A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Հունվար 10


Ծննդոց 19:1-38
1. Եւ այն երկու հրեշտակներն իրիկունը Սոդոմ եկան. Եւ Ղովտը նստած էր Սոդոմի դրանը. Եւ Ղովտը տեսաւ եւ վեր կացաւ գնաց նորանց առաջը եւ իր երեսի վերայ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ.
2. Եւ ասեց. Ա՛ղէ իմ տէրերս, եկէք ձեր ծառայի տունը, եւ գիշերը կացէք, եւ ձեր ոտքերը լուացէք. Եւ առաւօտանց կանուխ վեր կկենաք ու ձեր ճանապարհը կգնաք։ Եւ նորանք ասեցին. Ոչ. Փողոցումը կկենանք գիշերը։
3. Եւ նորանց շատ բռնադատեց, եւ նորա մօտ գնացին եւ նորա տունը մտան, եւ նորանց համար ճաշ պատրաստեց եւ բաղարջ թխեց, եւ կերան։
4. Բայց դեռ որ չէին պառկել, եւ ահա քաղաքի մարդիկը այսինքն Սոդոմի մարդիկը տունը պատեցին երիտասարդներից մինչեւ ծերերը բոլոր ժողովուրդը միասին։
5. Եւ Ղովտին կանչեցին եւ նորան ասեցին. Ո՞ւր են այն մարդիկը, որ այս գիշեր քեզ մօտ եկան. նորանց դուրս բեր մեզ մօտ, եւ գիտենանք նորանց։
6. Եւ Ղովտը բակը դուրս եկաւ նորանց մօտ եւ դուռը փակեց իր ետեւիցը,
7. Եւ ասեց. Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարութիւն մի անիք։
8. Ահա ես երկու աղջիկ ունիմ, որ այր չգիտեն. Թող նորանց ձեզ մօտ դուրս բերեմ, եւ ձեր աչքին հաճոյ եղածն արէք նորանց. Միայն այս մարդկանցը բան մի անիք, որովհետեւ նորա համար իմ յարկի շուքի տակը մտան։
9. Եւ նորանք ասեցին. Դէն գնա. Եւ ասեցին. Եկաւ մինակ պանդխտութեան համար, եւ դատաստան էլ է անում. Հիմա քեզ նորանցից վատ կանենք։ Եւ սաստիկ բռնադատեցին մարդին այսինքն Ղովտին, եւ մօտեցան որ դուռը կոտրեն։
10. Բայց այն մարդիկն իրանց ձեռքը մեկնեցին, եւ Ղովտին առին տունը իրանց մօտ եւ դուռը փակեցին։
11. Եւ այն մարդկանցը, որ տան դրանն էին, կուրութեամբ զարկեցին փոքրիցը մինչեւ մեծը, այնպէս որ դուռը գտնելու համար աշխատելով թուլացան։
12. Եւ մարդիկն ասեցին Ղովտին. Այստեղ ուրիշ էլ ո՞վ ունիս. Փեսայ եւ որդիներդ եւ աղջիկներդ, եւ քաղաքումը ով որ ունիս այստեղից հանիր.
