A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Հունվար 27


Ելից 3:1-22
1. Եւ Մովսէսը Մադիամի քուրմի՝ իր աներոջ Յոթորի հօտը արածեցնում էր. եւ հօտը անապատի ետեւը քշելով Աստուծոյ Քորեբ սարը եկաւ։
2. Եւ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երեւեցաւ նորան մորենու միջից. եւ նա տեսաւ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։
3. Եւ Մովսէսն ասեց՝ Մէկ դառնամ ու տեսնեմ այս մեծ տեսարանը, թէ ինչո՞ւ համար մորենին չէ այրվում։
4. Եւ Եհովան տեսաւ, որ նա դարձաւ տեսնելու, եւ Աստուած մորենու միջիցը կանչեց նորան եւ ասեց. Մովսէս, Մովսէս. եւ նա ասեց. Ահա ես։
5. Եւ ասեց. Այս տեղին մի մօտենար. կօշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է։
6. Նաեւ ասեց. Ես եմ քո հօր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Մովսէսն իր երեսը ծածկեց. որովհետեւ վախեց Աստուծոյն մտիկ տալու։
7. Եւ Եհովան ասեց. Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ.
8. Եւ իջայ նորանց Եգիպտացիների ձեռքիցն ազատելու, եւ նորանց այն երկրիցը մէկ լաւ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր՝ Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների տեղը հանելու։
9. Եւ ահա հիմա Իսրայէլի որդիների աղաղակը ինձ մօտ է հասել. եւ տեսայ էլ այն հարստահարութիւնը, որ Եգիպտացիներն անում են նորանց։
10. Ուստի եկ հիմա քեզ Փարաւօնի մօտ ուղարկեմ, եւ հանիր իմ ժողովուրդը՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը։
11. Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ես ո՞վ եմ որ Փարաւօնի մօտ գնամ, եւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանեմ։
12. Եւ ասեց. թէ Ես քեզ հետ կլինիմ, եւ սա քեզ համար նշան կլինի, որ ես եմ քեզ ուղարկել. երբոր ժողովուրդը Եգիպտոսիցը հանես, այս սարի վերայ կպաշտէք Աստուծոյն։
13. Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ահա ես գնում եմ Իսրայէլի որդիների մօտ, եւ կասեմ նորանց. Ձեր հայրերի Աստուածն ինձ ձեզ մօտ է ուղարկել. եւ երբոր ինձ ասեն. թէ Ի՞նչ է նորա անունը, ես ի՞նչ ասեմ նորանց։
14. Եւ Աստուած ասեց Մովսէսին. Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ։
15. Նաեւ Աստուած ասեց Մովսէսին. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը ինձ ձեզ մօտ ուղարկեց, այս է իմ անունը յաւիտեան, եւ այս է իմ յիշատակը ազգից ազգ։
16. Գնա Իսրայէլի ծերերին մէկտեղ ժողովիր, եւ ասիր նորանց. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը երեւեցաւ ինձ ասելով. Արդարեւ այցելութիւն արի ձեզ, եւ Եգիպտոսի մէջ ձեր քաշածը տեսայ։
17. Եւ ասեցի՝ հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքիցը դէպի Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների երկիրը՝ կաթ եւ մեղր բղխող երկիրը։
18. Եւ նորանք քո ձայնին կլսեն. եւ դու եւ Իսրայէլի ծերերը Եգիպտոսի թագաւորի մօտ կմտնէք, եւ կասէք նորան. Եբրայեցիների Աստուածը՝ Եհովան մեզ հանդիպեց. եւ հիմա թող երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատը, որ մեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանենք։
19. Եւ ես գիտեմ, որ Եգիպտոսի թագաւորը ձեզ թող չի տալու. որ գնաք՝ եւ ոչ էլ՝ զօրաւոր ձեռքով։
20. Եւ ես իմ ձեռքը կերկայնացնեմ եւ կզարկեմ Եգիպտոսը իմ ամեն հրաշքներովը, որ նորա մէջ պիտի անեմ. եւ նորանից յետոյ ձեզ կթողէ։
21. Եւ այս ժողովրդին շնորհք կտամ Եգիպտացիների առաջին. եւ երբոր դուրս գաք, դատարկ չէք դուրս գալ։
22. Այլ ամեն կնիկ իր դրացուց եւ իր տանը բնակուող կնոջից արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ կխնդրէ, եւ կդնէք ձեր որդիների եւ աղջիկների վերայ. եւ Եգիպտոսին կկողոպտէք։

