A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Հունվար 21


Ծննդոց 41:1-57
1. Եւ եղաւ երկու տարուց յետոյ Փարաւօնը երազ տեսաւ, եւ ահա կանգնել էր գետի եզերքին։
2. Եւ ահա գետիցը գեղեցիկ տեսքով եւ պարարտ մարմնով եօթը երինջներ ելան եւ արածում էին պրտուների մէջ։
3. Եւ ահա նորանց ետեւից ուրիշ եօթը երինջներ ելան գետիցը՝ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, եւ կանգնեցին այն երինջների մօտ գետի եզերքումը։
4. Եւ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով երինջները կերան այն եօթը գեղեցիկ տեսքով ու պարարտ երինջներին։ Եւ Փարաւօնը զարթնեց։
5. Եւ քնեց, եւ երկրորդ անգամ երազ տեսաւ, եւ ահա մէկ փունջի վերայ եօթը պարարտ եւ լաւ հասկեր էին դուրս գալիս։
6. Եւ ահա նորանց ետեւից եօթը վտիտ եւ խորշակահար հասկեր էին բուսնում.
7. Եւ այն վտիտ հասկերը կուլ տուին այն եօթը պարարտ եւ լիքը հասկերին։ Եւ Փարաւօնը զարթնեց, եւ ահա երազ էր։
8. Եւ եղաւ որ առաւօտանց նորա հոգին խռովուեցաւ, եւ նա կանչել տուաւ Եգիպտոսի բոլոր մոգերին, եւ նորա բոլոր իմաստուններին. Եւ Փարաւօնը պատմեց նորանց իր երազները, բայց մէկը չկար, որ մեկնէր նորանց Փարաւօնի համար։
9. Եւ մատռուակապետը խօսեց Փարաւօնի հետ ասելով. Ես այսօր յիշում եմ իմ յանցանքները։
10. Փարաւօնը բարկացաւ իր ծառաների վերայ, եւ ինձ դահճապետի տան բանտը դրաւ՝ ինձ եւ հացագործապետին։
11. Եւ ես ու նա մէկ գիշեր երազ տեսանք. Մեզանից ամեն մէկը իր երազի նշանակութեան պէս երազ տեսանք։
12. Եւ այնտեղ մեզ հետ մի Եբրայեցի պատանի կար՝ դահճապետի ծառան, եւ մենք պատմեցինք նորան, եւ նա մեկնեց մեզ մեր երազները. Ամեն մէկիս իր երազի պէս մեկնեց։
13. Եւ ինչպէս որ նա մեկնեց, այնպէս եղաւ. Ինձ իմ պաշտօնիս դարձրեց, եւ նորան կախեց։
14. Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց եւ կանչեց Յովսէփին, եւ շուտով բանտիցը հանեցին նորան, եւ նա ածիլուեցաւ եւ իր հանդերձները փոխեց, եւ եկաւ Փարաւօնի մօտ։
15. Եւ Փարաւօնը ասեց Յովսէփին. Երազ տեսայ, եւ մէկը չկայ որ մեկնէ նորան. Եւ ես քեզ համար լսեցի որ ասում են. Երազ ես լսում եւ մեկնում։
16. Եւ Յովսէփը պատասխանեց Փարաւօնին եւ ասեց. Ոչ թէ ես. Աստուած կտայ խաղաղութեան պատասխան Փարաւօնին։
17. Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Երազումս ահա գետի եզերքումը կանգնել էի.
18. Եւ ահա գետիցը եօթը երինջներ ելան պարարտ եւ գեղեցիկ տեսքով, եւ պրտուների մէջ արածում էին։
19. Եւ ահա նորանց ետեւից ուրիշ եօթը երինջներ ելան նիհար ու շատ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, որ նորանց պէս զազիր չեմ տեսել Եգիպտոսի բոլոր երկրումը։
20. Եւ այն վտիտ եւ զազիր երինջները կերան առաջի եօթը պարարտ երինջներին։
21. Եւ նորանց փորը գնացին, եւ չէր գիտացվում, թէ նորանք նորանց փորն են գնացել. Այլ նորանց տեսքը զազիր էր ինչպէս առաջ։ Յետոյ զարթնեցի։
22. Եւ երազումս տեսայ, եւ ահա մէկ փունջի վերայ եօթը լիքը եւ լաւ հասկեր էին դուրս գալիս.
