A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում

Հունվար 23

Ծննդոց 45:1-28
1. Եւ Յովսէփը չկարողացաւ զսպել իրան բոլոր իր մօտ կանգնողների առաջին, եւ աղաղակեց, Դուրս հանեցէք բոլոր այդ մարդիկը իմ մօտից. Եւ մօտը մարդ չկար՝ երբոր Յովսէփն իրան ճանաչեցրեց իր եղբայրներին։
2. Եւ ձայնը լացի տուաւ. Եւ Եգիպտացիք լսեցին եւ Փարաւօնի տունը լսեց։
3. Եւ Յովսէփն ասեց իր եղբայրներին. Ես Յովսէփն եմ. Իմ հայրը տակաւին ո՞ղջ է. Եւ եղբայրները չէին կարողանում պատասխան տալ նորան, որովհետեւ նորա առաջին ապշել մնացել էին։
4. Եւ Յովսէփն ասեց իր եղբայրներին. Ինձ մօտ եկէք, նորանք էլ մօտ եկան. Եւ ասեց. Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որ ինձ ծախեցիք Եգիպտոս։
5. Եւ հիմա մի վշտանաք եւ մի նեղուիք որ ինձ ծախեցիք այստեղ. որովհետեւ Աստուած ուղարկեց ինձ ձեր առաջին կեանք պահելու համար։
6. Որովհետեւ երկրիս վերայ սովի երկրորդ տարին է այս. Եւ տակաւին հինգ տարի կայ որ վարուցան, եւ հունձք չի լինիլ։
7. Եւ Աստուած ինձ ձեր առաջին ուղարկեց որ երկրի վերայ ձեզ համար սերունդ պահէ, եւ ձեզ ապրեցնէ մեծ ազատութիւնով։
8. Եւ արդ՝ ոչ թէ դուք ուղարկեցիք ինձ այս տեղ, այլ Աստուած. Եւ ինձ Փարաւօնին հայր եւ նորա բոլոր տանը տէր Եգիպտոսի բոլոր երկրին իշխան դրաւ։
9. Շուտով իմ հօր մօտ գնացէք, եւ ասեցէք նորան. Այսպէս է ասում քո որդի Յովսէփը, Աստուած բոլոր Եգիպտոսի տէր արաւ ինձ. Ինձ մօտ իջիր, մի կանգնիր։
10. Եւ Գեսեմի երկրումը կբնակուիս, որ ինձանից մօտիկ կլինիս, դու եւ քո որդիքը եւ քո որդիների որդիքը եւ հօտերդ եւ արջառներդ եւ քո բոլոր ունեցածը.
11. Եւ ես քեզ կսնուցանեմ այնտեղ. Որովհետեւ տակաւին հինգ տարի սով կայ. Մի գուցէ չքաւորութիւն քաշես դու եւ քո տունը եւ քո բոլոր ունեցածը։
12. Եւ ահա ձեր աչքերը եւ իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանն է ձեզ հետ խօսողը։
13. Եւ Եգիպտոսի մէջ իմ ունեցած բոլոր փառքը, եւ ձեր բոլոր տեսածը պատմեցէք իմ հօրը, եւ շուտով իմ հօրը այստեղ իջեցրէք։
14. Եւ իր եղբայր Բենիամինի պարանոցովն ընկաւ եւ լացաւ. Բենիամինն էլ նորայ պարանոցի վերայ լացաւ։
15. Եւ իր բոլոր եղբայրներին համբուրեց եւ նորանց վերայ լացաւ. Եւ սորանից յետոյ եղբայրները նորա հետ խօսեցին։
16. Եւ այս լուրը Փարաւօնի տանը լսուեցաւ, թէ Յովսէփի եղբայրները եկել են. Եւ Փարաւօնին եւ նորայ ծառաներին հաճելի եղաւ։
17. Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Քո եղբայրներին ասիր, Սա արէք. Բեռնեցէք ձեր անասունները, եւ Քանանի երկիրը գնացէք.
