A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Հունվար 17


Ծննդոց 33:1-20
1. Եւ Յակոբն իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, եւ ահա Եսաւը գալիս էր, եւ նորա հետ չորս հարիւր մարդ. Եւ զաւակներին բաժանեց՝ տուաւ Լիային եւ Ռաքէլին եւ երկու աղախիններին։
2. Եւ աղախիններին իրանց զաւակներովը առաջ դրաւ, եւ Լիային իր զաւակներովը՝ ետեւ, եւ Ռաքէլին ու Յովսէփին՝ ամենից ետեւ։
3. Եւ ինքն անցաւ նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը եօթն անգամ խոնարհութիւն արաւ մինչեւ իր եղբօր մօտենալը։
4. Եւ Եսաւը վազեց նորան դիմաւորելու եւ գրկեց նորան, եւ նորա պարանոցովն ընկաւ եւ համբուրեց նորան. Եւ լացին։
5. Եւ Եսաւն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ կանայքն ու զաւակները եւ ասեց. Սորանք քո ի՞նչն են. Եւ նա ասեց. Այն զաւակներն են, որ Աստուած քո ծառային պարգեւել է։
6. Եւ աղախիններն ու նորանց զաւակները մօտեցան եւ խոնարհութիւն արին։
7. Եւ Լիան էլ եւ իր զաւակները մօտեցան, եւ խոնարհութիւն արին. Եւ յետոյ Յովսէփը եւ Ռաքէլը մօտեցան եւ խոնարհութիւն արին։
8. Եւ Եսաւն ասեց. Ի՞նչ են այս քո բոլոր խումբը, որին ես պատահեցի. Եւ Յակոբն ասեց. Իմ տիրոջ առաջին շնորհք գտնելու համար է։
9. Եւ Եսաւն ասեց. Ես շատ ունիմ, եղբայր իմ, քոնը քեզ լինի։
10. Եւ Յակոբն ասեց. Ոչ, խնդրեմ՝ եթէ քո առաջին շնորհք գտայ, ընդունիր ընծաս իմ ձեռքիցը, հէնց նորա համար որ տեսայ քո երեսը Աստուծոյ երեսը տեսնելու պէս, եւ ինձ հաճեցիր։
11. Խնդրեմ՝ ընդունիր քեզ բերած ընծաս. Որովհետեւ Աստուած ողորմեց ինձ, եւ որովհետեւ ես ամեն բան ունիմ. Եւ ստիպեց նորան, եւ նա էլ ընդունեց։
12. Եւ նա ասեց. Վեր կենանք գնանք. Եւ ես գնամ քո առաջին։
13. Եւ Յակոբն ասեց նորան. Իմ տէրը գիտէ որ զաւակները փափուկ են, եւ իմ հետ եղած հօտերն ու արջառները ձագերով են. Եւ եթէ մէկ օր սաստիկ քշեն նորանց, բոլոր հօտերը կմեռնեն։
14. Ուրեմն թող իմ տէրն իր ծառայի առաջին անցնէ, եւ ես մինակ կամաց կամաց կգնամ իմ առաջին եղած անասունների ոտքովը եւ երեխաների ոտքովը, մինչեւ որ գամ Սէիր իմ տիրոջ մօտ։
15. Եւ Եսաւն ասեց. Թող իմ հետ եղող ժողովրդիցը քեզ մօտ ձգեմ. Եւ նա ասեց. Ինչո՞ւ է պէտք. Թող իմ տիրոջ առաջին շնորհք գտնեմ։
16. Այսպէս ետ դարձաւ Եսաւն այն օրը իր ճանապարհովը դէպի Սէիր։
17. Եւ Յակոբը Սոկքովթ չուեց, եւ իր համար տուն շինեց, եւ իր հօտերի համար փարախներ շինեց. Նորա համար այն տեղի անունը Սոկքովթ ասուեցաւ։
18. Եւ Յակոբը միջագետից գալիս Սիւքէմացոց Սաղէմ քաղաքը եկաւ, որ Քանանի երկրումն է, եւ քաղաքի առաջին բնակուեց։
19. Եւ այն արտի կալուածքը, ուր կանգնեցրել էր իր վրանը, Սիւքէմի հայր Եմովրիցը ծախու առել էր հարիւր կէսիթայի.