23. Եւ ահա նորանց ետեւից եօթը չոր, նիհար խորշակահար հասկեր էին բուսնում.
24. Եւ նիհար հասկերը կուլ տուին այն եօթը լաւ հասկերին։ Եւ ես պատմեցի մոգերին, բայց մէկը չկայ որ ինձ մեկնէ։
25. Եւ Յովսէփն ասեց Փարաւօնին. Փարաւօնի երազը մէկ է. Աստուած իր անելիքը յայտնեց Փարաւօնին։
26. Այն եօթը լաւ երինջները եօթը տարի են, եւ այն եօթը լաւ հասկերը եօթը տարի են. Երազը մէկ է։
27. Եւ այն եօթը վտիտ եւ զազիր երինջները, որ նորանց ետեւից ելան՝ եօթը տարի են, եւ այն եօթը դատարկ խորշակահար հասկերը եօթը տարի սով են նշանակում։
28. Այս է իմ խօսքը որ ասում եմ Փարաւօնին. Թէ Աստուած իր անելիքը Փարաւօնին ցոյց է տուել։
29. Ահա եօթը տարի են գալու, որ բոլոր Եգիպտոսի երկրումը մեծ առատութիւն կլինի։
30. Եւ նորանց ետեւից եօթը տարի սով կգայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ բոլոր առատութիւնը կմոռացուի. Եւ սովը կսպառէ երկիրը.
31. Եւ չի իմացուիլ երկրի մէջ առատութիւնը այն սովի պատճառով, որ նորանից յետոյ կգայ, որովհետեւ շատ սաստիկ կլինի։
32. Եւ երազը երկու անգամ Փարաւօնի համար կրկնուելու պատճառը այս է, որ այս բանը Աստուածանից հաստատուած է, եւ Աստուած շուտով անելու է այս։
33. Եւ հիմա թող Փարաւօնը հանճարեղ եւ իմաստուն մարդ գտնէ, եւ նորան Եգիպտոսի երկրի վերայ դնէ։
34. Թող Փարաւօնը այսպէս անէ, եւ երկրի վերայ գործակալներ նշանակէ, եւ Եգիպտոսի երկրի արմատիքներից առատութեան եօթը տարիներումը հինգից մէկն առնէ։
35. Եւ այն եկող լաւ տարիների բոլոր պաշարը ժողովեն. Եւ Փարաւօնի ձեռքի տակ ցորեն դիզեն, եւ քաղաքներում պաշար պահեն։
36. Եւ կերակուրը պաշար լինի երկրիս համար այն եօթը տարուայ սովի դէմ, որ Եգիպտոսի երկրումը լինելու է, որ երկիրը սովից չկորչի։
37. Եւ այս բանը լաւ երեւեցաւ Փարաւօնի աչքին եւ նորա բոլոր ծառաների աչքին։
38. Եւ Փարաւօնն ասեց իր ծառաներին. Կարո՞ղ ենք գտնել սորա պէս մի մարդ, որի մէջ լինի Աստուծոյ Հոգին։
39. Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. որովհետեւ Աստուած այս ամենը քեզ իմացրեց, քեզ պէս հանճարեղ եւ իմաստուն չկայ։
40. Դու իմ տան վերայ եղիր, եւ իմ բոլոր ժողովուրդը քո բերանին հնազանդուին. Ես միայն աթոռով քեզանից մեծ լինիմ։
41. Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Ահա քեզ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ դրի։
42. Եւ Փարաւօնն իր ձեռքից մատանին հանեց, եւ Յովսէփի ձեռքն անցրեց, եւ նորան բեհեզեայ հանդերձներ հագցրեց, եւ նորա պարանոցին ոսկի մանեակ դրաւ։
43. Եւ իր երկրորդ կառքի վերայ հեծցրեց, եւ գոչում էին նորա առաջին. Ծունր դրէք. Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ նշանակեց նորան։
44. Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Ես Փարաւօնն եմ, եւ առանց քեզ մէկն իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնէ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ։
