A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Հունվար 30


Ելից 9:1-35
1. Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ խօսիր նորա հետ, թէ Եբրայեցիների Եհովայ Աստուածը այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն.
2. Որովհետեւ եթէ չուզես արձակել, եւ տակաւին պինդ բռնես նորանց,
3. Ահա Եհովայի ձեռքը կգայ քո դաշտումը եղած հօտերի վերայ, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների եւ ոչխարների վերայ, շատ սաստիկ կոտորած կլինի։
4. Եւ Եհովան Իսրայէլի հօտերի եւ Եգիպտոսի հօտերի մէջտեղը կորոշէ, եւ Իսրայէլի որդիների մէկ անասունը չի մեռնիլ։
5. Եւ Եհովան ժամանակ որոշեց ասելով. Էգուց կանէ Եհովան այս բանը երկրի վերայ։
6. Եւ հետեւեալ օրը Եհովան այս բանը արաւ, այսինքն Եգիպտացիների բոլոր հօտերը մեռան, բայց Իսրայէլի որդիների հօտերիցը մէկ հատ չմեռաւ։
7. Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ ահա Իսրայէլի հօտերիցը մէկն էլ չէր մեռել. եւ Փարաւօնի սիրտը խստացաւ, եւ ժողովրդին չարձակեց։
8. Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Ձեր ձեռքերը լիքը հնոցի մոխիր առէք, եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տայ Փարաւօնի առաջին։
9. Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ փոշի կլինի, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ կլինին։
10. Եւ հնոցի մոխիրն առին եւ Փարաւօնի առաջին կանգնեցին. եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տուաւ. եւ մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ եղան։
11. Եւ մոգերը չկարողացան կանգնել Մովսէսի առաջին ուռեցքների պատճառով, որովհետեւ ուռեցքները մոգերի վերայ էլ եւ բոլոր Եգիպտացիների վերայ էլ եղաւ։
12. Եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նորանց չլսեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։
13. Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր, եւ նորան ասիր. Այսպէս է ասում Եբրայեցիների Եհովայ Աստուածը. Արձակիր իմ ժողովրդին որ ինձ պաշտեն.
14. Որովհետեւ այս անգամ իմ բոլոր հարուածները պիտի ուղարկեմ քո սրտի վերայ եւ քո ծառաների եւ քո ժողովրդի վերայ, որպէս զի գիտենաս թէ բոլոր երկրի մէջ ինձ նմանը չկայ։
15. Որովհետեւ հիմա իմ ձեռքը կմեկնեմ եւ կզարկեմ քեզ եւ քո ժողովրդին ժանտախտով, եւ կկորչես երկրիցը։
16. Եւ հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի։
17. Դու տակաւին իմ ժողովրդի դէմ ես կենում որ չարձակե՞ս նորանց։
18. Ահա ես էգուց այս ժամանակ շատ սաստիկ կարկուտ կտեղամ, որի պէս Եգիպտոսումն եղած չէ՝ նորա հաստատուած օրիցը մինչեւ հիմա։
19. Եւ հիմա մարդ ուղարկիր, և ժողովիր հօտերդ, եւ ինչ որ ունիս դաշտումը. որովհետև ամեն մարդ եւ անասուն որ դաշտումը գտնուի՝ եւ տների մէջ չժողովուին, նորանց վերայ կարկուտ է իջնելու, եւ պիտի մեռնին։
20. Եւ Փարաւօնի ծառաներիցը ով որ Եհովայի խօսքիցը վախում էր, իր ծառաներին եւ հօտերին տների մէջ ժողովեց.