20. Եւ այնտեղ մի սեղան շինեց, եւ անունը Էլ-Էլօհէ-Իսրայէլ դրաւ։

Ծննդոց 34:1-31
1. Եւ Լիայի աղջիկ Դինան, որին նա ծնել էր Յակոբի համար, ելաւ այն երկրի աղջկերանց տեսնելու։
2. Եւ այն երկրի իշխան Խեւացի Եմովրի որդի Սիւքէմը տեսաւ նորան, եւ առաւ ու պառկեց նորա հետ, եւ պղծեց նորան։
3. Եւ նորա հոգին Յակոբի Դինա աղջկան յարեց. Եւ սիրեց այն աղջկանը. Եւ աղջկայ հետ քաղցրութեամբ խօսեց։
4. Եւ Սիւքէմը խօսեց իր հայր Եմովրի հետ ասելով, Այս դուստրն ինձ համար կին առ։
5. Եւ Յակոբը լսեց, որ նա իր Դինա աղջկան պղծեց. բայց նորա որդիները նորա հօտերի հետ դաշտումն էին. Եւ Յակոբը լռեց մինչեւ նորանց գալը։
6. Եւ Սիւքէմի հայր Եմովրը գնաց Յակոբի մօտ, նորա հետ խօսելու։
7. Եւ Յակոբի որդիքը հէնց որ լսեցին՝ եկան դաշտիցը. Եւ մարդիկը նեղացան եւ շատ բարկացան, որ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ Յակոբի աղջկան հետ պառկելով, որ այսպէս լինելու չէր։
8. Եւ Եմովրը խօսեց նորանց հետ եւ ասեց. Իմ Սիւքէմ որդու հոգին ձեր աղջկան սիրահարուել է. խնդրեմ նորան կին տուէք նորա համար։
9. Եւ մեզ հետ խնամութիւն արէք. ձեր աղջկերքը մեզ տուէք, եւ մեր աղջկերքը ձեզ համար առէք։
10. Եւ մեզ հետ բնակուեցէք, եւ այս երկիրը ձեր առաջին կլինի. նորանում բնակուեցէք եւ առուտուր արէք, եւ նորանում կալուածքներ ստացէք։
11. Եւ Սիւքէմն ասեց աղջկայ հօրը եւ նորա եղբայրներին. Թող ձեր առջեւ շնորհք գտնեմ, եւ ինչ որ ինձ ասէք, կտամ։
12. Ինձ վերայ դրէք խիստ շատ օժիտ եւ ընծայ, եւ ես կտամ ինչպէս որ ինձ ասէք, միայն թէ աղջիկն ինձ կին տուէք։
13. Եւ Յակոբի որդիքը խաբէութեամբ պատասխանեցին Սիւքէմին եւ նորա հայր Եմովրին, եւ ասեցին, (որ իրենց Դինա քրոջը պղծել էր,)
14. Եւ ասեցին նորանց. Մենք չենք կարող այս բանը անել, որ մեր քոյրը տանք մի մարդի, որ անթլփատ է. ըստ որում դա մեզ համար ամօթ բան է։
15. Բայց միայն սորանով կհամաձայնուենք ձեզ հետ եթէ մեզ պէս լինիք՝ ձեզանից ամեն մի արուն թլփատուելով։
16. Այն ժամանակ մեր աղջկերքը ձեզ կտանք, եւ ձեր աղջկերքը մենք կառնենք, եւ ձեզ հետ կբնակուենք, ու մէկ ժողովուրդ կլինինք։
17. Բայց եթէ մեզ ականջ չդնէք որ թլփատուիք, այն ժամանակ մենք մեր աղջիկը կառնենք ու կգնանք։
18. Եւ նորանց խօսքը հաճելի եղաւ Եմովրին, եւ Եմովրի որդի Սիւքէմին։
19. Եւ այն պատանին չուշացաւ այս բանը անելու. որովհետեւ Յակոբի աղջկան հաւանել էր, եւ նա իր հօր տանը մէջ եղողների ամենից պատուականն էր։
20. Եւ Եմովրը եւ նորա որդի Սիւքէմը եկան իրանց քաղաքի դուռը, եւ իրանց քաղաքի մարդկանց հետ խօսեցին ասելով,
