A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Հունվար 16


Ծննդոց 31:1-55
1. Եւ Յակոբը լսեց Լաբանի որդկանց խօսքերը, որ ասում էին. Յակոբը մեր հօր բոլոր ունեցածն առաւ, եւ այս բոլոր փառքը մեր հօր ստացուածքիցն ստացաւ.
2. Եւ Յակոբը Լաբանի երեսին մտիկ տուաւ, եւ ահա նորան հետ երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս չէր։
3. Եւ Եհովան ասեց Յակոբին. դարձիր քո հայրենիքը եւ քո ծննդեան երկիրը, եւ ես քեզ հետ կլինիմ։
4. Եւ Յակոբը մարդ ուղարկեց, եւ կանչեց Ռաքէլը եւ Լիան դաշտը իր հօտերի մօտ.
5. Եւ ասեց նորանց. Ես ձեր հօր երեսը տեսնում եմ, որ ինձ դէմ երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս չէ. բայց իմ հօր Աստուածն ինձ հետ է։
6. Եւ դուք գիտէք, որ ես իմ բոլոր զօրութեամբը ծառայեցի ձեր հօրը.
7. Իսկ ձեր հայրն ինձ խաբեց, եւ իմ վարձքը տասը անգամ փոխեց. բայց Աստուած նորան թոյլ չտուաւ ինձ վնասելու։
8. Որովհետեւ եթէ նա այսպէս էր ասում, թէ Քո վարձքը պիսակները լինին, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակ էին ծնում. Եւ եթէ այսպէս էր ասում, թէ Քո վարձքը բիծաւորները լինին, այն ժամանակ բոլոր ոչխարները բիծաւոր էին ծնում։
9. Այսպէս Աստուած ձեր հօր հօտերն առաւ եւ ինձ տուաւ.
10. Եւ եղաւ որ հօտերի տաքացած ժամանակ, աչքերս բարձրացրի եւ երազում տեսայ, եւ ահա հօտերի հետ զուգաւորուող խոյերը բիծաւոր խայտախարիւ, եւ գորշախայտ էին։
11. Եւ Աստուծոյ հրեշտակն ասեց ինձ երազի մէջ. Յակոբ. Եւ ես ասեցի. Ահա ես։
12. Եւ նա ասեց. Աչքերդ բարձրացրու, եւ հօտերի հետ զուգաւորուող խոյերին նայիր. Բիծաւոր, խայտախարիւ եւ գորշագոյն են. որովհետեւ տեսայ բոլորն ինչ որ քեզ արաւ Լաբանը։
13. Ես եմ Բեթէլի Աստուածը, որ այնտեղ արձան օծեցիր, եւ ինձ այնտեղ ուխտ արիր. Հիմա վեր կաց գնա այս երկրիցը, եւ քո ծննդեան երկիրը դարձիր։
14. Եւ Ռաքէլն ու Լիան պատասխանեցին եւ ասեցին նորան. Տակաւին մեր հօր տանը մեզ համար բաժին եւ ժառանգութիւն կա՞յ։
15. Մի՞թէ մենք օտարականներ չհամարուեցա՞նք նորա համար. որովհետեւ մեզ ծախեց, եւ մեր փողն էլ կերաւ.