13. Վասն զի մենք այս տեղը պէտք է կործանենք. Որովհետեւ նորանց աղաղակը մեծ է Եհովայի առաջին. Եւ Եհովան մեզ ուղարկեց, որ նորան կործանենք։
14. Եւ Ղովտը դուրս եկաւ եւ իր աղջիկներն առնող փեսաների հետ խօսեց, եւ ասեց. Վեր կացէք դուրս եկէք այս տեղից, որովհետեւ Եհովան պէտք է կործանէ այս քաղաքը. Բայց նա կատակ անողի պէս էր երեւում իր փեսաներին։
15. Եւ երբոր առաւօտ եղաւ հրեշտակները ստիպում էին Ղովտին ասելով, Վեր կաց առ կենդ եւ այստեղ գտնուած երկու աղջիկդ, որպէս զի չկորչիս այս քաղաքի անօրէնութեան հետ։
16. Եւ երբոր նա ուշանում էր, այն մարդիկը բռնեցին նորա ձեռքիցը եւ նորա կնոջ ձեռքիցը եւ նորա աղջկերանց ձեռքիցը՝ Եհովան նորան ողորմելովը, եւ դուրս հանեցին նորան եւ քաղաքի դուրսը դրին։
17. Եւ եղաւ երբոր նորանց դուրս հանեցին, նորանցից մէկն ասեց. Անձդ ազատիր, ետեւիդ մտիկ մի տար, եւ բոլոր դաշտումը մի կանգնիր. Սարը փախիր, որպէս զի չկորչիս։
18. Եւ Ղովտն ասեց նորանց. Ոչ՝ Տէր, աղաչում եմ,
19. Ահա ծառադ առաջին շնորհք գտաւ, եւ մեծ էր քո երախտիքն, որ արիր ինձ՝ իմ կեանքն ապրեցնելով, եւ ես չեմ կարող սարը փախչիլ, որպէս զի չարիք չհասնէ ինձ եւ ես մեռնիմ։
20. Ահա այս քաղաքը մօտիկ է, այն տեղ փախչելու համար. Եւ նա պզտիկ է, թող այն տեղ փախչիմ, (չէ՞ որ նա պզտիկ է,) եւ իմ անձն ապրէ։
21. Եւ ասեց նորան. Ահա այդ բանումն էլ քո աղաչանքն ընդունեցի, որ այս քաղաքը չկործանեմ, որի համար խօսեցիր։
22. Շուտ արա այն տեղ փախիր, որովհետեւ ես մի բան չեմ կարող անել, մինչեւ որ դու այն տեղ չհասնիս. Նորա համար այն քաղաքի անունը Սեգովր կոչեց։
23. Եւ արեւը երկրի վերայ ծագում էր, երբոր Ղովտը Սեգովր մտաւ։
24. Եւ Եհովան Սոդոմի եւ Գոմորի վերայ ծծումբ եւ կրակ տեղաց Եհովայի կողմից երկնքիցը,
25. Եւ կործանեց այն քաղաքները, եւ բոլոր դաշտը, եւ այն քաղաքների բոլոր բնակիչները եւ երկրի բոլոր բոյսը։
26. Եւ նորա կինը ետեւին մտիկ արաւ եւ աղի արձան դարձաւ։
27. Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ եկաւ այն տեղը, ուր Եհովայի առաջին կանգնել էր։
28. Եւ Սոդոմի եւ Գոմորի եւ բոլոր այն դաշտի երկրի վերայ մտիկ արաւ տեսաւ՝ որ ահա այն երկրի ծուխը դուրս էր գալիս հնոցի ծուխի պէս։
29. Եւ եղաւ երբոր Աստուած այն դաշտի քաղաքները կործանում էր, Աստուած յիշեց Աբրահամին, եւ հանեց Ղովտին այն կործանումի միջիցը, երբոր կործանում էր այն քաղաքները որոնցում Ղովտը բնակվում էր։
30. Եւ Ղովտը Սեգովրից վեր գնաց եւ սարումը բնակուեց, եւ իր երկու աղջկերքն իր հետ. Որովհետեւ վախում էր Սեգովրումը բնակուելու եւ բնակուեց մի այրում ինքը եւ իր երկու աղջկերքը։
31. Եւ մեծն ասեց պզտիկին. Մեր հայրը ծեր է, եւ երկրիս մէջ մարդ չկայ մեզ մօտ գալու համար ինչպէս ամեն երկրի սովորութիւնն է։
32. Եկ մեր հօրը գինի խմեցնենք, եւ նորա հետ պառկենք, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք։
33. Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց. Եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը։
34. Եւ եղաւ որ միւս օրը մեծ աղջիկը պզտիկին ասեց. Ահա երէկ գիշեր հօրս հետ պառկեցի. Այս գիշեր էլ նորան գինի խմեցնենք, եւ դու գնա հետը պառկիր, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք։
35. Եւ այն գիշերն էլ իրանց հօրը գինի խմեցրին, եւ պզտիկ աղջիկը վեր կացաւ նորա հետ պառկեց, եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը։