18. Եւ ձեր հայրն ու ձեր ընտանիքներն առէք, եւ ինձ մօտ եկէք. Եւ Եգիպտոսի երկրի լաւ տեղը ձեզ կտամ, եւ երկրի պարարտութիւնը կուտէք։
19. Եւ քեզ հրաման եղաւ. Սա արէք, ձեր երեխաների համար եւ ձեր կանանց համար Եգիպտոսի երկրիցը կառքեր առէք, եւ ձեր հայրը բերէք, եւ եկէք։
20. Եւ ձեր աչքը ձեր կարասիքի վերայ չմնայ. Որովհետեւ բոլոր Եգիպտոսի երկրի բարիքը ձերն է։
21. Եւ Իսրայէլի որդիներն այնպէս արին. Եւ Յովսէփը նորանց կառքեր տուաւ Փարաւօնի խօսքի պէս, եւ ճանապարհի համար պաշար տուաւ նորանց։
22. Նորանց ամեն մէկին նորանոր հանդերձներ տուաւ, բայց Բենիամինին երեք հարիւր կտոր արծաթ եւ հինգ ձեռք նորանոր հանդերձներ տուաւ։
23. Եւ իր հօր համար այսպիսի բաներ ուղարկեց. Տասը էշ Եգիպտոսի բարիքներով բեռնած՝ եւ տասը էգ էշ ցորենով եւ հացով եւ ուտելիքներով բեռնած իր հօր ճանապարհորդութեան համար։
24. Եւ իր եղբայրներին ուղարկեց, եւ գնացին. Եւ ասեց նորանց. Ճանապարհին չկռուիք։
25. Եւ նորանք Եգիպտոսից ելան, եւ դէպի Քանանի երկիրն իրանց հայր Յակոբի մօտ գնացին.
26. Եւ նորան պատմեցին ասելով. Յովսէփը տակաւին ողջ է, եւ նա իշխում է Եգիպտոսի բոլոր երկրին։ Եւ նորա սիրտը նուաղեց, որովհետեւ չհաւատաց նորանց։
27. Եւ նորան պատմեցին Յովսէփի բոլոր խօսքերը որ իրանց ասել էր, եւ երբ որ տեսաւ Յովսէփի ուղարկած կառքերը որ իրան տանեն, այն ժամանակ իրանց հայր Յակոբի հոգին կենդանացաւ։
28. Եւ Իսրայէլն ասեց. Բաւական է, իմ որդին՝ Յովսէփը տակաւին կենդանի է. գնամ եւ մեռնելիցս առաջ տեսնեմ նորան։

Ծննդոց 46:1-34
1. Եւ Իսրայէլն իր բոլոր ունեցածովը ճանապարհ ելաւ, եւ Բերսաբէէ եկաւ, եւ իր հօր Իսահակի Աստուծոյն զոհեր մատուցրեց։
2. Եւ Աստուած գիշերուայ տեսիլքի մէջ խօսեց Իսրայէլի հետ եւ ասեց. Յակոբ՝ Յակոբ. Եւ նա ասեց. Ահա ես։
3. Եւ ասեց. Ես եմ Աստուածը քո հօր Աստուածը, մի՛ վախիր Եգիպտոս իջնելու. որովհետեւ ես քեզ այնտեղ մեծ ազգ եմ շինելու։
4. Ես քեզ հետ Եգիպտոս կիջնեմ, նաեւ անպատճառ կհանեմ, եւ Յովսէփը կդնէ իր ձեռքը քո աչքերի վերայ։
5. Եւ Յակոբն ելաւ Բերսաբէէիցը. Եւ Իսրայէլի որդիները տարին իրանց հայր Յակոբին եւ իրանց երեխաներին եւ իրանց կանանցը այն կառքերովը, որ Փարաւօնն ուղարկել էր նորան տանելու համար։
6. Եւ առին իրանց անասունները եւ իրանց ստացուածքը որ Քանանի երկրումն ստացել էին, Յակոբը եւ իր բոլոր սերունդը իր հետ։
7. Իր որդիները եւ իր որդկանց որդիները իր հետ, իր աղջկերքը եւ իր որդկանց աղջկերքը եւ իր բոլոր սերունդը իր հետ Եգիպտոս բերաւ։
8. Եւ սորանք են Իսրայէլի որդկանց անունները, որ Եգիպտոս եկան, Յակոբը եւ նորա որդիքը. Յակոբի անդրանիկը Ռուբէն.
