A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Հունվար 14


Ծննդոց 27:1-46
1. Եւ եղաւ երբոր Իսահակը ծերացաւ, եւ աչքերը տկարացան տեսնելուց, իր մեծ որդի Եսաւին կանչեց եւ ասեց նորան. Որդի։ Եւ նա ասեց նորան, Ահա ես։
2. Եւ ասեց. Ահա ես ծերացել եմ, չգիտեմ իմ մեռնելու օրը.
3. Եւ հիմա առ դու քո գործիքը՝ քո կապարճը եւ քո աղեղը, եւ դուրս եկ գնա դաշտը, եւ ինձ համար մի որս որսա.
4. Եւ ինձ համար խորտիկներ շինիր ինչպէս որ ես սիրում եմ, եւ բեր ինձ մօտ որ ուտեմ, եւ նորա համար օրհնէ քեզ իմ հոգին՝ ես տակաւին չմեռած։
5. Եւ Ռեբեկան լսում էր Իսահակը իր որդի Եսաւի հետ խօսելիս։ Եւ Եսաւը դուրս գնաց դաշտը, որ որս որսայ եւ բերէ։
6. Եւ Ռեբեկան խօսեց իր որդի Յակոբին ասելով. Ահա լսեցի որ հայրդ խօսում էր քո եղբայր Եսաւի հետ եւ ասում.
7. Ինձ համար որս բեր, եւ ինձ համար խորտիկներ շինիր, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ Եհովայի առջեւ իմ մեռնելուց առաջ։
8. Եւ հիմա, որդիս, լսիր իմ ձայնին ինչ որ ես քեզ պատուիրում եմ։
9. Գնա հօտերի մօտ եւ այն տեղից ինձ համար երկու լաւ այծի ուլեր բեր. Եւ ես նորանցից խորտիկներ շինեմ քո հօր համար ինչպէս որ նա սիրում է։
10. Եւ դու կտանես քո հօր մօտ եւ նա կուտէ, եւ նորա համար կօրհնէ քեզ իր մեռնելուց առաջ։
11. Եւ Յակոբն ասաց իր մայր Ռեբեկային. Ահա եղբայրս Եսաւը մազոտ մարդ է, իսկ ես լերկ մարդ եմ։
12. Գուցէ իմ հայրն ինձ շօշափէ, եւ նորա աչքին զզուելի լինիմ, եւ ինձ վերայ անէծք բերեմ եւ ոչ թէ օրհնութիւն։
13. Եւ մայրն ասեց նորան. Քո անէծքն իմ վերայ, որդիս, միայն թէ լսիր իմ ձայնին, եւ գնա բեր ինձ համար։
14. Եւ նա գնաց, առաւ եւ բերաւ իր մօր համար. Եւ նորա մայրը խորտիկներ շինեց ինչպէս նորա հայրը սիրում էր։
15. Եւ Ռեբեկան առաւ իր մեծ որդի Եսաւի ազնիւ հանդերձները, որ տանն իր մօտ էր, առաւ եւ հագցրեց իր փոքր որդի Յակոբին։
16. Եւ այծի ուլերի մորթերն էլ հագցրեց նորա ձեռքերին եւ վզի լերկ տեղին։
17. Եւ խորտիկները եւ այն հացն էլ, որ շինել էր, տուաւ իր որդի Յակոբի ձեռքը։
18. Եւ նա գնաց իր հօր մօտ եւ ասեց. Հայր իմ։ Եւ նա ասեց. Ահա ես. Դու ո՞վ ես, որդիս։
19. Եւ Յակոբն ասեց իր հօրը. Ես քո անդրանիկ Եսաւն եմ. Ես արի ինչպէս որ ասեցիր ինձ. Վեր կաց, նստիր, եւ կեր իմ որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ։
20. Եւ Իսահակն ասեց իր որդուն. Սա ինչ շուտով գտար, որդիս։ Եւ նա ասեց. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը հանդիպեցրեց իմ առջեւ։
21. Եւ Իսահակն ասեց Յակոբին. Մօտեցիր եւ թող քեզ շօշափեմ, որդիս, թէ արդե՞օք դու ես իմ որդի Եսաւը, թէ ոչ։
22. Եւ Յակոբը մօտեցաւ իր հայր Իսահակին, եւ նա շօշափեց նորան եւ ասեց. Ձայնը Յակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսաւի ձեռքերը։
23. Եւ չճանաչեց նորան, որովհետեւ ձեռքերը նորա եղբայր Եսաւի ձեռքերի պէս մազոտ էին. Եւ օրհնեց նորան.
