A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Հունվար 6


Ծննդոց 11:1-32
1. Եւ բոլոր երկիրը մէկ լեզու եւ մէկ խօսուածք էր։
2. Եւ եղաւ երբ որ նորանք արեւելքից չուեցին, Սէնաար երկրումը մի դաշտ գտան, եւ այնտեղ բնակուեցան։
3. Եւ իրար ասեցին. Եկէք աղիւսներ շինենք, եւ կրակով այրենք։ Եւ աղիւսները նորանց համար քարի տեղ եղան, եւ կուպրը նորանց համար եղաւ ցեխի տեղ։
4. Եւ ասեցին. Եկէք մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ, եւ նորա գլուխը մինչեւ երկինքը լինի, եւ մեզ համար անուն ստանանք, որպէս զի չցրուինք բոլոր երկրի երեսի վերայ։
5. Եւ Եհովան իջաւ մարդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու։
6. Եւ Եհովան ասեց. Ահա մէկ ազգ է եւ մէկ լեզու նորանց ամենի համար, եւ ահա սկսեցին շինել. Եւ հիմա նորանց համար դժուար չի լինիլ ինչ որ խորհեցին շինելու։
7. Եկէք իջնենք, եւ այնտեղ նորանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չհասկանան։
8. Եւ Եհովան այնտեղից նորանց ցրուեց բոլոր երկրի երեսի վերայ, եւ քաղաքը շինելուց դադարեցին։
9. Վասն որոյ նորա անունը Բաբիլոն կոչուեցաւ, որովհետեւ Եհովան այնտեղ խառնակեց բոլոր երկրի լեզուն. Եւ Եհովան նորանց ցրուեց այն տեղից բոլոր երկրի երեսի վերայ։
10. Սէմի ծնունդքը սորանք են. Սէմը հարիւր տարեկան էր եւ ծնեց Արփաքսադին՝ ջրհեղեղից երկու տարի յետոյ։
11. Եւ Սէմը Արփաքսադին ծնելուց յետոյ հինգ հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
12. Եւ Արփաքսադը երեսունեւհինգ տարի ապրեց եւ ծնեց Սաղային։
13. Եւ Արփաքսադը Սաղային ծնելուց յետոյ չորս հարիւր երեք տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
14. Եւ Սաղան երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Եբերին։
15. Եւ Սաղան Եբերին ծնելուց յետոյ չորս հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
16. Եւ Եբերը երեսունեւչորս տարի ապրեց, եւ ծնեց Փաղէկին։
17. Եւ Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ չորս հարիւր երեսուն տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
18. Եւ Փաղէկը երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Ռագաւին։
19. Եւ Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ երկու հարիւր ինը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
20. Եւ Ռագաւը երեսունեւերկու տարի ապրեց եւ ծնեց Սերուգին։
21. Եւ Ռագաւը Սերուգին ծնելուց յետոյ երկու հարիւր եօթը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
22. Եւ Սերուգը երեսուն տարի ապրեց, եւ ծնեց Նաքովրին։
23. Եւ Սերուգը Նաքովրին ծնելուց յետոյ երկու հարիւր տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
24. Եւ Նաքովրը քսանեւինը տարի ապրեց եւ ծնեց Թարային։
25. Եւ Նաքովրը Թարային ծնելուց յետոյ հարիւր տասնեւիննը տարի ապրեց, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։
26. Եւ Թարան եօթանասուն տարի ապրեց, եւ ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին։
27. Եւ սորանք են Թարայի ծնունդքը. Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին. Եւ Առանը ծնեց Ղովտին։
28. Եւ Առանը մեռաւ իր հօր Թարայի առաջին իր ծննդեան երկրումը Քաղդէացիների Ուր քաղաքումը։
29. Եւ Աբրամը եւ Նաքովրը իրանց համար կանայք առին. Աբրամի կնոջ անունը Սարայ էր եւ Նաքովրի կնոջ անունը Մեղքա՝ Առանի աղջիկը, որ Մեղքայի եւ Յեսքայի հայրն էր։
30. Եւ Սարան ամուլ էր եւ զաւակ չունէր։
31. Եւ Թարան առաւ իր որդի Աբրամին եւ իր թոռը Առանի որդի Ղովտին եւ իր որդի Աբրամի կին՝ իր հարսը՝ Սարային, եւ նորանց հետ Քաղդէացիների Ուր քաղաքիցը դուրս եկաւ Քանանի երկիրը գնալու համար. Եւ եկան մինչեւ Խառան, եւ այնտեղ բնակուեցան։
32. Եւ Թարայի օրերը երկու հարիւր հինգ տարի եղան. Եւ Թարան Խառանումը մեռաւ։