16. Սորա համար այն բոլոր հարստութիւնը որ Աստուած մեր հօրիցն առաւ, մերն է եւ մեր զաւակներինն է. Եւ հիմա ինչ որ Աստուած քեզ ասել է, արա։
17. Եւ Յակոբը վեր կացաւ եւ իր որդիներն ու կնիկները ուղտերի վերայ հեծցրեց,
18. Եւ քշեց իր բոլոր անասուններն ու իր բոլոր ստացուածքը որ ստացաւ, իր ստացած անասունները որ Փադան-արամումը (Միջագետումն) ստացաւ, դէպի իր Իսահակ հօրը գնալու՝ Քանանի երկիրը։
19. Եւ Լաբանը գնացել էր իր խաշինքը ասրակտուր անելու. Եւ Ռաքէլն իր հօր թերափիմները գողացաւ։
20. Եւ Յակոբն Ասորի Լաբանից ծածուկ փախաւ. որովհետեւ նորան չիմացրեց թէ փախչում է։
21. Այսպէս փախաւ նա եւ իր բոլոր ունեցածը, եւ վեր կացաւ ու Գետիցն անցաւ. Եւ իր երեսը դէպի Գաղաադ սարը դարձրեց։
22. Եւ երրորդ օրը Լաբանին պատմուեցաւ, թէ Յակոբը փախել է։
23. Եւ նա իր եղբայրներին հետ առաւ, եւ նորա ետեւից եօթը օրուայ ճանապարհ գնաց, եւ նորան հասաւ Գաղաադ սարումը։
24. Եւ Աստուած գիշերուայ երազում Ասորի Լաբանի մօտ եկաւ եւ ասեց նորան. Զգուշացիր որ Յակոբի հետ ոչ լաւ եւ ոչ վատ չխօսես։
25. Եւ Լաբանը հասաւ Յակոբին. Եւ Յակոբն իր վրանը բացել էր սարումը. Եւ Լաբանն իր եղբայրների հետ Գաղաադ սարումը բացաւ։
26. Եւ Լաբանն ասեց Յակոբին. Սա ի՞նչ արիր որ ինձանից ծածուկ փախիր, եւ իմ աղջիկները որով գերի առուածների պէս քշեցիր։
27. Ինչո՞ւ թաքցրիր եւ ինձանից ծածուկ փախիր, եւ ինձ չիմացրիր, որ ես քեզ ճանապարհ դնէի ուրախութեամբ եւ երգերով, թմբուկներով եւ քնարներով։
28. Եւ թոյլ չտուիր ինձ, որ որդիներս ու աղջիկներս համբուրէի. Հիմա յիմարութիւն արիր։
29. Իմ ձեռքն ոյժ ունի ձեզ չարիք անելու. բայց ձեր հօր Աստուածը երէկ գիշեր ինձ հետ խօսեց ասելով. Զգուշացիր որ Յակոբի հետ ոչ լաւ ոչ վատ չխօսես։
30. Եւ հիմա գնալը գնում ես՝ ըստ որում քո հօր տանը փափաքելով փափաքեցիր. բայց ինչո՞ւ համար գողացիր իմ աստուածները։
31. Եւ Յակոբը պատասխանեց եւ ասեց Լաբանին. Նորա համար որ վախեցի, որովհետեւ ասեցի. Մի գուցէ յափշտակես քո աղջիկներն ինձանից։
32. Բայց քո աստուածները որի մօտ որ գտնես, թող նա չապրի. Մեր եղբայրների առաջին պտրտիր. ինչ որ ինձ մօտ լինի՝ առ քեզ համար. որովհետեւ Յակոբը չգիտէր որ Ռաքէլը գողացել էր նորանց։
33. Եւ Լաբանը մտաւ Յակոբի վրանը եւ Լիայի վրանը եւ երկու աղախինների վրանը, բայց չգտաւ, եւ Լիայի վրանից դուրս եկաւ եւ Ռաքէլի վրանը մտաւ։
34. Եւ Ռաքէլն առաւ կուռքերը եւ նորանց դրաւ ուղտի պատատումը, եւ վերան նստեց. Եւ Լաբանը բոլոր վրանը պտրտեց, բայց չգտաւ։
35. Եւ նա իր հօրն ասեց. Թող իմ տէրը չբարկանայ, որ չեմ կարող վեր կենալ քո առաջին, որովհետեւ կանանց սովորութեան մէջ եմ։ Եւ նա պտրտեց, բայց կուռքերը չգտաւ։
36. Եւ Յակոբը բարկացաւ եւ վիճում էր Լաբանի հետ. Եւ Յակոբը պատասխանեց եւ ասեց Լաբանին. Ի՞նչ է իմ յանցանքը, ի՞նչ է իմ մեղքը, որ ետեւիցս ընկար։
37. Որ իմ բոլոր կարասիքը խառնեցիր. Ի՞նչ գտար քո տան ամեն կարասիքիցը. Այստեղ դիր իմ եղբայրների եւ քո եղբայրների առաջին, եւ թող նորանք դատեն մեր երկուսի մէջ։
38. Ահա քսան տարի է, որ քեզ հետ եմ. Ոչխարներդ ու այծերդ ձագ չվիժեցին. Եւ քո հօտի խոյերը չկերայ.