24. Եւ ասեց. Սա դո՞ւ ես, իմ որդի Եսաւ։
25. Եւ նա ասեց. Ես եմ։ Եւ ասեց մօտեցրու ինձ որ ուտեմ իմ որդու որսերը որ դորա համար օրհնէ քեզ իմ հոգին։ Եւ նա մօտեցրեց նորան, եւ նա կերաւ, եւ նորա համար գինի բերաւ, եւ նա խմեց։
26. Եւ նորա հայրը Իսահակն ասեց նորան. Մօտեցիր ինձ եւ համբուրիր ինձ, որդիս։
27. Եւ նա մօտեցաւ եւ համբուրեց նորան, եւ նա հոտոտաց նորա հանդերձների հոտը եւ օրհնեց նորան, եւ ասեց. Տես իմ որդու հոտը՝ այն արտի հոտի նման է, որն որ օրհնեց Եհովան։
28. Եւ Աստուած տայ քեզ երկնքի ցօղիցը եւ երկրի պարարտութիւնիցը, եւ ցորենի եւ գինու առատութիւն։
29. Ազգեր ծառայեն քեզ եւ ժողովուրդներ քեզ երկրպագեն. Քո եղբօր վերայ իշխան եղիր. Եւ քո մօր որդիքը քեզ երկրպագեն. քեզ անիծողներն անիծեալ եւ քեզ օրհնողներն օրհնեալ լինին։
30. Եւ եղաւ երբոր Իսահակը Յակոբին օրհնեց վերջացրեց, եւ եղաւ հէնց որ Յակոբը դուրս եկաւ իր հօր Իսահակի առջեւից, նորա եղբայր Եսաւը եկաւ որսիցը։
31. Նա էլ խորտիկներ շինեց եւ բերաւ իր հօր մօտ, եւ ասեց հօրը. Վեր կաց, հայր իմ, եւ կեր քո որդու որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ։
32. Եւ նորա հայր Իսահակը ասեց նորան. Դու ո՞վ ես։ Եւ նա ասեց. Ես քո անդրանիկ որդի Եսաւն եմ։
33. Եւ Իսահակը մեծ սարսափով սաստիկ սարսափեց եւ ասեց. Ապա նա ո՞վ էր, որ որս էր որսել եւ բերել ինձ համար, եւ ես ամենիցը կերայ քո գալուց առաջ եւ օրհնեցի նորան. նա օրհնուած էլ կմնայ։
34. Եւ երբ որ Եսաւը լսեց իր հօր խօսքերը, մեծ եւ դառն աղաղակով սաստիկ լաց եղաւ, եւ ասեց իր հօրը. Ինձ էլ օրհնիր, հայր իմ, ինձ էլ։
35. Եւ նա ասեց. Քո եղբայրն եկաւ նենգութեամբ եւ առաւ քո օրհնութիւնը։
36. Մի՞թէ նորա անունը Յակոբ չեն ասում. Եւ ահա սա երկու անգամ է որ ինձ խաբել է. իմ անդրանկութիւնն առաւ, եւ հիմա էլ ահա օրհնութիւնս առաւ. Եւ ասեց. Ինձ համար օրհնութիւն չե՞ս թողել։
37. Եւ Իսահակը պատասխանեց եւ ասեց Եսաւին. Ահա նորան քեզ վերայ իշխան դրի, եւ իր բոլոր եղբայրները տուի նորան ծառաներ լինելու համար. Ցորենով ու գինով հաստատեցի նորան. Եւ հիմա քեզ ի՞նչ անեմ, որդիս։
38. Եւ Եսաւն ասեց իր հօրը. Մի՞թէ դու մէկ հատ օրհնութիւն ունիս, հայր իմ. Ինձ էլ օրհնիր, հայր իմ։ Եւ Եսաւը բարձրացրեց իր ձայնը եւ լացաւ։
39. Եւ նորա հայր Իսահակը պատասխանեց եւ ասեց նորան. Ահա երկրի պարարտութիւնը լինի քո բնակարանը՝ եւ երկնքի ցօղիցը վերեւից։
40. Եւ քո սրովն ապրես. Եւ քո եղբօրը ծառայես, եւ կլինի որ երբ դու քաշուիս նորա լուծը քո վզի վրայից կոտրես։
41. Եւ Եսաւն ատում էր Յակոբին այն օրհնութեան համար, որ հայրը նորան օրհնեց. Եւ Եսաւն ասում էր իր սրտումը, Իմ հօր համար սգի օրերը մօտենում են. Եւ ես սպանելու եմ իմ եղբայր Յակոբին։
42. Եւ Ռեբեկային պատմեցին իր մեծ որդի Եսաւի բաները, եւ մարդ ուղարկեց եւ կանչեց իր փոքր որդի Յակոբին եւ ասեց նորան. Ահա քո եղբայրն Եսաւը քեզանից վրէժխնդիր է, որ քեզ սպանէ։
43. Եւ հիմա, որդիս, լսիր իմ ձայնին, եւ փախիր գնա իմ եղբայր Լաբանի մօտ Խառան։
44. Եւ բնակիր նորա մօտ մի քանի ժամանակ՝ մինչեւ քո եղբօր բարկութիւնը ետ դառնայ.