Ծննդոց 12:1-20
1. Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։
2. Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կլինիս։
3. Եւ քեզ օրհնողներին կօրհնեմ եւ քեզ անիծողներին կանիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին։
4. Եւ Աբրամը գնաց ինչպէս Եհովան նորան ասել էր. Ղովտն էլ գնաց նորա հետ. եւ Աբրամը եօթանասունեւհինգ տարեկան էր Խառանիցը դուրս գալիս։
5. Եւ Աբրամը վեր առաւ իր կին Սարային, եւ իր եղբօր որդի Ղովտին, եւ իրանց բոլոր ունեցած ստացուածքը, եւ Խառանումն իրանց ստացած անձինքը, եւ դուրս եկան որ գնան Քանանի երկիրը. եւ եկան Քանանի երկիրը։
6. Եւ Աբրամն անցաւ այն երկրովը մինչեւ Սիւքեմ տեղը մինչեւ Մօրէի կաղնին. եւ այն ժամանակ Քանանացիներն էին այն երկրումը։
7. Եւ Եհովան երեւեցաւ Աբրամին, եւ ասեց. Քո սերունդին պիտի տամ այս երկիրը։ Եւ նա այն տեղ սեղան շինեց Եհովայի համար, որ իրան երեւեցաւ։
8. Եւ այն տեղից չուեց Բեթէլի դիմացի սարը, եւ իր վրանը բացաւ՝ Բեթէլը ծովի կողմիցը եւ Գային արեւելեան կողմիցը, եւ այն տեղ Եհովայի համար սեղան շինեց, եւ Եհովայի անունը կանչեց։
9. Եւ Աբրամը չուելով գնում էր դէպի հարաւ։
10. Եւ այն երկրումը սով եղաւ. եւ Աբրամն իջաւ Եգիպտոս այն տեղ պանդխտութեամբ բնակուելու համար, որովհետեւ սովը սաստիկ էր այն երկրումը։
11. Եւ եղաւ երբ որ նա Եգիպտոսը մտնելու մօտեցաւ, իր կնոջը՝ Սարային ասեց. Ահա գիտեմ որ դու մի գեղեցիկ տեսքով կին ես։
12. Եւ անպատճառ երբ Եգիպտացիք քեզ տեսնեն, ասելու են՝ Սա նորա կինն է. եւ ինձ կսպանեն, բայց քեզ ողջ կթողեն.
13. Ասիր թէ դու իմ քոյրն ես. որպէս զի քո պատճառովն ինձ համար լաւ լինի, եւ քո պատճառովն իմ անձն ապրի։
14. Եւ եղաւ երբոր Աբրամը Եգիպտոս մտաւ, Եգիպտացիք տեսան այն կինը, որ շատ գեղեցիկ էր։
15. Եւ Փարաւօնի իշխաններն էլ տեսան նորան եւ գովեցին նորան Փարաւօնի առաջին. եւ կինը տարուեցաւ Փարաւօնի տունը։
16. Եւ նա նորա պատճառովը Աբրամին բարիք արաւ. եւ նա ոչխարներ եւ արջառներ եւ էգ էշեր եւ ուղտեր ունեցաւ։
17. Եւ Եհովան մեծ հարուածներով պատժեց Փարաւօնին եւ նորա տունը Աբրամի կնոջ Սարայի համար։
18. Եւ Փարաւօնը կանչեց Աբրամին, եւ ասեց. Այս ի՞նչ է որ արիր ինձ. ինչո՞ւ ինձ չյայտնեցիր, թէ նա քո կինն է։
19. Ինչո՞ւ համար ասացիր, թէ իմ քոյրն է. եւ ես նորան ինձ համար կին էի առնում. բայց հիմա ահա քո կինը, առ եւ գնա։
20. Եւ Փարաւօնը մարդկանցը պատուիրեց նորա մասին, եւ նորանք ճանապարհ դրին նորան եւ նորա կնոջը եւ նորա բոլոր ստացուածքը։