39. Գազանից պատառուածը չբերի քեզ մօտ. Ես էի քաշում վնասը. Ցերեկը գողացուածը եւ գիշերը գողացուածը իմ ձեռքիցն էիր պահանջում։
40. Այսպէս էի. Ցերեկով տաքը եւ գիշերով ցուրտն էր մաշեցնում ինձ, եւ քունս փախել էր աչքերիցս։
41. Այսպէս քսան տարի քո տանը քեզ ծառայեցի, տասնեւչորս տարի քո երկու աղջիկների համար, եւ վեց տարի քո հօտերի համար. Եւ տասն անգամ փոխեցիր իմ վարձքը։
42. Եթէ իմ հօր Աստուածը, Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Երկիւղը ինձ հետ չլինէր, անպատճառ ինձ հիմա դատարկ էիր ճանապարհ դրել։ Աստուած տեսաւ իմ տառապանքը եւ իմ ձեռքի աշխատութիւնը, եւ երէկ գիշեր քեզ յանդիմանեց։
43. Եւ Լաբանը պատասխանեց եւ ասեց Յակոբին. Այս աղջիկները իմ աղջիկներն են, եւ այս որդիները իմ որդիներն են, եւ այս հօտերն իմ հօտերն են, եւ ամեն ինչ որ դու տեսնում ես, իմս են. Եւ ի՞նչ անեմ այսօր այս իմ աղջիկներին կամ իրանց ծնած զաւակներին։
44. Բայց հիմա եկ, ես եւ դու ուխտ անենք, եւ իմ ու քո մէջտեղը վկայութիւն լինի։
45. Եւ Յակոբը մի քար առաւ, եւ արձան կանգնեցրեց նորան։
46. Եւ Յակոբն իր եղբայրներին ասեց. Քարեր ժողովեցէք. Եւ նորանք քարեր առին եւ դէզ շինեցին, եւ այնտեղ այն դէզի վերայ հաց կերան։
47. Եւ Լաբանը նորա անունը Եէկար-սահադութա դրաւ, բայց Յակոբը նորա անունը Գաղաադ դրաւ։
48. Եւ Լաբանն ասեց. Այս դէզը այսօր իմ ու քո մէջտեղը վկայ է. Նորա համար նորա անունը Գաղաադ ասուեցաւ.
49. Եւ Մասփա էլ. որովհետեւ ասեց. Եհովան դիտէ իմ ու քո մէջտեղը, երբ մենք իրարից բաժանուենք։
50. Եթէ իմ աղջիկներին վշտացնես, եւ կամ իմ աղջիկների վերայ ուրիշ կանայք առնես, մէկը չկայ մեզ հետ. Տես իմ ու քո մէջտեղը Աստուած է վկայ։
51. Եւ Լաբանն ասեց Յակոբին. Ահա այս դէզը, եւ ահա այն արձանը, որ ես կանգնեցրի իմ ու քո մէջտեղը.