21. Այս մարդիկը խաղաղութեամբ են վարվում մեզ հետ. ուստի թող այս երկրում բնակուեն եւ նորա մէջ առուտուր անեն. եւ ահա երկիրը ընդարձակ է նորանց առաջին. եկեք նորանց աղջկերքը մեզ համար կին առնենք, եւ մեր աղջկերքը նորանց տանք։
22. Միայն սորանով են այն մարդիկը մեզ հետ համաձայնվում որ մեզ հետ բնակուեն մէկ ժողովուրդ լինելու համար, որ մեզանից ամեն արուն թլփատուի ինչպէս որ նորանք են թլփատվում։
23. Նորանց հօտերը եւ նորանց ստացուածքը, եւ ամեն անասունները մի՞թէ մերը չեն լինիլ. միայն թէ մենք նորանց հետ համաձայնուենք, որ մեզ հետ բնակուեն։
24. Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին ականջ դրին նորա քաղաքի դռնից դուրս եկողների բոլորը. Եւ ամեն արու որ նորա քաղաքի դռնից դուրս էր գալիս, թլփատուեցաւ։
25. Եւ եղաւ երրորդ օրը, երբոր նորանք ցաւի մէջն էին, Յակոբի երկու որդիքը Շմաւոնը եւ Ղեւին՝ Դինայի եղբայրները ամեն մէկն իր սուրն առաւ, եւ համարձակ մտան քաղաքը, եւ սպանեցին ամեն արուն.
26. Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին սուրի բերանով սպանեցին. Եւ Սիւքէմի տանիցն առին Դինան եւ դուրս եկան։
27. Եւ Յակոբի որդիքը այն սպանուածների վերայ եկան, եւ քաղաքը կողոպտեցին, որ իրանց քրոջը պղծել էին։
28. Նորանց հօտերը եւ նորանց արջառները եւ նորանց էշերը եւ քաղաքումը եղածը եւ դաշտումը եղածը առին։
29. Եւ նորանց բոլոր ստացուածքը եւ նորանց բոլոր տղերքն ու կանայքը գերի առին եւ կողոպտեցին տան մէջ բոլոր գտնուածը։
30. Եւ Յակոբն ասեց Շմաւոնին եւ Ղեւիին, Ինձ այս երկրի բնակիչների՝ Քանանացիների եւ Փերեզացիների մէջ ատելի անելով ինձ փորձանքի մէջ գցեցիք. Եւ ինձ հետ քիչ մարդիկ կան. Նորանք ինձ վերայ կհաւաքուին, ինձ կզարկեն, կկորչեմ ես եւ իմ տունը։
31. Եւ նորանք ասեցին. Ապա բոզի պէս պէ՞տք էր անել մեր քրոջը։

Սաղմոսներ 9:1-5
1. Ես կգոհանամ քեզանից, Տէր, իմ բոլոր սրտովը. կպատմեմ քո ամեն հրաշքները։
2. Ուրախ կլինիմ ու կցնծամ քեզանով, սաղմոս կասեմ քո անունին, ով Բարձրեալ։
3. Իմ թշնամիները ետ դառնալիս՝ կործանվում եւ քո երեսիցը կորչում են։
4. Որովհետեւ դու արիր իմ դատաստանը եւ իրաւունքը. դու աթոռի վերայ նստեցիր, ով արդար դատաւոր։
5. Դու սաստեցիր հեթանոսներին եւ կորցրիր ամբարշտին. նորանց անունը ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։

Առակներ 3:21-26
21. Որդեակս, սորանք չգնան քո աչքի առաջից, պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը։
22. Եւ նորանք քո հոգիի համար կեանք լինին, եւ շնորհք՝ քո պարանոցի համար։
23. Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհովը, եւ ոտքդ չի գայթիլ։
24. Եթէ պառկես, չես վախենալ. Եւ կպառկես եւ քունդ քաղցր կլինի։