Սաղմոսներ 4:1-3
1. Երբոր կանչեմ, լսիր ինձ, ով իմ արդարութեան Աստուած. դու որ նեղութեան մէջ ազատեցիր ինձ, ողորմիր ինձ ու լսիր իմ աղօթքը։
2. Ով մարդկանց որդիք, մինչեւ ե՞րբ պիտի իմ փառքը ամօթ դառնայ, եւ ունայն բան պիտի սիրէք եւ ստութիւն պիտի խնդրէք։ (Սէլա։)
3. Բայց ճանաչեցէք, որ Տէրն ընտրել է իր սուրբին. Տէրը լսում է, երբոր կանչում եմ նորան։

Առակներ 1:28-33
28. Այն ժամանակ ինձ կկանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առաւօտանց կանուխ ինձ կորոնեն, բայց ինձ չեն գտնիլ.
29. Որովհետեւ գիտութիւնն ատեցին, եւ Տիրոջ վախը չընտրեցին.
30. Իմ խորհուրդը չուզեցին, իմ բոլոր յանդիմանութիւնն անարգեցին։
31. Ուրեմն նորանք իրանց ճանապարհի պտղիցն ուտեն, եւ իրանց խորհուրդներիցը կշտանան։
32. Որովհետեւ անմիտների խոտորումը նորանց պիտի սպանէ, եւ յիմարների անհոգութիւնը պիտի կորցնէ նորանց։
33. Բայց ինձ լսողը ապահով կբնակուի, եւ հանդարտ կլինի չարիքի վախիցը։

Մատթեոս 5:27-48
27. Լսել էք որ ասուեցաւ առաջիններին թէ՝ Շնութի՛ւն մի՛ անիր։
28. Բայց ես ասում եմ ձեզ թէ՝ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։
29. Եւ եթէ քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, որովհետեւ լաւ է քեզ համար, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չգցուի գեհենը։
30. Եւ եթէ քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. որովհետեւ լաւ է քեզ համար՝ որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չգցուի գեհենը։
31. Էլի ասուեցաւ թէ՝ Ով որ իր կնիկն արձակէ, թող արձակման թուղթ տայ նորան։
32. Բայց ես ասում եմ ձեզ թէ՝ Ով որ իր կնիկն արձակէ առանց պոռնկութեան պատճառի, նա նորան շնութիւն անել է տալիս. եւ ով որ մի արձակուածին առնէ, շնութիւն է անում։
33. Դարձեալ լսել էք որ ասուեցաւ առաջիններին, Սուտ երդում մի անիր, բայց Տիրոջը վճարիր քո երդմունքը։
34. Բայց ես ասում եմ ձեզ. Բնաւ երդում մի՛ անիր. ո՛չ երկնքովն՝ որովհետեւ նա աթոռ է Աստուծոյ.
35. Եւ ոչ երկրովը՝ որովհետեւ պատուանդան է նորա ոտների. եւ ո՛չ Երուսաղէմովն՝ որ քաղաք է մեծ թագաւորի։
36. Եւ ոչ քո գլխովն երդում արա, որովհետեւ կարող չես մէկ մազ սպիտակ անել կամ սեւ։
37. Բայց ձեր խօսքը լինի, Այոն՝ այո, եւ Ոչն՝ ոչ. եւ սորանից աւելին չարիցն է։
38. Լսել էք՝ որ ասուեցաւ Աչքի տեղ աչք, եւ ատամի տեղ ատամ։
39. Բայց ես ասում եմ ձեզ. Չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու։
40. Եւ ով որ ուզէ քեզ հետ դատ վարել եւ քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ թող նորա մօտ։
41. Եւ ով որ քեզ պահակ բռնած մէկ մղոն քշէ, նորա հետ երկուսը գնա։
42. Քեզանից բան ուզողին տուր. քեզանից փոխ առնել կամեցողից երես մի դարձնիր։
43. Լսել էք որ ասուեցաւ, քո ընկերին սիրիր, եւ քո թշնամիին ատիր։
44. Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. բարի արէք ձեզ ատողներին. եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար.
45. Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ։
46. Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։
47. Եւ եթէ միայն ձեր եղբայրներին բարեւ տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն էլ են այնպէս անում։
48. Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է։