45. Եւ Փարաւօնը Յովսէփի անունը Փսոմփթոմփանէ դրաւ, եւ Արեգ քաղաքի Պետափրեայ քուրմի աղջիկ Ասանէթը նորան կին տուաւ. Եւ Յովսէփը ելաւ որ Եգիպտոսի երկիրը ման գայ։
46. Եւ Յովսէփը երեսուն տարեկան էր, երբոր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի առաջին կանգնեց, եւ Յովսէփը Փարաւօնի առջեւից դուրս ելաւ եւ Եգիպտոսի բոլոր երկիրը ման եկաւ։
47. Եւ առատութեան եօթը տարիներումը երկիրը խիստ շատ արդիւնք տուաւ։
48. Եւ եօթը տարիներ բոլոր պաշարը որ Եգիպտոսի երկրումը եղաւ, ժողովեց, եւ քաղաքներումը դրաւ պաշարը. Այն քաղաքի շուրջի արտերի պաշարը նոյն քաղաքի մէջ դրաւ։
49. Եւ Յովսէփը ծովի աւազի չափ խիստ շատ ցորեն դիզեց՝ այնչափ որ թուելը ձգեցին, որովհետեւ անթիւ էր։
50. Եւ Յովսէփի համար երկու որդի ծնուեցան սովի տարիները գալուց առաջ, որ Արեգ քաղաքի Պետափրեայ քուրմի աղջիկ Ասանէթը ծնեց նորա համար։
51. Եւ Յովսէփը առաջինեկի անունը Մանասէ դրաւ, որովհետեւ ասեց. Աստուած ինձ մոռացրեց իմ բոլոր վիշտերը, եւ իմ հօր բոլոր տունը։
52. Եւ երկրորդի անունը Եփրեմ դրաւ. որովհետեւ ասեց. Աստուած իմ տառապանաց երկրումն աճեցրեց ինձ։
53. Եւ Եգիպտոսի երկրումն առատութեան եօթը տարին անցաւ։
54. Եւ Յովսէփի ասածի պէս սկսեցին գալ սովի եօթը տարին. Եւ բոլոր երկիրներում սով եղաւ, բայց Եգիպտոսի երկրի մէջ հաց կար։
55. Եւ երբոր Եգիպտոսի բոլոր երկիրը անօթեցաւ, ժողովուրդը հացի համար դէպի Փարաւօնն աղաղակեց. Եւ Փարաւօնն ասեց բոլոր Եգիպտացիներին. Գնացէք Յովսէփի մօտ, ինչ որ ձեզ ասէ արէք։
56. Եւ սովը երկրի բոլոր երեսի վերայ եղաւ. Եւ Յովսէփը բացաւ բոլոր շտեմարանները, որոնց մէջ պաշար կար եւ Եգիպտացիներին պաշար ծախեց. Եւ սովը սաստկացաւ Եգիպտոսի երկրումը։
57. Եւ բոլոր աշխարհ գալիս էին Եգիպտոսի Յովսէփիցը պաշար ծախու առնելու. որովհետեւ ամեն երկրի մէջ սովը սաստկացաւ։

Ծննդոց 42:1-38
1. Եւ Յակոբը տեսաւ, որ Եգիպտոսումը պաշար կայ, եւ Յակոբն ասեց իր որդիներին. Ինչո՞ւ էք իրար մտիկ տալիս։
2. Եւ ասեց. Ահա լսել եմ որ Եգիպտոսումը պաշար կայ, այնտեղ իջէք եւ այն տեղից մեզ համար ծախու առէք որ ողջ մնանք եւ չմեռնինք։
3. Եւ Յովսէփի տասը եղբայրներն իջան Եգիպտոսից ցորեն ծախու առնելու։
4. Բայց Յակոբը Յովսէփի եղբայր Բենիամինին նորա եղբայրների հետ չուղարկեց. որովհետեւ ասեց. Մի գուցէ փորձանք պատահի նորան։
5. Եւ Իսրայէլի որդիները եկան այնտեղ գնացողների հետ պաշար ծախու առնելու. որովհետեւ Քանանի երկրումը սով կար։
6. Եւ Յովսէփն այն երկրի իշխանն էր. և ինքը երկրի բոլոր ժողովրդին պաշար էր ծախում. Յովսէփի եղբայրները եկան, եւ իրանց երեսները մինչեւ գետինը խոնարհութիւն արին նորան։
7. Եւ հէնց որ Յովսէփն իր եղբայրներին տեսաւ՝ ճանաչեց նորանց, բայց իրան նորանց չճանաչեցրեց, եւ նորանց հետ խստութեամբ խօսեց, եւ նորանց ասեց. Ո՞րտեղից էք եկել. Եւ նորանք ասեցին. Քանանի երկրիցը՝ կերակուր ծախու առնելու։