45. Մինչեւ քո եղբօր բարկութիւնը քեզանից անցնէ, եւ նա մոռանայ ինչ որ իրան արել ես. Եւ ես կուղարկեմ ու կառնեմ քեզ այն տեղից. Ինչո՞ւ համար զրկուիմ ձեր երկուսիցդ մէկ օրում։
46. Եւ Ռեբեկան ասեց Իսահակին. Կեանքիցս զզուել եմ Քետի աղջիկների պատճառովը. Եթէ Յակոբն էլ է այս երկրի աղջիկների պէս Քետի աղջիկներից կին առնելու, էլ ինչո՞ւ է ինձ կեանքը պէտք։

Ծննդոց 28:1-22
1. Եւ Իսահակը կանչեց Յակոբին եւ օրհնեց նորան, եւ պատուիրեց նորան եւ ասեց նորան. Քանանի աղջիկներից կին չառնես։
2. Վեր կաց գնա Փադան-արամ (Միջագետ) քո մօր հայր Բաթուէլի տունը. Եւ այն տեղից քեզ համար կին առ քո մօր եղբայր Լաբանի աղջիկներից։
3. Եւ ամենակարող Աստուածը օրհնէ քեզ, եւ քեզ աճեցնէ եւ քեզ շատացնէ, եւ դու ժողովուրդների ժողով լինիս.
4. Եւ տայ քեզ Աբրահամի օրհնութիւնը եւ քո սերունդին քեզ հետ՝ քո պանդխտութեան երկիրը ստացուածքի համար, որ Աստուած տուել է Աբրահամին։
5. Եւ Իսահակը ճանապարհեց Յակոբին, եւ նա գնաց Փադան-արամ (Միջագետ) Ասորի Բաթուէլի որդի Լաբանի այսինքն Յակոբի եւ Եսաւի մայր Ռեբեկայի եղբօր մօտ։
6. Եւ երբոր Եսաւը տեսաւ որ Իսահակը օրհնեց Յակոբին եւ նորան ուղարկեց Փադան-արամ (Միջագետ) այն տեղից իրան կին առնելու համար, եւ որ նորան օրհնելիս պատուիրեց նորան ասելով, Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես,
7. Եւ որ Յակոբը հնազանդեց իր հօրը եւ իր մօրը, եւ գնաց Փադան-արամ (Միջագետ).
8. Նաեւ տեսաւ Եսաւը որ Քանանի աղջիկները իր հօրը Իսահակին անհաճելի են,
9. Եսաւը գնաց Իսմայէլի մօտ, Աբրահամի որդու Իսմայէլի աղջիկ և Նաբէօթի քոյր Մայէլէթին իրան կին առաւ իր կանանցից ջոկ։
10. Եւ Յակոբը Բերսաբէէից դուրս եկաւ եւ գնաց դէպի Խառան.
11. Եւ մի տեղ հասաւ, եւ գիշերն այն տեղ մնաց, որովհետեւ արեգակը մար էր մտել. Եւ այն տեղի քարերիցն առաւ, եւ իր գլխի տակ դրաւ, եւ այն տեղ պառկեց։
12. Եւ երազ տեսաւ, եւ ահա մի սանդուղք՝ երկրի վերայ դրուած, եւ նորա գլուխը երկնքին էր դպչում, եւ ահա Աստուծոյ հրեշտակները նորանով վեր էին գնում եւ իջնում։
13. Եւ ահա Եհովան կանգնած էր նորա վերայ, եւ ասեց. Ես եմ Եհովան՝ քո հօր Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը. այդ երկիրը որի վերայ պառկած ես, ես քեզ եմ տալու եւ քո սերունդին.
14. Եւ քո սերունդը երկրի աւազի չափ կլինի եւ կտարածուի դէպի արեւմուտք եւ արեւելք, եւ դէպի հիւսիս եւ հարաւ. Եւ քեզանով կօրհնուին երկրի բոլոր ազգերը՝ եւ քո սերունդովը։
15. Եւ ահա ես քեզ հետ եմ, եւ ամեն տեղ ուր որ գնաս քեզ կպահեմ, եւ քեզ այս երկիրը կդարձնեմ. Որովհետեւ քեզ չեմ թողիլ մինչեւ որ կատարեմ այն՝ ինչ որ քեզ ասել եմ։
16. Եւ Յակոբը զարթնեց իր քնիցը եւ ասեց. Իրաւի Եհովան այստեղ է, եւ ես չգիտէի։
17. Եւ վախեց ու ասեց. Ինչ ահաւոր է այս տեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստուծոյ տունը, եւ սա է երկնքի դուռը։
18. Եւ Յակոբն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ առաւ այն քարը, որ իր գլխի տակ էր դրել, եւ նորան արձան կանգնեցրեց, եւ նորա գլխին իւղ ածեց.