21. Եւ ով որ Եհովայի խօսքին ուշադրութիւն չարաւ, իր ծառաները եւ իր հօտերը թողեց դաշտումը։
22. Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ մարդկանց եւ անասունների վերայ եւ Եգիպտոսի երկրումը եղած արտերի բոլոր խոտի վերայ կարկուտ պիտի գայ։
23. Եւ Մովսէսն իր գաւազանը դէպի երկինքը մեկնեց եւ Եհովան որոտում եւ կարկուտ ուղարկեց, եւ երկրի վերայ կրակ էր վազում. եւ Եհովան Եգիպտոսի երկրի վերայ կարկուտ տեղաց։
24. Եւ կարկուտ եղաւ, եւ կարկտի հետ միասին խառնուած կրակ եկաւ. շատ սաստիկ էր, այնպէս որ Եգիպտոսի բոլոր երկրումը նորա նմանը եղած չէր, քանի որ նա ազգ էր եղել։
25. Եւ կարկուտը զարկեց Եգիպտոսի բոլոր երկրի մէջ դաշտումը եղածի ամենը՝ մարդից մինչեւ անասուն. եւ դաշտի բոլոր խոտը զարկեց կարկուտը եւ դաշտի բոլոր ծառերը կոտրատեց։
26. Միայն Գեսէմի երկրի մէջ, ուր որ Իսրայէլի որդիքն էին, կարկուտ չեղաւ։
27. Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց նորանց. Այս անգամ մեղանչեցի. Եհովան արդար է, իսկ ես եւ իմ ժողովուրդը յանցաւոր ենք։
28. Աղաչեցէք Եհովային որ Աստուծոյ որոտումները եւ կարկուտը բաւական է. եւ ձեզ կարձակեմ, եւ այլ եւս չէք մնալ։
29. Եւ Մովսէսն ասեց նորան. Հէնց որ քաղաքիցը դուրս գամ՝ ձեռքերս դէպի Եհովային կտարածեմ, և որոտումները կդադարեն, եւ այլ եւս կարկուտ չի լինիլ, որ գիտենաս թէ երկիրը Եհովայինն է։
30. Բայց ես գիտեմ, որ դու եւ քո ծառաները տակաւին Եհովայ Աստուածանից չէք վախում։
31. Եւ կտաւատն ու գարին ջարդուեցան. որովհետեւ գարին հասած էր, եւ կտաւատը սերմ բռնած։
32. Բայց ցորենը եւ հաճարը չջարդուեցան. որովհետեւ նորանք ուշ են բուսնում։
33. Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը քաղաքից դուրս ելաւ, եւ ձեռքերը դէպի Եհովային տարածեց, եւ որոտումներն ու կարկուտը դադարեց, եւ երկրի վերայ անձրեւ չկաթեց։
34. Եւ Փարաւօնը երբոր անձրեւի եւ կարկտի եւ որոտումի դադարելը տեսաւ, դարձեալ մեղանչեց, եւ սիրտը խստացրեց՝ ինքը եւ իր ծառաները։
35. Եւ այսպէս Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Իսրայէլի որդիներին չարձակեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։

Ելից 10:1-29
1. Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա Փարաւօնի մօտ. որովհետեւ ես խստացրի նորան սիրտը եւ նորա ծառաների սիրտը որ այս իմ նշաններն անեմ նորանց մէջ։
2. Եւ որ պատմես քո որդու եւ որդուդ որդու ականջներին՝ ինչ որ արի Եգիպտացիների մէջ, եւ իմ նշանները որ նորանց մէջ ցոյց տուի, որ գիտենաք թէ ես եմ Եհովան։
3. Եւ Մովսէսն ու Ահարօնը գնացին Փարաւօնի մօտ եւ ասեցին նորան. Եբրայեցիների Եհովայ Աստուածն այսպէս է ասում. Մինչեւ ե՞րբ չես ուզելու խոնարհուիլ իմ առաջին. արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն։
4. Որովհետեւ եթէ իմ ժողովուրդն արձակել չուզես, ահա էգուց քո սահմանների վերայ մորեխ կուղարկեմ.
5. Եւ երկրի երեսը կծածկէ, եւ մէկը չի կարողանալ տեսնել երկիրը, եւ ձեզ համար կարկտից ազատուած մնացածը կուտէ, եւ արտի մէջ բուսած ձեր բոլոր ծառերը կուտէ։
6. Եւ կլցուին քո տները եւ քո բոլոր ծառաների տները՝ եւ բոլոր Եգիպտացիների տները, որ ոչ քո հայրերը եւ ոչ քո հայրերի հայրերն են տեսել իրանց երկրի վերայ եղած օրիցը մինչեւ այսօր։ Եւ դարձաւ ու Փարաւօնի մօտիցը դուրս ելաւ։