9. Եւ Ռուբէնի որդիքը Ենովք, եւ Փաղղուս, եւ Եսրոն եւ Քարմի։
10. Եւ Շմաւոնի որդիքը Յամուէլ, եւ Յամին, եւ Ոհադ, եւ Յաքին, եւ Սահառ, եւ Քանանացի կնոջ որդին, Սաւուղ։
11. Եւ Ղեւիի որդիքը՝ Գերսոն՝ Կահաթ եւ Մերարի։
12. Եւ Յուդայի որդիքը՝ Էր ու Օնան, եւ Սելոմ, եւ Փարէս եւ Զարա. Բայց Էրը եւ Օնանը Քանանի երկրումը մեռան, եւ Փարէսի որդիքը՝ Եսրոն եւ Համուլ։
13. Եւ Իսաքարի որդիքը՝ Թավղա, եւ Փուա, եւ Յոբ եւ Սամրօն։
14. Եւ Զաբուղօնի որդիքը՝ Սարէդ եւ Ելօն եւ Յաղել։
15. Սորանք են Լիայի որդիքը, որոնց Միջագետումը ծնեց Յակոբի համար, եւ նորա Դինա աղջիկը. նորա բոլոր որդիները եւ աղջկերքը երեսունեւերեք հոգի էին։
16. Եւ Գադի որդիքը Սափոն, եւ Անգի, Սունի, եւ Եսբօն, Էրի եւ Արօտի եւ Արելի։
17. Եւ Ասերի որդիքը՝ Յեմնա եւ Յեսուա, եւ Յեսուի, եւ Բարիա, եւ նորանց քոյրը՝ Սարա, եւ Բարիայի որդիքը՝ Քաբեր եւ Մաղքիէլ։
18. Սորանք են Զեղփայի որդիքը՝ որ Լաբանն իր Լիա աղջկանը տուաւ, եւ նա ծնեց սորանց Յակոբի համար՝ տասնեւվեց հոգի։
19. Յակոբի կին Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին։
20. Եւ Յովսէփի համար Եգիպտոսի երկրումը Մանասէն եւ Եփրեմը ծնուեցան, որոնց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկ՝ Ասանէթը ծնեց նորա համար։
21. Եւ Բենիամինի որդիքը՝ Բաղա եւ Բոքոր, եւ Ասբէլ, Գերա, եւ Նէեման, Էհի, եւ Ռովս, Մուփիմ, եւ Ռոփիմ եւ Արեդ։
22. Սորանք են Ռաքէլի որդիքը՝ որոնք ծնուեցան Յակոբի համար, ամենը տասնեւչորս հոգի։
23. Եւ Դանի որդիքը Հուսիմ։
24. Եւ Նեփթաղիմի որդիքը՝ Յասիէլ, եւ Գունի, եւ Յասիր եւ Սիլլեմ։
25. Սորանք են Բաղղայի որդիքը, որ Լաբանն իր աղջկանը տուաւ. Եւ նա Յակոբի համար ծնեց սորանց, ամենը եօթը հոգի։
26. Յակոբի հետ Եգիպտոս եկող բոլոր հոգիները, որ նորա երանքից ելած էին բացի Յակոբի որդկանց կանանցից ամենը վաթսունեւվեց հոգի էին։
27. Եւ Յովսէփի որդիքը՝ որ Եգիպտոսի մէջ նորա համար ծնուեցան, երկու հոգի էին. Յակոբի տան բոլոր հոգիները որ Եգիպտոս գնացին, եօթանասուն էին։
28. Եւ Յուդային ուղարկեց իր առաջին Յովսէփի մօտ, որ Գեսեմը ցոյց տայ նորան. Եւ նորանք եկան Գեսեմի երկիրը։
29. Եւ Յովսէփն իր կառքը պատրաստեց, եւ ելաւ իր հայր՝ Իսրայէլին դիմաւորելու համար Գեսեմ գնաց, եւ երբոր նորան երեւեցաւ, նորա պարանոցովն ընկաւ, եւ նորա պարանոցի վերայ բաւական լացաւ։
30. Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Հիմա թող մեռնիմ քո երեսը տեսնելուցս յետոյ. Որովհետեւ տակաւին կենդանի ես։
31. Եւ Յովսէփն իր եղբայրներին եւ իր հօր տանն ասեց. Վեր գնամ, եւ Փարաւօնին պատմեմ, եւ ասեմ նորան. Իմ եղբայրներն եւ իմ հօր ընտանիքը, որ Քանանի երկրումն էին, ինձ մօտ եկան։
32. Եւ այն մարդիկը հովիւներ են, որովհետեւ խաշանց տէր են, եւ իրանց հօտերը եւ իրանց արջառները եւ իրանց բոլոր ունեցածը բերել են։
33. Եւ կլինի որ, երբ Փարաւօնը ձեզ կանչէ, եւ ասէ. Թէ Ի՞նչ է ձեր արհեստը, ասեցէք.