8. Եւ Յովսէփն իր եղբայրներին ճանաչեց, բայց նորանք չճանաչեցին նորան։
9. Եւ Յովսէփը յիշեց այն երազները, որ նորանց վերայ տեսել էր, եւ ասեց նորանց. Դուք լրտեսներ էք. Եկել էք երկրի բացութիւնը տեսնելու։
10. Եւ ասեցին նորան. Ոչ, տէր իմ, այլ քո ծառաները եկել են կերակուր ծախու առնելու։
11. Մենք ամենքս մէկ մարդի որդիներ ենք. Մենք ուղիղ ենք. Ծառաներդ լրտեսներ չեն։
12. Եւ նա ասեց նորանց. Ոչ, այլ եկել էք երկրի բացութիւնը տեսնելու։
13. Եւ նորանք ասեցին. Մենք տասնեւերկու ծառաներդ Քանանի երկրումը մէկ մարդի որդիք ենք՝ եղբայրներ. Եւ ահա կրտսերը այսօր մեր հօր մօտ է, եւ մէկը չկայ։
14. Եւ Յովսէփն ասեց նորանց. Սա է որ ձեզ հետ խօսեցի ասելով. Թէ Դուք լրտեսներ էք.
15. Սորանով պէտք է փորձուիք. Փարաւօնի կեանքը վկայ է, որ դուք այս տեղից չէք դուրս գալ, եթէ ձեր կրտսեր եղբայրը այստեղ չգայ։
16. Ձեզանից մէկին ուղարկեցէք ձեր եղբօրը բերելու, եւ դուք կբանտարկուիք, որ ձեր խօսքերը փորձուին, թէ արդեօք ձեզանում ճշմարտութիւն կա՞յ. Եւ եթէ ոչ, Փարաւօնի կեանքը վկայ է որ դուք լրտեսներ էք։
17. Եւ երեք օր բանտը դրաւ նորանց։
18. Եւ երրորդ օրը Յովսէփն ասեց նորանց. Սա արէք որ ողջ մնաք, ես Աստուածանից վախող եմ։
19. Եթէ դուք ուղիղ էք, ձեր եղբայրներից մէկը ձեր բանտարկուած տան մէջ արգիլուի. Եւ դուք գնացէք, ձեր տան սովածութեան համար պաշար տարէք։
20. Եւ ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ բերէք, որ ձեր խօսքերը ճշմարտանան, եւ չէք մեռնիլ։ Եւ այնպէս արին։
21. Եւ նորանք իրար ասում էին. Իրաւ մենք մեր եղբօր վրայով յանցաւոր ենք, որովհետեւ տեսանք նորա հոգու նեղութիւնը երբոր նա մեզ աղաչում էր, եւ չլսեցինք. Նորա համար գալիս է այս նեղութիւնը մեր վերայ։
22. Եւ Ռուբէնը պատասխանեց նորանց ասելով. Ես չէ՞ի ասում, թէ Այդ տղայի դէմ մեղք մի գործէք, եւ դուք ականջ չդրիք. Եւ ահա հիմա նորա արիւնը պահանջվում է։
23. Եւ նորանք չգիտէին որ Յովսէփը հասկանում էր. որովհետեւ թարգմանով էր խօսում իրանց հետ։
24. Եւ նորանցից բաժանուեցաւ եւ լացաւ. Եւ դարձաւ դէպի նորանց, եւ խօսեց նորանց հետ. Եւ նորանցից Շմաւոնին առաւ, եւ նորանց աչքի առաջին կապեց նորան։
25. Եւ Յովսէփը հրամայեց, որ նորանց ամանները ցորենով լցնեն եւ ամեն մէկի փողը իր քսակի մէջ դնեն, եւ նորանց պաշար տան ճանապարհի համար։ Եւ նորանց այսպէս արաւ։
26. Եւ նորանք իրանց էշերի վերայ բեռնեցին իրանց ցորենը, եւ այն տեղից գնացին։
27. Եւ նորանցից մէկը բացաւ իջեւանումն իր քսակը իր էշին դարման տալու համար, եւ տեսաւ իր փողը, որ ահա իր քսակի բերանումն էր։
28. Եւ իր եղբայրներին ասեց. Փողս ետ է եկել, եւ ահա այստեղ իմ քսակի մէջ է. Եւ նորանց սիրտը խռովուեցաւ, եւ վախելով իրար ասեցին. Սա ի՞նչ է որ Աստուած արաւ մեզ։
29. Եւ եկան Քանանի երկիրը իրանց հայր Յակոբի մօտ, եւ բոլոր իրանց պատահածները պատմեցին նորան ասելով.