7. Եւ Փարաւօնի ծառաներն ասեցին նորան. Մինչեւ ե՞րբ սա մեզ համար որոգայթ պիտի լինի. արձակիր այս մարդիկը որ իրանց Եհովայ Աստուծոյն պաշտեն. մի՞թէ տակաւին չգիտես որ Եգիպտոսը փչացաւ։
8. Եւ Մովսէսին ու Ահարօնին Փարաւօնի մօտ դարձրին, եւ նա ասեց նորանց. Գնացէք պաշտեցէք ձեր Եհովայ Աստուծոյն. ո՞վքեր են գնացողները։
9. Եւ Մովսէսն ասեց. Մեր երիտասարդներովը եւ մեր ծերերովն ենք գնալու, մեր տղերքովն ու մեր աղջկերքովը, մեր հօտերովը եւ մեր արջառներովն ենք գնալու. որովհետեւ Եհովայի տօն է մեզ համար։
10. Եւ նա ասեց նորանց. Ուրեմն Եհովան ձեզ հետ լինի, ինչպէս որ ես ձեզ եւ ձեր երեխաներին կարձակեմ։ Զգուշացէք, ըստ որում չարիք կան ձեր առաջին։
11. Ոչ այդպէս, այլ դուք մարդիկներդ գնացէք եւ Եհովային պաշտեցէք. որովհետեւ դուք այդ էիք ուզում։ Եւ Փարաւօնի առջեւից դուրս արին նորանց։
12. Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր Եգիպտոսի երկրի վերայ մորեխների համար, որ Եգիպտոսի երկրի վերայ ելնեն, եւ ուտեն երկրի բոլոր խոտը՝ բոլորն ինչ որ թողել է կարկուտը։
13. Եւ Մովսէսը մեկնեց իր գաւազանը Եգիպտոսի երկրի վերայ. եւ Եհովան երկրի վերայ արեւելեան հով փչել տուաւ այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը. և երբոր առաւօտ եղաւ, արեւելեան հովը մորեխը բերաւ։
14. Եւ մորեխը Եգիպտոսի բոլոր երկրի վերայ ելաւ, եւ Եգիպտոսի բոլոր սահմանների վերայ իջաւ, շատ սաստիկ էր. նորանից առաջ այնպիսի մորեխ չէր եղած, նորանից յետոյ էլ այնպէս չէ եղել։
15. Եւ բոլոր երկրի երեսը ծածկեց, եւ երկիրը մթնեց, եւ երկրի բոլոր խոտը՝ եւ կարկուտիցը մնացած ծառերի բոլոր պտուղները կերան. եւ եղած ծառերի վերայ եւ արտի խոտերի վերայ բնաւ կանաչեղէն չմնաց Եգիպտոսի բոլոր երկրումը։
16. Եւ Փարաւօնը շուտով կանչեց Մովսէսին ու Ահարօնին, եւ ասեց. Մեղանչեցի ձեր Եհովայ Աստուծոյ դէմ եւ ձեզ դէմ։
17. Եւ հիմա խնդրեմ՝ միայն այս անգամը ներեցէք իմ յանցանքը. եւ ձեր Եհովայ Աստուծոյն աղաչեցէք, որ իմ վերայից այս մահը միայն վեր առնէ։
18. Եւ նա Փարաւօնի մօտիցը դուրս ելաւ, եւ Եհովային աղաչեց։
19. Եւ Եհովան մի խիստ սաստիկ արեւմտեան հով ուղարկեց, որ մորեխը վեր առաւ ու Կարմիր ծովը քշեց նորանց. Եգիպտոսի բոլոր սահմաններումը մէկ մորեխ չմնաց։
20. Բայց Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նա Իսրայէլի որդկանցը չարձակեց։
21. Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, որ Եգիպտոսի երկրի վերայ խաւար լինի, եւ շօշափելի խաւար։
22. Եւ Մովսէսն իր ձեռքը դէպի երկինքը մեկնեց եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ թանձր խաւար եղաւ երեք օր.
23. Մարդ մարդի չէր տեսնում, եւ երեք օր մէկն իր տեղիցը վեր չկացաւ, բայց բոլոր Իսրայէլի որդիների համար լոյս կար իրանց բնակութիւններումը։
24. Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ ասեց. Գնացէք եւ պաշտեցէք Եհովային. միայն ձեր հօտերն ու արջառները մնան. ձեր ընտանիքներն էլ թող ձեզ հետ գնան։
25. Եւ Մովսէսն ասեց. Դու պէտք է մեր ձեռքը զոհեր ու ողջակէզներ էլ տաս, որ մեր Եհովայ Աստուծոյն մատուցանենք։
26. Եւ մեր հօտերն էլ գնան մեր հետը. նորանցից մէկ կճղակ էլ պիտի չմնայ. որովհետեւ նորանցից ենք առնելու մեր Եհովայ Աստուծոյն պաշտելու համար, եւ մենք չգիտենք թէ ինչով պիտի պաշտենք Եհովային մինչեւ որ այնտեղ գնանք։
27. Եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, որ չուզեց արձակել նորանց։