36. Եւ Ղովտի երկու աղջկերքը իրանց հօրիցը յղացան։
37. Եւ մեծը որդի ծնեց եւ անունը Մովաբ դրաւ. Նա է Մովաբացիների հայրը մինչեւ այսօր։
38. Եւ պզտիկն էլ որդի ծնեց, եւ նորա անունը Բենամմի դրաւ. Սա է Ամմոնի որդկանց հայրը մինչեւ այսօր։

Ծննդոց 20:1-18
1. Եւ Աբրահամն այն տեղից դէպի հարաւային երկիրը չուեց. Եւ Կադէսի եւ Սուրի մէջ բնակուեց, եւ Գերերումը պանդուխտ եղաւ։
2. Եւ Աբրահամն իր կնոջ Սարրայի համար ասեց. Նա իմ քոյրն է։ Եւ Գերարի թագաւոր Աբիմելէքը մարդ ուղարկեց եւ առաւ Սարրային։
3. Բայց Աստուած գիշերը երազում Աբիմելէքի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ահա դու պիտի մեռնիս այդ կնոջ պատճառով, որ դու առիր. Որովհետեւ նա մի մարդի կին է։
4. Բայց Աբիմելէքը նորան մօտեցած չէր, եւ ասեց. Տէր, մի՞թէ արդար ազգ էլ կմեռցնես։
5. Մի՞թէ ինքը չասեց ինձ, թէ Նա իմ քոյրն է. Եւ հէնց սա ինքն էլ ասեց. Թէ Նա իմ եղբայրն է. Ես ուղիղ սրտովս եւ մաքուր ձեռքերովս արի այս։
6. Եւ Աստուած նորան ասեց երազում. Ես էլ գիտացի որ ուղիղ սրտովդ արիր այդ. Նաեւ ես քեզ ինձ դէմ մեղք գործելուց ետ պահեցի, վասն որոյ քեզ չթողեցի որ նորան մօտենաս։
7. Եւ արդ կինն իր մարդին ետ դարձրու. որովհետեւ նա մարգարէ է, եւ քեզ համար թող աղօթք անէ որ ապրիս, եւ եթէ դու նորան ետ չտաս, իմացիր որ անպատճառ կմեռնիս, դու եւ ամեն ինչ որ ունիս։
8. Եւ առաւօտը կանուխ վեր կացաւ Աբիմելէքը եւ կանչեց իր բոլոր ծառաներին, եւ բոլոր այս բաները նորանց ականջների առաջ պատմեց, եւ մարդիկը շատ վախեցին.
9. Եւ Աբիմելէքը կանչեց Աբրահամին, եւ ասեց նորան. Մեզ ի՞նչ ես արել. Եւ ես քեզ դէմ ի՞նչ յանցանք եմ արել, որ ինձ վերայ եւ իմ թագաւորութեան վերայ մեծ մեղք ես բերել. Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անիլ։
10. Եւ Աբիմելէքն ասեց Աբրահամին. Ի՞նչ տեսար որ այս բանը արիր։
11. Եւ Աբրահամն ասեց. Ես ասեցի թէ Իրաւ այս տեղ Աստուծոյ վախը չկայ. Եւ ինձ կսպանեն կնոջ պատճառովը։
12. Եւ իրաւ էլ իմ քոյրն է. Հօրս աղջիկն է, բայց ոչ թէ մօրս աղջիկը. Եւ ինձ կին եղաւ։
13. Եւ եղաւ երբոր Աստուած ինձ իմ հօրս տանիցը պանդխտութիւն անել տուաւ, ասեցի դորան. Սա լինի քո ինձ անելու երախտիքը, որտեղ որ գնալու լինինք, ինձ համար ասես թէ Եղբայրս է։
14. Եւ Աբիմելէքը ոչխարներ եւ արջառներ եւ ծառաներ եւ աղախիններ առաւ, եւ Աբրահամին տուաւ. Եւ նորա կինը Սարրան էլ իրան ետ դարձրեց։
15. Եւ Աբիմելէքն ասեց. Ահա իմ երկիրը քո առաջին է, աչքիդ հաճոյ եղած տեղը բնակուիր։
16. Եւ Սարրային ասեց. Ահա եղբօրդ հազար արծաթ տուի. Ահա նա քեզ համար աչքերի ծածկոց լինի այն բոլորի համար որ քեզ հետ եղաւ եւ ամենովը յանդիմանուեցար էլ։
17. Եւ Աբրահամն աղօթք արաւ Աստուծոյն. Եւ Աստուած բժշկեց Աբիմելէքին եւ նորա կնոջը, եւ նորա աղախիններին, եւ ծնում էին։
18. Որովհետեւ Եհովան Աբիմելէքի ընտանեաց բոլոր արգանդները փակել էր Աբրահամի կնոջ Սարրայի համար։

Սաղմոսներ 6:1-5
1. Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։
2. Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են։
3. Եւ իմ անձը շատ սարսափած է. եւ դու, ով Տէր, մինչեւ ե՞րբ։
4. Դարձիր, Տէր, փրկիր իմ անձը. ապրեցրու ինձ քո ողորմութեան համար։
5. Որովհետեւ մահի մէջ քեզ յիշել չկայ. գերեզմանումը ո՞վ կփառաւորէ քեզ։

Առակներ 3:1-4
1. Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ քո սիրտը իմ պատուէրները.
2. Որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ խաղաղութիւն կշատացնեն քեզ համար.
3. Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգիլ. նորանց պնդացրու քո պարանոցի վերայ, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։
4. Այսպէս դու շնորհք եւ հաճութիւն կգտնես Աստուծոյ եւ մարդկանց առաջին։

Մատթեոս 8:1-17
1. Եւ երբոր սարիցն իջաւ, շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւիցը։
2. Եւ ահա մի բորոտ գալով երկրպագում էր նորան եւ ասում. Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել։
3. Եւ Յիսուսը ձեռքը մեկնելով նորան դիպաւ եւ ասեց. Կամենում եմ՝ սրբուիր. եւ նորա բորոտութիւնը շուտով սրբուեցաւ։
4. Եւ Յիսուսն ասեց նորան. Զգոյշ կաց՝ ոչ ոքի չասես, այլ գնա քեզ ցոյց տուր քահանային եւ Մովսէսից հրամայուած ընծան մատուցրու, նորանց վկայութիւն լինելու համար։
5. Եւ երբոր Յիսուսը մտաւ Կափառնայում, մի հարիւրապետ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան,
6. Եւ ասում. Տէ՛ր, իմ ծառան անդամալոյծ ընկած է տանը եւ չարաչար տանջվում է։
7. Յիսուսն էլ ասեց նորան. Ես կգամ կբժշկեմ նորան։
8. Եւ հարիւրապետը պատասխանելով ասեց. Տէ՛ր, ես արժանի չեմ, որ իմ յարկի տակը մտնես, այլ միայն մի խօսք ասիր՝ եւ իմ ծառան կբժշկուի։
9. Որովհետեւ ես էլ իշխանութեան տակ լինող մարդ եմ. եւ իմ ձեռի տակ զինուորներ ունիմ. եւ ասում եմ սորան՝ գնա, եւ գնում է, եւ ուրիշին՝ եկ, եւ գալիս է. եւ ծառայիս՝ այս բանն արա, եւ անում է։
10. Եւ երբոր Յիսուսը լսեց, զարմացաւ եւ ասեց ետեւիցը եկողներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չգտայ։
11. Եւ ասում եմ ձեզ, որ շատերը արեւելքից եւ արեւմուտքից կգան, եւ կնստեն Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի հետ երկնքի արքայութիւնումը,
12. Իսկ արքայութեան որդիքը դուրս կգցուին դրսի խաւարը, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։
13. Եւ Յիսուսն ասեց հարիւրապետին. Գնա, եւ ինչպէս որ հաւատացիր՝ թող այնպէս լինի քեզ. եւ նորա ծառան առողջացաւ այն ժամումը։
14. Եւ երբոր Յիսուսն եկաւ Պետրոսի տունը, տեսաւ նորա զոքանչը պառկած ջերմում էր։
15. Եւ նորա ձեռքիցը բռնեց, եւ ջերմը թողեց նորան, եւ նա վեր կացաւ եւ ծառայում էր նորանց։
16. Եւ երբոր իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին նորա մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիւանդներին բժշկեց.
17. Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է. Նա մեր հիւանդութիւնները վեր առաւ եւ մեր ցաւերը կրեց։