52. Վկայ է այս դէզը եւ վկայ է այս արձանը, որ ես այս դէզից չանցնեմ դէպի քեզ, եւ դու այս դէզից եւ այս արձանից չանցնես դէպի ինձ, չարիքի համար։
53. Աբրահամի Աստուածը եւ Նաքովրի Աստուածը, նորանց հայրերի Աստուածը մեր մէջը դատաւոր լինի։ Եւ Յակոբն իր հայր Իսահակի Երկիւղովը երդում արաւ։
54. Եւ Յակոբը զոհեր մատուցրեց այն սարի վերայ, եւ իր եղբայրներին կանչեց հաց ուտելու. Եւ հաց կերան, եւ գիշերը սարումը մնացին։
55. Եւ Լաբանն առաւօտանց կանուխ վերկացաւ եւ իր որդիներին եւ իր աղջիկներին համբուրեց, եւ օրհնեց նորանց. Եւ Լաբանը գնաց եւ իր տեղը դարձաւ։

Ծննդոց 32:1-32
1. Եւ Յակոբը գնաց իր ճանապարհը, եւ Աստուծոյ հրեշտակները նորան պատահեցին։
2. Եւ Յակոբը երբոր տեսաւ նորանց, ասեց. Սա Աստուծոյ բանակն է, եւ այն տեղի անունը Մանայիմ դրաւ։
3. Եւ Յակոբն իր առջեւ պատգամաւորներ ուղարկեց իր եղբայր Եսաւին դէպի Սէիր երկիրը Եդովմի գաւառը։
4. Եւ պատուիրեց նորանց ասելով. Այսպէս ասացէք իմ տիրոջ Եսաւին, քո ծառայ Յակոբը այսպէս է ասում. Լաբանի մօտ պանդխտութիւն արի, եւ մինչեւ հիմա ուշացայ։
5. Եւ ունիմ արջառներ եւ էշեր, հօտեր եւ ծառաներ եւ աղախիններ. Հիմա ուղարկում եմ իմ տիրոջն իմացնելու, որ քո առաջին շնորհք գտնեմ։
6. Եւ պատգամաւորները յետ դարձան Յակոբի մօտ եւ ասեցին. Քո եղբօր Եսաւի մօտ գնացինք, եւ նա էլ չորս հարիւր մարդով գալիս է քեզ դիմաւորելու։
7. Եւ Յակոբը շատ վախեց եւ շփոթուեցաւ, եւ իր հետ եղած ժողովուրդը, եւ հօտերը եւ արջառները, եւ ուղտերը երկու խումբի բաժանեց,
8. Եւ ասեց. Եթէ Եսաւը մէկ խումբին հասնէ, եւ նորան զարկելու լինի, միւս խումբը կազատուի։
9. Եւ Յակոբն ասեց Ով իմ հօր Աբրահամի Աստուած, եւ իմ հօր Իսահակի Աստուած, ով Եհովայ, որ ասեցիր ինձ. Ետ դարձիր քո երկիրը եւ քո հայրենիքը, եւ քեզ բարիք կանեմ.
10. Ես արժանի չեմ այն ամեն ողորմութիւններին եւ ամեն հաւատարմութեանը, որ քո ծառային արել ես. որովհետեւ իմ գաւազանովն անցայ այս յորդանանիցը, եւ հիմա երկու խումբի տէր եղայ։
11. Ազատիր հիմա ինձ իմ եղբայր Եսաւի ձեռքիցը, որովհետեւ նորանից վախում եմ, մի գուցէ գայ եւ զարկէ ինձ և մօրը տղաներովը։
12. Եւ դու ասել ես, թէ անպատճառ քեզ բարիք կանեմ, եւ քո սերունդը ծովի աւազի չափ կանեմ, որ շատութիւնից չի համրուիլ։
13. Եւ այն գիշերն այնտեղ մնաց. Եւ իր ձեռքի եղածիցն իր եղբայր Եսաւի համար ընծաներ առաւ.
