այն ժամանակ Քանանացիները եւ Փերեզացիները բնակվում էին այն երկրի մէջ։
8. Եւ Աբրամն ասեց Ղովտին. Թող իմ ու քո մէջ եւ իմ հովիւների ու քո հովիւների մէջ կռիւ չլինի, ըստ որում մենք եղբարք ենք։
9. Բոլոր երկիրը առաջիդ չէ՞. բաժանուիր ինձանից. եթէ դու ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կգնամ, եւ եթէ դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կգնամ։
10. Եւ Ղովտն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ Յորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորն ջրած էր, Եհովան Սոդոմը եւ Գոմորը կործանելուց առաջ մինչեւ Սեգովր Եհովայի դրախտի պէս՝ Եգիպտոսի երկրի պէս էր։
11. Եւ Ղովտը Յորդանանի բոլոր շրջակայքը ընտրեց իր համար, եւ Ղովտը դէպի արեւելք չուեց. եւ միմիանցից բաժանուեցան։
12. Աբրամը Քանանի երկրումը բնակուեց. Ղովտն էլ դաշտի քաղաքներումը բնակուեց, եւ իր վրանը Սոդոմի մօտ բացաւ։
13. Եւ Սոդոմի մարդիկը շատ չար ու մեղաւոր էին Եհովային առաջին։
14. Եւ Եհովան ասեց Աբրամին Ղովտը նորանից բաժանուելուց յետոյ. Աչքերդ բարձրացրու, եւ մտիկ տուր քո եղած տեղիցը դէպի հիւսիս եւ հարաւ, եւ դէպի արեւելք եւ արեւմուտք.
15. Որովհետեւ այդ բոլոր երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու եւ քո սերունդին յաւիտեան։
16. Եւ քո սերունդը երկրի փոշու չափ եմ անելու. որ եթէ մէկը երկրի փոշին կարող է համարել, քո սերունդն էլ կհամարուի։
17. Վեր կաց այդ երկրումը ման եկ նորա երկայնութեան եւ լայնութեան համեմատ, որովհետեւ քեզ եմ տալու այն։
18. Եւ Աբրամը չուեց, եւ եկաւ եւ բնակուեց Մամբրէի կաղնիների մէջ, որ Քեբրոնումն է. եւ այն տեղ սեղան շինեց Եհովայի համար։

Ծննդոց 14:1-24
1. Եւ եղաւ Սենաարի Ամարփաղ թագաւորի, Ելլասարի Արիովք թագաւորի, Ելամի Քոդողագոմոր թագաւորի, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի ժամանակներումը,
2. Որ Սոդոմի Բարա թագաւորի հետ, եւ Գոմորի Բարսա թագաւորի հետ, եւ Ադմայի Սենաբ թագաւորի հետ, եւ Սեբոյիմի Սիմոփոր թագաւորի հետ, ու Բաղայի այսինքն Սեգովրի թագաւորի հետ պատերազմ արին։
3. Սորանք ամենը ժողովուեցան Սիդդիմ ձորումը, որ է Աղի ծովը։
4. Տասնեւերկու տարի Քոդողագոմորին ծառայութիւն էին արել, եւ տասնեւերեքերորդ տարին ապստամբուեցան։
5. Եւ տասնեւչորսերորդ տարին եկաւ Քոդողագոմորը եւ իր հետ լինող թագաւորները, եւ կոտորեցին Աստարովթ-Կառնայիմումը լինող Ռափայիմներին եւ Համի մէջ Զուզեցիներին, եւ Շաւէ Կարիաթեմի մէջ Էմիմներին,
6. Եւ Քոռեցիներին իրանց Սէիր սարերի վերայ մինչեւ Էլփառանը որ անապատի մօտ է։
7. Եւ դարձան ու եկան Էնմասեփաթ այսինքն Հադէս եւ յաղթահարեցին Ամաղեկացոց բոլոր նահանգը, եւ Ասասանթամարի մէջ բնակվող Ամօրհացիներին էլ։
8. Եւ դուրս եկաւ Սոդոմի թագաւորը, եւ Գոմորի թագաւորը եւ Ադմայի թագաւորը, եւ Սեբոյիմի թագաւորը եւ Բաղայի այսինքն Սեգովրի թագաւորը, եւ Սիդդիմ ձորումը նորանց հետ պատերազմ կազմեցին։
9. Այսինքն Եղամի Քոդողագոմոր թագաւորի հետ, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի հետ, եւ Սէնաարի Ամարփաղ թագաւորի հետ, եւ Ելլասարի Արիովք թագաւորի հետ՝ չորս թագաւորը հինգի հետ։
10. Եւ Սիդդիմ ձորը նաւթի հորերով լիքն էր. եւ Սոդոմի ու Գոմորի թագաւորները փախան, եւ այնտեղ ընկան, իսկ մնացածները սարը փախան։
11. Եւ նորանք առին Սոդոմի եւ Գոմորի բոլոր ստացուածքը, եւ նորանց բոլոր պաշարը, եւ գնացին։
12. Եւ Աբրամի եղբօր որդին Ղովտը եւ սորա բոլոր ստացուածքն էլ առին եւ գնացին, որովհետեւ նա Սոդոմումն էր բնակվում։
13. Եւ մի ազատուած եկաւ եւ Եբրայեցի Աբրամին պատմեց. եւ նա Եսքողի եղբայր եւ Աների եղբայր Ամօրհացի Մամբրէի կաղնիների մէջ էր բնակվում. որովհետեւ նորանք Աբրամի հետ դաշնակից էին։
14. Եւ երբ որ Աբրամը լսեց, թէ իր եղբայրը գերի տարուեցաւ, իր տանը երեքհարիւր տասնեւութը վարժուած ծառաներին դուրս հանեց ու նորանց ետեւից գնաց մինչեւ Դան։
15. Եւ ինքն իր ծառաների հետ գիշերը գունդ գունդ նորանց վերայ յարձակուեց եւ յաղթեց նորանց. եւ քշեց նորանց մինչեւ Կոբա, որ Դամասկոսի ձախ կողմն է։
16. Եւ բոլոր ստացուածքը ետ բերաւ. եւ իր եղբայր Ղովտին էլ, եւ նորա ստացուածքն էլ ետ բերաւ, եւ կնիկներն ու ժողովուրդն էլ։
17. Եւ Սոդոմի թագաւորը դիմաւորեց նորան, երբոր նա Քոդողագոմորի եւ նորա հետ լինող թագաւորների կոտրելուցը ետ էր դառել, դէպի Շաւէ ձորը՝ այսինքն թագաւորի ձորը.
18. Եւ Սաղէմի թագաւոր Մելքիսեդեկը հաց եւ գինի դուրս բերաւ, եւ նա Բարձրեալ Աստուծոյ քահանայ էր։
19. Եւ օրհնեց նորան եւ ասեց. Օրհնեալ լինի Աբրամը երկնքի եւ երկրի Արարիչ Բարձրեալ Աստուածանից։
20. Եւ օրհնեալ լինի Բարձրեալ Աստուածը, որ քո թշնամիները քո ձեռքը մատնեց։ Եւ նա ամենիցը տասանորդ տուաւ նորան։
21. Եւ Սոդոմի թագաւորն ասեց Աբրամին. Մարդիկն ինձ տուր, եւ ստացուածքն դու առ քեզ համար։
22. Եւ Աբրամն ասեց Սոդոմի թագաւորին. Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դէպի Եհովայ Բարձրեալ Աստուածը, որ Տէր է երկնքի եւ երկրի,
23. Որ մի թելից մինչեւ կոշկի կապը մէկ բան վեր չեմ առնիլ ինչ որ քոնն է, որ չասես թէ Աբրամին ես հարստացրի.
24. Բացի այն որ երիտասարդները կերել են, եւ բացի այն մարդկանց բաժինը որ ինձ հետ գնացել են, այսինքն Աների եւ Եսքողի ու Մամբէի. թող նորանք իրանց բաժինն առնեն։