30. Այն երկրի տէրը եղող մարդը մեզ հետ խստութեամբ խօսեց, եւ մեզ երկիրը լրտեսողների տեղ դրաւ։
31. Եւ ասեցինք նորան. Մենք ուղիղ ենք. Լրտեսներ չենք.
32. Մենք տասնեւերկուսս եղբայրներ ենք մեր հօր որդիքը. Մէկը չկայ, եւ կրտսերը Քանանի երկրումը մեր հօր մօտ է այսօր։
33. Եւ այն երկրի տէրը եղող մարդը ասեց մեզ. Սորանով կիմանամ թէ դուք ուղիղ էք. ձեր եղբայրներից մէկին ինձ մօտ թողեցէք. Եւ ձեր տան սովածութեան համար պաշար առէք, եւ գնացէք։
34. Եւ ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ բերէք, որ գիտենամ թէ դուք լրտեսներ չէք, այլ ուղիղ էք. ձեր եղբայրը ձեզ կտամ, եւ այս երկրումը առուտուր կանէք։
35. Եւ եղաւ որ նորանք իրանց քսակները դատարկելիս, ահա ամեն մէկի փողի ծրարը իր քսակումն էր. Եւ իրանք ու իրանց հայրը տեսան փողի ծրարները եւ վախեցին։
36. Եւ նորանց հայր Յակոբն ասեց նորանց. Ինձ անորդի թողեցիք. Յովսէփը չկայ, Շմաւոնը չկայ, Բենիամինն էլ էք առնում. Սորանց ամենը ինձ վերայ եկաւ։
37. Եւ Ռուբէնը խօսեց իր հօրը հետ եւ ասեց. Իմ երկու որդիներըս սպանիր, եթէ ես նորան քեզ մօտ չբերեմ. նորան իմ ձեռքը յանձնիր, եւ ես ետ կբերեմ նորան քեզ համար։
38. Բայց Յակոբն ասեց. Իմ որդին ձեզ հետ չի իջնիլ, որովհետեւ նորա եղբայրը մեռած է, եւ նա է մնացել մինակ. Եւ եթէ ձեր գնալու ճանապարհին նորան մի փորձանք պատահելու լինի, իմ սպիտակ մազերը տրտմութիւնով գերեզմանը կիջեցնէք։

Սաղմոսներ 10:12-18
12. Վեր կաց, տէր՝ ով Աստուած, բարձրացրու քո ձեռքը. մի մոռանար նեղեալներին։
13. Ամբարիշտն ի՞նչու հայհոյէ Աստուծուն, եւ իր սրտումն ասէ՝ թէ Դու չես խնդրում։
14. Դու տեսնում ես. որովհետեւ դու մտիկ ես անում այն ցաւին ու նեղութեանը, որ քո ձեռքովը հատուցանես. աղքատն իրան քեզ է յանձնում. դու ես որբի օգնականը։
15. Կոտրիր ամբարշտի եւ չարի բազուկը, որ նորա չարութիւնը խնդրես եւ էլ չգտնես։
16. Տէրն է թագաւոր յաւիտեանս յաւիտենից, հեթանոսները կորչել են նորա երկրիցը։
17. Դու լսում ես աղքատների ցանկութիւնը. Տէր, հաստատիր նորանց սիրտը, և ականջ դիր,
18. Որ դատաստան անես որբին եւ խեղճին, որ երկրից եղող մարդը այլ եւս չհալածէ։

Առակներ 4:7-9
7. Իմաստութեան սկիզբն է՝՝, «իմաստութիւն ստացիր». Եւ քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր։
8. Դու նորան մեծարիր, եւ նա քեզ կբարձրացնէ. Նա քեզ կպատուէ, երբոր նորան գրկես։
9. Նա քեզ գեղեցիկ պսակ կտայ քո գլխի համար, եւ փառքի թագ կպարգեւէ քեզ։

Մատթեոս 14:1-21
1. Այն ժամանակը Հերովդէս չորրորդապետը Յիսուսի համբաւը լսեց.