14. Երկու հարիւր էգ ոչխար եւ քսան խոյ,
15. Երեսուն ծիծ տուող ուղտ իրանց ձագերովը, քառասուն կով եւ տասը ցուլ, քսան էգ էշ եւ տասը աւանակ։
16. Եւ ամեն մէկ հօտը ջոկ ջոկ իր ծառաների ձեռքը յանձնեց, եւ ասեց իր ծառաներին. Առաջս անցէք, եւ հօտերի մէջտեղը միջոց թողեցէք։
17. Եւ առաջինին պատուիրեց ասելով. Երբոր իմ եղբայր Եսաւը քեզ պատահէ եւ քեզ հարցնէ, ասելով՝ Դու որի՞նն ես եւ ո՞ւր ես գնում, եւ այս առաջիններդ որի՞նն են.
18. Այն ժամանակ ասիր. Քո ծառայ Յակոբինն է. Սա ընծայ է ուղարկուած իմ տէր Եսաւին, եւ ահա ինքն էլ մեր ետեւին է։
19. Եւ այսպէս էլ պատուիրեց երկրորդին, եւ երրորդին, եւ հօտերի ետեւից բոլոր գնացողներին, եւ ասեց. Այս խօսքի պէս խօսեցէք Եսաւի հետ, երբոր նորան գտնէք։
20. Եւ ասեցէք. Ահա քո ծառայ Յակոբն էլ մեր ետեւին է. որովհետեւ ասում էր, կկակղացնեմ նորա երեսն այս ընծայներով, որ իմ առաջին գնում են, եւ յետոյ կտեսնեմ նորա երեսը, գուցէ ինձ ընդունէ։
21. Եւ ընծայները նորա առաջին գնացին. Եւ նա այն գիշերը այնտեղ մնաց բանակի մէջ։
22. Եւ այն գիշերը վեր կացաւ, եւ իր երկու կանայքը, եւ իր երկու աղախինները, եւ իր տասնեւմէկ որդիներն առաւ, եւ Յաբօկի անցքիցն անցաւ։
23. Եւ նորանց առաւ, ու վտակիցն անցրեց, եւ իր բոլոր ունեցածն անցրեց։
24. Եւ Յակոբը մինակ մնաց, եւ մի մարդ գօտէմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը։
25. Եւ տեսաւ որ չկարողացաւ նորան յաղթել, նորա զստի ամոլաջիլը թուլացաւ նորա գօտէմարտած ժամանակը։
26. Եւ նա ասեց. Թող տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց. Եւ Յակոբն ասեց. Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնես։
27. Եւ նա ասեց նորան. Ի՞նչ է անունդ. Նա էլ ասեց. Յակոբ է։
28. Եւ նա ասեց. Այլ եւս քո անունը Յակոբ չասուի, այլ Իսրայէլ. որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր, եւ յաղթեցիր։
29. Եւ Յակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչեմ՝ անունդ ասիր։ Եւ նա ասեց. Ինչո՞ւ ես իմ անունը հարցնում. Եւ նա օրհնեց նորան այնտեղ։
30. Եւ Յակոբն այն տեղի անունը Փանուէլ դրաւ. որովհետեւ ասեց. Դէմ առ դէմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց։
31. Եւ արեգակը դուրս եկաւ նորա վերայ, երբոր Փանուէլիցն անցաւ. Եւ իր զստի վերայ կաղում էր։
32. Նորա համար Իսրայէլի որդիքը զստի վերայ թուլացած ջիղը չեն ուտում մինչեւ այսօր, որովհետեւ Յակոբի զստի թուլացած ջիղին դիպաւ։

Սաղմոսներ 8:6-9
6. Դու իշխան կարգեցիր նորան քո ձեռքի գործքերի վերայ. ամեն բան նորա ոտքի տակ դրիր.
7. Ամեն ոչխարներն ու եզները եւ վայրի գազաններն էլ.