28. Եւ Փարաւօնն ասեց նորան. Գնա իմ մօտիցը. զգուշացիր քո անձի համար, որ էլ իմ երեսը չտեսնես. որովհետեւ այն օրը որ իմ երեսը տեսնես, պիտի մեռնես։
29. Եւ Մովսէսն ասեց. Լաւ ես ասում, էլ քո երեսը չեմ տեսնիլ։

Սաղմոսներ 17:8-15
8. Պահիր ինձ ինչպէս աչքի բիբ, եւ քո թեւերի շուքի տակ ծածկիր ինձ։
9. Այն ամբարիշտներիցը՝ որ քանդում են ինձ. իմ անձի թշնամիներիցը, որ չորս կողմովս պաշարում են ինձ։
10. Նորանք փակում են իրանց պարարտ սիրտը, եւ իրանց բերանովը ամբարտաւանութիւն են խօսում։
11. Հիմա մեր գնացքի չորս կողմովը պատում են մեզ. եւ իրանց աչքերը դրած են, որ մեզ գետնի վերայ գցեն։
12. Նորանք նման են առիւծի, որ ցանկանում է գիշատել. եւ առիւծի ձագին, որ ծածուկ տեղերումը նստած է։
13. Վեր կաց, Տէր, առ նորան առաջը. նորան գետնի վերայ գցիր. եւ իմ անձը ապրեցրու ամբարիշտների ձեռքիցը քո սրովն։
14. Քո ձեռքովն, ով Տէր, ապրեցրու մարդկանցիցը՝ այս աշխարհքի մարդկանցիցը, որ նորանց բաժինը այս կեանքումն է. եւ լցնում ես նորանց փորը քո գանձերովը, որ նորանց որդիներն էլ կշտացած են, եւ մնացածը թողում են իրանց երեխաներին։
15. Բայց ես արդարութիւնով կտեսնեմ քո երեսը, եւ երբոր արթնանամ, կկշտանամ քո նմանութիւնովը։

Առակներ 5:21-23
21. Որովհետեւ Տիրոջ աչքի առաջին են մարդիս ճանապարհները, եւ նա ուղղում է նորա բոլոր շաւիղները։
22. Չարագործին պիտի բռնեն նորա անօրէնութիւնները, եւ նա պիտի բռնուի իր մեղքի չուաններովը։
23. Նա պիտի մեռնի առանց խրատի, եւ պիտի մոլորուի իր յիմարութեան շատութիւնովը։

Մատթեոս 20:1-16
1. Որովհետեւ նման է երկնքի արքայութիւնը մի տանուտէր մարդի, որ առաւօտանց կանուխ դուրս եկաւ իր այգու համար մշակներ բռնելու։
2. Եւ մշակների հետ օրը մի դահեկանի խօսելով, նորանց ուղարկեց իր այգին։
3. Եւ ժամը երեքի մօտ դուրս եկաւ՝ ուրիշներ տեսաւ, որ հրապարակում պարապ կանգնել էին։
4. Նորանց էլ ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է կտամ ձեզ։
5. Նորանք էլ գնացին. եւ դարձեալ ժամը վեցին եւ իննին դուրս գալով նոյնպէս արաւ։
6. Եւ ժամը տասնեւմէկին մօտ էլ դուրս գալով ուրիշները գտաւ պարապ կանգնած եւ ասեց նորանց. Ինչո՞ւ էք այստեղ բոլոր օրը պարապ կանգնել։
7. Նորան ասեցին. Որովհետեւ ոչ ոք մեզ չվարձեց։ Նորանց ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է՝ կառնէք։
8. Եւ երբոր իրիկուն եղաւ, այգու տէրն իր տան վերակացուին ասեց. Մշակներին կանչիր եւ նորանց վարձքը տուր՝ յետիններիցն սկսած մինչեւ առաջինները։
9. Եւ ժամը տասնեւմէկինները գալով, մի մի դահեկան առան։
10. Առաջիններն էլ եկան՝ եւ կարծեցին, թէ աւելի կառնեն. եւ նորանք էլ մի մի դահեկան առան։
11. Բայց երբոր առան, տան տիրոջիցը տրտնջում էին եւ ասում.
12. Թէ այդ յետինները մէկ ժամ գործեցին, եւ դորանց մեզ հետ հաւասար արիր, որ օրի ծանրութիւնը եւ տաքութիւնը քաշեցինք։
13. Նա էլ պատասխանեց նորանցից մէկին եւ ասեց. Ընկեր, ես չեմ զրկում քեզ. չէ՞ որ դու ինձ հետ մի դահեկանի համաձայնեցիր։
14. Քոնը առ եւ գնա. բայց ես ուզում եմ, որ այս յետինին տամ ինչպէս քեզ։
15. Կամ մի՞թէ ես իշխանութիւն չունիմ՝ անելու ինչ որ ուզեմ իմ ստացուածքին. կամ թէ քո աչքը չա՞ր է որ ես բարերար եմ։
16. Այսպէս յետիններն առաջինք կլինին, եւ առաջիններն յետինք. որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր են ընտրուած։