19. Եւ այն տեղի անունը Բեթէլ դրաւ. Բայց առաջ այն քաղաքի անունը Լուզ էր։
20. Եւ Յակոբը ուխտ արաւ եւ ասեց. Եթէ Աստուած ինձ հետ լինի, ինձ պահէ այս ճանապարհումը որ ես գնում եմ, եւ ինձ ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տայ,
21. Եւ ես խաղաղութեամբ ետ դառնամ իմ հօր տունը, Եհովան ինձ համար Աստուած լինի,
22. Եւ այս քարը որ ես արձան կանգնեցրի Աստուծոյ տուն լինի. Եւ այն ամենից որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ տամ։

Սաղմոսներ 7:9-17
9. Թող վերջանայ ամբարիշտների չարութիւնը, եւ հաստատիր արդարին. որովհետեւ դու սրտեր ու երիկամունքներ քննող ես, ով արդար Աստուած։
10. Իմ ասպարն Աստուած է, որ փրկում է սրտով ուղիղներին։
11. Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,
12. Եթէ ետ չդառնայ, նա իր սուրը կսրէ, իր աղեղը լարել եւ պատրաստել է.
13. Եւ մահի գործիքներ է պատրաստել նորա համար, եւ իր նետերը բորբոքուած արաւ։
14. Ահա նա անօրէնութեան երկունք է քաշում. յղացած է չարութիւնով եւ ծնում է խաբէութիւն։
15. Հոր փորեց ու խորացրեց, բայց ինքն ընկաւ այն խորի մէջ՝ որ շինեց։
16. Նորա չարութիւնը կդառնայ նորա գլխի վերայ. եւ նորա անիրաւութիւնը վայր կգայ իր գագաթի վերայ։
17. Ես կգոհանամ Տէրիցը իր արդարութեան համար եւ սաղմոս կասեմ Բարձրեալ Տիրոջ անունին։

Առակներ 3:11-12
11. Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար.
12. Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է։

Մատթեոս 10:1-20
1. Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։
2. Եւ այն տասնեւերկու առաքեալների անուններն այս են. առաջինը Սիմօն՝ Պետրոս կոչուածը, եւ նորա եղբայրն Անդրէաս։
3. Յակոբոս Զեբեդեանը եւ նորա եղբայրը՝ Յովհաննէս. Փիլիպպոս եւ Բարթողոմէոս. Թովմաս եւ Մատթէոս մաքսաւորը. Յակոբոս Ալփեանը. եւ Ղեբէոսը որ Թադէոս մականուանուեցաւ,
4. Սիմօն Կանանացին՝ եւ Յուդա Իսկարիովտացին, որ մատնեց էլ նորան։
5. Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը, նորանց պատուէր տուաւ եւ ասեց. Հեթանոսների ճանապարհ չգնաք, եւ Սամարացիների քաղաք չմտնէք.
6. Բայց աւելի գնացէք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։
7. Եւ երբոր կգնաք, քարոզեցէք եւ ասեցէք, թէ երկնքի արքայութիւնը մօտեցել է։
8. Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. ձրի առել էք, ձրի տուէք։
9. Վեր չառնէք ոսկի, եւ ոչ արծաթ, եւ ոչ պղինձ փող ձեր գօտիների մէջ.
10. Ոչ ճանապարհի պարկ, եւ ոչ երկու հանդերձ, եւ ոչ կօշիկներ եւ ոչ գաւազան. որովհետեւ մշակն իր կերակուրին արժանի է։
11. Եւ որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք թէ նորանում ո՛վ է արժանի, եւ այնտեղ կացէք՝ մինչեւ որ դուրս գնաք։
12. Եւ երբոր տունը կմտնէք, բարեւ տուէք նորան։
13. Եւ եթէ այն տունն արժանի է, ձեր բարեւը նորա վերայ գայ, բայց եթէ արժանի չէ, ձեր բարեւը ետ դառնայ դէպի ձեզ։
14. Եւ ով որ ձեզ չընդունի եւ ոչ էլ ձեր խօսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, ձեր ոտների փոշին թօթափեցէք։
15. Ճշմարիտ ասում եմ ձեզ որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կլինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։
16. Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս ոչխարներ գայլերի մէջ, ուստի խորագէտ եղիք ինչպէս օձերը, եւ միամիտ՝ ինչպէս աղաւնիները։
17. Եւ զգոյշ կացէք մարդկանցից. որովհետեւ ձեզ դատաստանի կմատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կծեծեն ձեզ,
18. Եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կտարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։
19. Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ինչպէ՞ս կամ ի՞նչ պիտի խօսիք. որովհետեւ նոյն ժամումը կտրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։
20. Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։