8. Երկնքի թռչունները ու ծովի ձկները, և ինչ որ ման է գալիս ծովի ճանապարհներումը։
9. Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ։

Առակներ 3:19-20
19. Տէրը իմաստութիւնով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։
20. Նորա գիտութիւնովն անդունդները յորդեցին, եւ ամպերը ցօղ ցանեցին։

Մատթեոս 11:1-30
1. Եւ եղաւ երբոր Յիսուսն իր տասնեւերկու աշակերտներին պատուէր տալը վերջացրեց, այնտեղից գնաց նորանց քաղաքներումը սովորեցնելու եւ քարոզելու։
2. Եւ Յովհաննէսը բանտումը Քրիստոսի գործերը լսելով, իր աշակերտներից երկուսին ուղարկեց։
3. Եւ նորան ասեց, Դո՞ւ ես այն որ գալու էիր, թէ ուրիշի սպասենք։
4. Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ լսում էք եւ տեսնում էք։
5. Կոյրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, եւ աղքատներին աւետարան է քարոզվում.
6. Եւ երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղուիլ։
7. Բայց երբոր նորանք գնացին, Յիսուսն սկսեց ժողովուրդներին ասել Յովհաննէսի համար. Ի՞նչ տեսնելու դուրս գնացիք անապատը, մի եղէ՞գ քամուց շարժուած։
8. Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. մի մա՞րդ փափուկ շորերով հագուած. ահա փափուկ հագնողները թագաւորների տներումն են։
9. Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարէ՞. այո, ասում եմ ձեզ, մարգարէից էլ աւելին։
10. Որովհետեւ սա այն է՝ որի համար գրուած է. Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստէ։
11. Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մէջ չէ վեր կացել Յովհաննէս Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է։
12. Բայց Յովհաննէս Մկրտչի օրերիցը մինչեւ հիմա երկնքի արքայութիւնն ուժով է առնվում, եւ ուժովները յափշտակում են նորան։
13. Որովհետեւ բոլոր մարգարէները եւ օրէնքը մինչեւ Յովհաննէսը մարգարէացան։
14. Եւ եթէ կամենում էք ընդունիլ՝ նա Եղիան է, որ գալու էր։
15. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
16. Բայց ո՞ւմ նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման է, որ փողոցներումը նստած իրանց ընկերներին կանչում են,
17. Եւ ասում. Մենք փող փչեցինք ձեզ համար, եւ դուք պար չեկաք. մենք ողբացինք ձեզ համար, եւ դուք կոծ չարիք։
18. Որովհետեւ Յովհաննէսն եկաւ, ոչ ուտում էր եւ ոչ խմում էր. եւ ասում են, Դեւ կայ նորանում.
19. Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում են. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ, եւ իմաստութիւնն արդարացաւ իր որդիներիցը։
20. Այն ժամանակ նա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում եղան նորա հրաշքների շատերը, որ չապաշխարեցին։
21. Վայ քեզ, Քորազին. վայ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդոնի մէջ եղած լինէին այն հրաշքները, որ ձեր մէջ եղան, շատոնց քրձով եւ մոխրով ապաշխարել էին։
22. Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսին եւ Սիդոնին աւելի հեշտ կլինի դատաստանի օրումը քան թէ ձեզ։
23. Եւ դու, Կափառնայում, որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ դժոխքը կցածանաս. որովհետեւ եթէ Սոդոմի մէջ եղած լինէին այն հրաշքները որ քեզանում եղան, մինչեւ այսօր դեռ կմնային։
24. Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների երկրի համար աւելի հեշտ կլինի դատաստանի օրումը, քան թէ քեզ։
25. Այն ժամանակը Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, ով Հայր՝ երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ երեխաներին յայտնեցիր։
26. Այո, ով Հայր. որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին։
27. Ամեն բան ինձ տրուեցաւ իմ Հօրիցը. եւ ոչ ով չէ ճանաչում Որդիին՝ բայց միայն Հայրը. եւ ոչ ով չէ ճանաչում Հօրը՝ բայց միայն Որդին. եւ ում որ Որդին կամենայ յայտնել։
28. Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։
29. Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք։
30. Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։