Ելից 4:1-31
1. Եւ Մովսէսը պատասխանեց եւ ասեց. Բայց ահա նորանք ինձ չեն հաւատալ, ոչ էլ իմ ձայնին կլսեն. որովհետեւ կասեն թէ Եհովան քեզ չէ երեւացել։
2. Եւ Եհովան ասեց նորան. Այդ ի՞նչ է քո ձեռքինը. եւ նա ասեց՝ Գաւազան։
3. Եւ ասեց. Գետինը գցիր դորան. եւ նա գետինը գցեց, եւ օձ եղաւ, եւ Մովսէսը նորա առաջիցը փախաւ։
4. Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր եւ ագիիցը բռնիր. եւ նա իր ձեռքը մեկնեց եւ նորան բռնեց, եւ նա գաւազան եղաւ նորա ձեռքումը.
5. Որ հաւատան թէ քեզ երեւեցաւ իրանց հայրերի Եհովայ Աստուածը, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը։
6. Եւ Եհովան դարձեալ ասեց նորան. Հիմա ձեռքդ տար ծոցդ. եւ նա ձեռքը ծոցը տարաւ, եւ դուրս հանեց, եւ ահա ձեռքը ձիւնի պէս բորոտ եղաւ։
7. Եւ ասեց. ձեռքդ դարձեալ ծոցդ տար. եւ նա դարձեալ ձեռքը ծոցը տարաւ, եւ ծոցիցը հանեց, եւ ահա իր մարմնի պէս էր եղել։
8. Եւ իցէ թէ քեզ չհաւատան, եւ առաջի նշանի ձայնին չլսեն, այն ժամանակ միւս նշանի ձայնին կհաւատան։
9. Իսկ իցէ թէ այս երկու նշաններին էլ չհաւատան, եւ քո ձայնին էլ չլսեն, գետի ջրիցը վեր առ, եւ ցամաքի վերայ թափիր, եւ այն ջուրը, որ գետիցը վեր առիր, ցամաքի վերայ արիւն կդառնայ։
10. Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ոհ, Տէր իմ, ես ճարտարախօս չեմ, ոչ երեկուանից ու մէկէլ օրուանից, ոչ էլ ծառայիդ հետ խօսելուցդ յետոյ, այլ ես ծանրախօս եւ ծանրալեզու եմ։
11. Եւ Եհովան ասեց նորան. Ո՞վ է մարդին բերան տուել. կամ ո՞վ է անում համրը կամ խուլը կամ աչք ունեցողը կամ կոյրը, չէ՞ որ ես Եհովաս։
12. Եւ հիմա գնա, եւ ես քո բերանի հետ կլինիմ, եւ քեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի խօսես։
13. Եւ նա ասեց. Ոհ, Տէր իմ, աղաչեմ՝ ուղարկիր որի ձեռքով որ ուզում ես ուղարկել։
14. Եւ Եհովայի բարկութիւնը բորբոքուեց Մովսէսի դէմ, եւ ասեց. Մի՞թէ ես քո Ահարօն եղբօրը՝ Ղեւտացուն չեմ ճանաչում որ ճարտարախօս է. նաեւ ահա նա դուրս է գալիս քեզ դիմաւորելու, եւ քեզ տեսածի պէս իր սրտումը պիտի ուրախանայ։
15. Եւ դու խօսիր նորա հետ, եւ խօսքեր դիր նորա բերանումը. եւ ես քո բերանի եւ նորա բերանի հետ կլինիմ, եւ ձեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի անէք։
16. Եւ քո տեղը նա կխօսէ ժողովրդի հետ. եւ նա քեզ համար բերանի տեղ կլինի, ու դու նորա համար Աստուծոյ տեղ կլինիս։
17. Եւ այս գաւազանն առ քո ձեռքը, որ նորանով անես նշանները։
18. Եւ Մովսէսը գնաց, եւ իր աներ Յոթորի մօտ դարձաւ, եւ ասեց նորան. Թող գնամ, եւ ետ դառնամ Եգիպտոսումը լինող եղբայրներիս մօտ, եւ տեսնեմ թէ տակաւին ո՞ղջ են. եւ Յոթորն ասեց Մովսէսին. Գնա խաղաղութեամբ։
19. Եւ Եհովան Մադիամի մէջ ասեց Մովսէսին. Գնա ետ դարձիր Եգիպտոս, որովհետեւ մեռան այն ամեն մարդիկը, որ քո կեանքը որոնում էին։
20. Եւ Մովսէսն իր կնոջն ու որդիներին առաւ, եւ էշի վերայ հեծցրեց նորանց, եւ ետ դարձաւ Եգիպտոսի երկիրը. եւ Մովսէսն Աստուծոյ գաւազանը իր ձեռքն առաւ։
21. Եւ Եհովան ասեց Մովսէսին. Երբոր ետ դառնաս գնաս Եգիպտոս, նայիր որ Փարաւօնի առաջին անես բոլոր այն հրաշքները, որ ես քո ձեռքը դրի, եւ ես նորա սիրտը կխստացնեմ, եւ նա ժողովրդին թող չի տալ։
22. Եւ ասիր Փարաւօնին, Եհովան այսպէս է ասում. Իսրայէլն իմ որդին՝ իմ անդրանիկն է։
23. Եւ քեզ ասում եմ. Թող տուր իմ որդին որ ինձ պաշտէ. բայց եթէ նորան թող տալ չուզես, ահա ես քո որդին՝ քո անդրանիկը կսպանեմ։
24. Եւ ճանապարհին մի իջեւանում եղաւ, որ Եհովան նորան պատահեց, եւ ուզեց նորան սպանել։
25. Եւ Սեպփօրան մի սուր քար առաւ, եւ իր որդու անթլփատութիւնը թլփատեց, եւ նորա ոտքերի մօտ գցեց, եւ ասեց. թէ Դու ինձ համար մի արիւնոտ փեսայ ես։
26. Այսպէս թող տուաւ նորան. այն ժամանակ ասեց. Թլփատութեան համար արիւնոտ փեսայ։
27. Եւ Եհովան ասեց Ահարօնին. Գնա անապատը Մովսէսին դիմաւորելու. եւ նա գնաց, եւ պատահեց նորան Աստուծոյ սարի վերայ, եւ համբուրեց նորան։
28. Եւ Մովսէսը պատմեց Ահարօնին Եհովայի բոլոր խօսքերը որ ուղարկեց իրան, եւ այն բոլոր նշանները, որ իրան պատուիրեց։
29. Եւ Մովսէսն ու Ահարօնը գնացին, եւ Իսրայէլի որդիների բոլոր ծերերին ժողովեցին։
30. Եւ Ահարօնը Եհովայի Մովսէսին ասած բոլոր խօսքերը պատմեց. եւ նշաններն արաւ ժողովրդի առաջին։
31. Եւ ժողովուրդը հաւատաց. եւ լսեցին, թէ Եհովան այցելութիւն է արել Իսրայէլի որդիներին, եւ թէ նորանց նեղութիւնները տեսել է, եւ խոնարհուեցին եւ երկրպագութիւն արին։