Սաղմոսներ 4:4-8
4. Դողացէք եւ մի մեղանչէք. խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը եւ լուռ կացէք, (Սէլա։)
5. Արդարութեան զոհեր ընծայեցէք, եւ Տիրոջը յուսացէք։
6. Շատերն ասում են թէ բարին ո՞վ ցոյց կտայ մեզ. բարձրացրու մեզ վերայ քո երեսի լոյսը, Տէր։
7. Դու ուրախութիւն տուիր իմ սրտին՝ նորանց ցորենի եւ գինիի շատանալու ժամանակիցն աւելի։
8. Ես խաղաղութիւնով կպառկիմ եւ կքնեմ. որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում։

Առակներ 2:1-5
1. Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ.
2. Որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին,
3. Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին,
4. Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես,
5. Այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կգտնես։

Մատթեոս 6:1-18
1. Զգոյշ կացէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առաջին չանէք, նորանցից տեսնուելու համար, եթէ ոչ՝ վարձք չունիք ձեր Հօրիցն որ երկնքումն է։
2. Արդ՝ երբոր ողորմութիւն անես, փող մի հնչեցնիր քո առաջին. ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարանների մէջ եւ փողոցների մէջ, որ փառաւորուին մարդկանցից. ճշմարիտն ասում եմ ձեզ. նորանք իրանց վարձքն առած են։
3. Բայց դու երբոր ողորմութիւն անես, թող չիմանայ քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջը.
4. Որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցանէ քեզ։
5. Եւ երբոր աղօթք անես, չլինիս ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք սիրում են ժողովարանների մէջ եւ հրապարակների անկիւններումը կանգնած աղօթք անել, որ մարդկանց երեւան։ Ճշմարիտն ասում եմ ձեզ, որ նորանք իրանց վարձքն առած են։
6. Բայց դու երբոր աղօթք անես, մտիր քո սենեակը եւ դուռդ փակած աղօթք արա դէպի քո Հայրը, որ ծածուկումն է. եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցանէ քեզ։
7. Եւ աղօթք անելիս շատախօս մի՛ լինիք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նորանք կարծում են, թէ իրանց շատ խօսելու համար կլսուին։
8. Արդ նորանց մի նմանիք. որովհետեւ ձեր Հայրը գիտէ թէ ի՞նչ բաներ պէտք են ձեզ, ձեր նորանից խնդրելուցն առաջ։
9. Արդ դուք այսպէս աղօթք արէք. Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը.
10. Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։
11. Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր։
12. Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին։
13. Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն։
14. Որովհետեւ եթէ դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ։
15. Իսկ եթէ դուք մարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները։
16. Եւ երբոր ծոմ էք պահում, տրտում մի լինիք ինչպէս կեղծաւորները, որովհետեւ նորանք իրանց երեսները տխրեցնում են, որ մարդկանց ծոմ պահող երեւան. ճշմարիտն ասում եմ ձեզ՝ թէ նորանք իրանց վարձքն առած են։
17. Բայց դու ծոմ պահելիս, գլուխդ օծիր եւ երեսդ լուա.
18. Որ մարդկանց ծոմ պահող չերեւաս, այլ քո Հօրը՝ որ ծածուկումն է. եւ քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցանէ քեզ։