34. Ծառաներդ մեր մանկութիւնից մինչեւ հիմա՝ մենք էլ, մեր հայրերն էլ, խաշանց տէր ենք. որ Գեսեմի երկրումը բնակուիք. որովհետեւ ամեն հովիւ Եգիպտացիների առաջին գարշելի է։

Սաղմոսներ 12:1-8
1. Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. որովհետեւ հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։
2. Ամեն մարդ զուր բան է խօսում իր ընկերի հետ. նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խօսում։
3. Տէրը կկտրէ ամեն նենգաւոր շրթունքները, եւ մեծ բաներ խօսող լեզուն,
4. Որ ասում են՝ թէ Մեր լեզուներովը զօրաւոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է տէր մեզ համար։
5. Խեղճերի նեղութեան և աղքատների հառաչելու համար հէնց հիմա վեր կկենամ, ասում է Տէրը. փրկութեան մէջը կդնեմ նորան որ փափաքում է նորան։
6. Տիրոջ խօսքերը մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ որ բովի մէջ երկրի վերայ սրբուած և եօթն անգամ պարզուած է։
7. Դու, Տէր, կպահես նորանց, և կապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան։
8. Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մէջ։

Առակներ 4:14-17
14. Անզգամների ճանապարհը մի մտնիր. Եւ մի ման գար չարերի ճանապարհումը։
15. Թող տուր նորան, նորա վերայ մի գնար, նորանից խոտորիր եւ անցիր։
16. Որովհետեւ նորանք չեն քնիլ, մինչեւ որ չարութիւն չանեն. Եւ քնից կզրկուին, եթէ չկործանեն։
17. Նորա համար որ նորանք ամբարշտութեան հացն են ուտում եւ անիրաւութեան գինին խմում։

Մատթեոս 15:1-20
1. Այն ժամանակ Երուսաղէմացի դպիրները եւ Փարիսեցիները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին.
2. Ինչո՞ւ համար քո աշակերտները ծերերի աւանդութիւնը զանց են անում, որովհետեւ իրանց ձեռքերը չեն լուանում, երբոր հաց են ուտում։
3. Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Ապա դուք ինչո՞ւ էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար։
4. Որովհետեւ Աստուած պատուիրեց եւ ասեց. Պատուիր քո հօրը եւ մօրը։
5. Եւ իր հօրը կամ մօրը բամբասողը մահով մեռնի։
6. Բայց դուք ասում էք. թէ Ո՛վ որ հօրը կամ մօրը ասէ՝ պատարագ է այն որ ինձանից պիտի շահուէիր, նա թող չպատուէ իր հօրը եւ իր մօրը։ Եւ ձեր աւանդութեան համար Աստուծոյ պատուէրը խափանել էք։
7. Կեղծաւորներ, լաւ մարգարէացաւ ձեր մասին Եսայիան ասելով.
8. Այս ժողովուրդը իրան բերանովն է մօտենում ինձ, եւ շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրանց սիրտն ինձանից հեռացած ջոկուած է։
9. Զուր տեղն են պաշտում ինձ՝ վարդապետութիւններ սովորեցնելով, որ մարդկանց պատուէրներ են։
10. Եւ ժողովուրդներն իրան մօտ կանչելով, ասեց նորանց. Լսեցէք եւ իմացէք.
11. Ոչ թէ բերանը մտնողն է պղծում մարդին, այլ բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին։
12. Այն ժամանակ նորա աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Գիտե՞ս որ Փարիսեցիներն այն խօսքը լսելով գայթակղուեցին։
13. Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չտնկեց, կպոկուի։
14. Թոյլ տուէք նորանց. կոյր առաջնորդներ են կոյրերի, եւ երբոր կոյրը կոյրին առաջնորդէ, երկուսն էլ փոսի մեջ կընկնեն։
15. Պետրոսը նորան պատասխան տուաւ եւ ասեց. Այս առակը մեկնիր մեզ։
16. Յիսուսն էլ ասեց. Դո՞ւք էլ տակաւին անխելք էք։
17. Տակաւին չէ՞ք հասկանում, թէ ամեն ինչ որ բերանն է մտնում, փորն է գնում եւ արտաքնոցն է գցվում։
18. Բայց բերանիցը դուրս եկող բաները սրտիցն են դուրս գալիս, եւ նորանք են մարդին պղծում։
19. Որովհետեւ սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյութիւններ։
20. Սորանք են մարդին պղծողը, բայց անլուայ ձեռքով ուտելը մարդին չէ պղծում։