Սաղմոսներ 16:1-6
1. Պահիր ինձ, ով Աստուած, որովհետեւ քեզ եմ յուսացած։
2. Ասեցի Տիրոջը՝ թէ դու ես իմ Տէրը. բարիք չունիմ քեզանից ջոկ։
3. Սուրբերին, որ երկրումն են, եւ փառաւորներին՝ նորանց վերայ է իմ բոլոր հաճութիւնը։
4. Կշատանան նորանց ցաւերը, որ օտար Աստուծոյ ետեւից են վազում. ես չեմ մատուցանել նորանց ընծաները, որ արիւնից են. եւ նորանց անունները իմ շրթունքների վերայ չեմ առնիլ։
5. Տէրն է իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժինը. դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը։
6. Ինձ վիճակ ընկաւ ցանկալի տեղուանքը, եւ այս ժառանգութիւնը հաճոյ է ինձ։

Առակներ 5:1-6
1. Որդեակս, մտիկ տուր իմ իմաստութեանը, եւ ականջ դիր իմ հանճարին,
2. Որ խոհեմութիւն պահես, եւ քո շրթունքները գիտութիւն պահեն։
3. Որովհետեւ օտար կնկայ շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, եւ նորա քիմքը իւղից կակուղ է.
4. Բայց նորա վախճանը դառն է օշինդրի պէս, սուր է երկսայրի սուրի պէս։
5. Նորա ոտները իջնում են մահը, դժոխքին են հասնում նորա քայլերը։
6. Կեանքի ճանապարհովը նա բնաւ չի գնալ, նորա ճանապարհները փոփոխական են. Դու չգիտես։

Մատթեոս 18:1-20
1. Այն ժամումը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ։
2. Եւ Յիսուսն իր մօտ մի երեխայ կանչելով, նորան կանգնեցրեց նորանց մէջտեղը.
3. Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չգաք եւ չլինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։
4. Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ։
5. Եւ ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում։
6. Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի։
7. Վայ աշխարհքիս՝ գայթակղութիւնների համար. որովհետեւ պէտք է որ գայթակղութիւնները գան, սակայն վա՛յ այն մարդին, որի ձեռովը կգայ գայթակղութիւնը։
8. Եւ եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ։
9. Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ։
10. Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չանարգէք. որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։
11. Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը։
12. Ինչպէ՞ս է երեւում ձեզ, եթէ մի մարդի հարիւր ոչխար լինի, եւ նորանցից մէկը մոլորի, նա չի՞ թողիլ իննսուն եւ ինը ոչխարը սարերը եւ գնալ այն մոլորածին որոնել։
13. Եւ եթէ լինի որ գտնէ նորան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորա վերայ աւելի կուրախանայ քան թէ այն իննսուն եւ իննի վերայ որ չեն մոլորած։
14. Այսպէս ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի։
15. Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր։
16. Բայց եթէ չլսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատուի։
17. Բայց եթէ նորանց էլ չլսէ, ասիր եկեղեցուն. ապա եթէ եկեղեցուն էլ չլսէ, թող լինի քեզ համար ինչպէս հեթանոս եւ մաքսաւոր։
18. Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կլինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կլինի։
19. Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։
20. Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։