25. Յանկարծահաս երկիւղիցը չես վախենալ, եւ ամբարիշտների փոթորիկիցը, երբոր գայ։
26. Որովհետեւ Տէրը կլինի քո յոյսը, եւ նա կպահէ քո ոտքը, որ չբռնուի։

Մատթեոս 12:1-21
1. Այն ժամանակ Յիսուսը շաբաթ օրը գնաց արտերի միջովը, եւ նորա աշակերտները սովեցին, եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել։
2. Եւ երբոր Փարիսեցիները տեսան, նորան ասեցին. Ահա քո աշակերտներն անում են ինչ որ արժան չէ շաբաթ օրն անել։
3. Նա էլ ասեց նորանց. Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արաւ Դաւիթը, երբոր ինքը սովեց եւ նորա հետ լինողներն էլ.
4. Ինչպէս Աստուծոյ տունը մտաւ եւ առաջաւորութեան հացը կերաւ, որ օրինաւոր չէր նորան ուտել, եւ ոչ էլ նորա հետ լինողներին, բայց միայն քահանաներին։
5. Կամ չէ՞ք կարդացել օրէնքումը, որ քահանաները շաբաթ օրերումն տաճարի մէջ շաբաթը պղծում են, եւ անմեղ են։
6. Բայց ես ասում եմ ձեզ՝ որ տաճարիցն էլ մեծն է այստեղ։
7. Բայց եթէ գիտէիք՝ ի՛նչ է «Ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ.» դուք չէիք դատապարտիլ անմեղներին։
8. Որովհետեւ մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։
9. Եւ Յիսուսը այնտեղից գնաց՝ եկաւ նորանց ժողովարանը։
10. Եւ ահա մի մարդ կար՝ ձեռքը չորացած. նորան հարցրին եւ ասեցին թէ՝ Շաբաթ օրը արժա՞ն է բժշկութիւն անել, որ նորանից չարախօսեն։
11. Եւ նա ասեց նորանց. Ո՞վ կլինի ձեզանից այն մարդը, որ մէկ ոչխար ունենայ, եւ եթէ նա շաբաթ օրը ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնիլ նորան եւ վեր հանիլ։
12. Ապա որքա՞ն առաւել է մարդը ոչխարից. ապա ուրեմն արժան է շաբաթ օրը բարիք գործել։
13. Այն ժամանակ ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ մեկնեց, եւ նա ողջ եղաւ ինչպէս միւսը։
14. Բայց Փարիսեցիները դուրս գնացին եւ նորա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորցնեն նորան։
15. Եւ Յիսուսն իմանալով՝ հեռացաւ այնտեղից, եւ շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից. եւ նա նորանց ամենին բժշկեց։
16. Եւ նորանց սաստեց՝ որ նորան յայտնի չանեն.
17. Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը որ ասում է.
18. Ահա իմ ծառան, որին ես ընտրեցի, եւ իմ սիրելին՝ որին իմ անձը հաւանել է. իմ Հոգին նորա վերայ կդնեմ, եւ նա հեթանոսներին իրաւունք կպատմէ։
19. Նա ոչ կհակառակէ, եւ ոչ կաղաղակէ, եւ ոչ էլ հրապարակների մէջ մէկը նորա ձայնը կլսէ։
20. Ջախջախուած եղէգը չի փշրիլ, եւ հանգչող պատրոյգը չի հանգցնիլ մինչեւ որ դատաստանը յաղթութեան հանէ։
21. Եւ հեթանոսները յոյս կդնեն նորա անունին։