2. Եւ ասեց իր ծառաներին. Նա Յովհաննէս Մկրտիչն է. Նա մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։
3. Որովհետեւ Հերովդէսը բռնեց Յովհաննէսին, կապեց նորան եւ բանտի մէջ դրաւ՝ իր եղբայր՝ Փիլիպպոսի կնոջ Հերովդիայի համար։
4. Որովհետեւ Յովհաննէսը նորան ասում էր, թէ Արժան չէ քեզ, որ դու դորան ունենաս։
5. Եւ ուզում էր նորան սպանել, բայց ժողովրդիցը վախենում էր, որովհետեւ նորան ընդունում էին ինչպէս մարգարէ։
6. Եւ երբոր Հերովդէսի ծննդեան օրն եղաւ, Հերովդիայի աղջիկը հանդէսի մէջ պարեց՝ եւ հաճոյ թուեցաւ Հերովդէսին։
7. Ապա նա էլ երդումով խոստացաւ նորան տալ ինչ որ ուզէ։
8. Նա էլ առաջ իր մօրից խրատ առնելով՝ ասեց. Տուր այստեղ սկուտեղի վերայ Յովհաննէս Մկրտչի գլուխը։
9. Եւ թագաւորը տրտմեցաւ, բայց իր երդումների եւ իր հետ նստողների համար հրամայեց որ տրուի։
10. Եւ ուղարկեց բանտումը գլխատեց Յովհաննէսին։
11. Եւ նորա գլուխը բերին սկուտեղի վերայ եւ տուին աղջկանը. եւ նա տարաւ իր մօրը։
12. Եւ նորա աշակերտներն եկան՝ մարմինը վեր առան եւ թաղեցին նորան. եւ եկան պատմեցին Յիսուսին։
13. Եւ Յիսուսը լսելով այնտեղից նաւով գնաց առանձին մի անապատ տեղ։ Եւ ժողովուրդներն երբոր լսեցին, այն քաղաքներից ոտով գնացին նորա ետեւից։
14. Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ, շատ ժողովուրդ տեսաւ եւ գթաց նորանց վերայ եւ բժշկեց նորանց հիւանդներին։
15. Եւ երբոր իրիկուն եղավ, աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Տեղս անապատ է, եւ ժամանակն արդէն անցել է. ժողովուրդներն արձակիր որ գնան գիւղերն իրանց համար կերակուր առնեն։
16. Յիսուսն էլ ասեց նորանց. Պէտք չէ որ գնան, դուք տուէք նորանց ուտել։
17. Նորանք էլ ասեցին նորան. Մենք այստեղ բան չունինք, բայց միայն հինգ հաց եւ երկու ձուկ։
18. Նա էլ ասեց. Նորանք այստեղ բերէք ինձ մօտ։
19. Եւ հրամայեց որ ժողովուրդները խոտերի վերայ նստեն. եւ հինգ հացը եւ երկու ձուկն առաւ՝ դէպի երկինքը նայեց՝ օրհնեց, եւ կտրեց, հացերը տուաւ աշակերտներին, եւ աշակերտները ժողովուրդներին։
20. Եւ ամենքը կերան եւ կշտացան, եւ կտորների աւելացածը տասներկու քթոց լիքը վեր առան։
21. Եւ ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին բացի կանանցից եւ երեխաներից։