1 |
Սկիզբէն էր Խօսքը, ու Խօսքը Աստուծոյ քով էր, եւ Խօսքը Աստուած էր. |
2 |
ան սկիզբէն Աստուծոյ քով էր: |
3 |
Ամէն ինչ եղաւ անո՛վ. եղածներէն ո՛չ մէկը եղաւ առանց անոր: |
4 |
Կեանքը անով էր, ու կեանքը մարդոց լոյսն էր. |
5 |
լոյսը կը փայլէր խաւարի մէջ, բայց խաւարը չճանչցաւ զայն: |
6 |
Աստուծմէ ղրկուած մարդ մը կար՝ որուն անունը Յովհաննէս էր: |
7 |
Ասիկա եկաւ վկայութեան համար՝ որ վկայէ Լոյսին մասին, որպէսզի բոլորը հաւատան անոր միջոցով: |
8 |
Ինք չէր այդ Լոյսը, հապա եկաւ՝ որպէսզի վկայէ Լոյսին մասին: |
9 |
Ճշմարիտ Լոյսը ա՛ն էր՝ որ կը լուսաւորէ աշխարհ եկող՝՝ ամէն մարդ: |
10 |
Ինք աշխարհի մէջ էր, եւ աշխարհը եղաւ իրմով, բայց աշխարհը չճանչցաւ զինք: |
11 |
Իրեններուն եկաւ, սակայն իրենները չընդունեցին զինք: |
12 |
Բայց անոնց՝ որ ընդունեցին զինք - անոնց՝ որ կը հաւատան իր անունին - իրաւասութիւն տուաւ Աստուծոյ զաւակներ ըլլալու: |
13 |
Անոնք ո՛չ արիւնէն եւ ո՛չ մարմինի կամքէն ծնան, ո՛չ ալ մարդու կամքէն, հապա՝ Աստուծմէ: |
14 |
Եւ Խօսքը մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ, (եւ դիտեցինք անոր փառքը՝ Հօրը միածինի փառքին պէս,) շնորհքով ու ճշմարտութեամբ լեցուն: |
15 |
Յովհաննէս վկայեց անոր մասին, եւ աղաղակեց. «Ասիկա՛ է ան՝ որուն մասին կ՚ըսէի. “Ան որ իմ ետեւէս կու գայ՝ իմ առջեւս եղաւ, որովհետեւ ինձմէ առաջ էր”: |
16 |
Եւ անոր լիութենէն մենք բոլորս ստացանք շնորհք շնորհքի վրայ: |
17 |
Որովհետեւ Օրէնքը տրուեցաւ Մովսէսի միջոցով, բայց շնորհքն ու ճշմարտութիւնը եղան Յիսուս Քրիստոսի միջոցով: |
18 |
Ո՛չ մէկը երբե՛ք տեսած է Աստուած. բայց միածին Որդին՝ որ Հօրը ծոցն է, ի՛նք պատմեց անոր մասին»: |
19 |
Սա՛ է Յովհաննէսի վկայութիւնը, երբ Հրեաները Երուսաղէմէն ղրկեցին քահանաներ ու Ղեւտացիներ, որպէսզի հարցնեն անոր. «Դուն ո՞վ ես»: |
20 |
Ան խոստովանեցաւ ու չուրացաւ, հապա յայտարարեց. «Ես Քրիստոսը չեմ»: |
21 |
Հարցուցին անոր. «Հապա ո՞վ. Եղիա՞ն ես»: Ըսաւ. «Չեմ»: Հարցուցին. «Այն մարգարէ՞ն ես»: Պատասխանեց. «Ո՛չ»: |
22 |
Ուրեմն ըսին անոր. «Դուն ո՞վ ես. ըսէ՛ մեզի, որպէսզի պատասխան մը տանինք մեզ ղրկողներուն. ի՞նչ կ՚ըսես քու մասիդ»: |
23 |
Ըսաւ. «Ես անոր ձայնն եմ՝ որ կը գոչէ անապատին մէջ. “Շտկեցէ՛ք Տէրոջ ճամբան”, ինչպէս Եսայի մարգարէն ըսաւ»: |
24 |
Այդ ղրկուածները Փարիսեցիներէն էին, |
25 |
ու հարցուցին իրեն. «Հապա ինչո՞ւ կը մկրտես, եթէ դուն ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան, ո՛չ ալ մարգարէն»: |
26 |
Յովհաննէս պատասխանեց անոնց. «Ես ջուրո՛վ կը մկրտեմ, բայց մէկը կայ ձեր մէջ՝ որ դուք չէք ճանչնար. |
27 |
ի՛նք է իմ ետեւէս եկողը՝ որ իմ առջեւս եղաւ, որուն կօշիկին կապը քակելու արժանի չեմ»: |
28 |
Այս բաները պատահեցան Բեթաբարայի մէջ՝ Յորդանանի միւս կողմը, ուր Յովհաննէս կը կենար ու կը մկրտէր: |
29 |
Հետեւեալ օրը Յովհաննէս տեսաւ Յիսուսը՝ որ իրեն կու գար, եւ ըսաւ. «Ահա՛ Աստուծոյ Գառը՝ որ կը քաւէ աշխարհի մեղքը: |
30 |
Ասիկա՛ է ան՝ որուն մասին կ՚ըսէի. “Իմ ետեւէս մարդ մը կու գայ՝ որ իմ առջեւս եղաւ, որովհետեւ ինձմէ առաջ էր”: |
31 |
Ես չէի ճանչնար զայն. բայց եկայ ջուրով մկրտելու, որպէսզի ան յայտնուի Իսրայէլի»: |
32 |
Ու Յովհաննէս վկայելով ըսաւ. «Տեսայ Հոգին, որ աղաւնիի պէս կ՚իջնէր երկինքէն եւ կը մնար անոր վրայ: |
33 |
Ես չէի ճանչնար զայն, բայց ա՛ն որ ղրկեց զիս ջուրով մկրտելու, ի՛նք ըսաւ ինծի. “Որո՛ւն վրայ որ տեսնես թէ Հոգին կ՚իջնէ ու կը մնայ, անիկա՛ է՝ որ Սուրբ Հոգիո՛վ կը մկրտէ”: |
34 |
Ես ալ տեսայ, եւ վկայեցի թէ ա՛յս է Աստուծոյ Որդին»: |
35 |
Հետեւեալ օրը Յովհաննէս դարձեալ կայնած էր, եւ իր աշակերտներէն երկուքը: |
36 |
Նայելով Յիսուսի՝ որ կը քալէր, ըսաւ. «Ահա՛ Աստուծոյ Գառը»: |
37 |
Երկու աշակերտները լսեցին անկէ՝ երբ կը խօսէր, ու հետեւեցան Յիսուսի: |
38 |
Երբ Յիսուս դարձաւ եւ տեսաւ թէ անոնք կը հետեւէին իրեն, ըսաւ անոնց. «Ի՞նչ կը փնտռէք»: Անոնք ալ ըսին իրեն. «Ռաբբի՛, (որ թարգմանուելով՝ վարդապետ ըսել է,) ո՞ւր կը բնակիս»: |
39 |
Ըսաւ անոնց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Գացին ու տեսան թէ ո՛ւր կը բնակէր. եւ այդ օրը մնացին անոր քով, որովհետեւ գրեթէ տասներորդ ժամն՝՝ էր: |
40 |
Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրէաս մէկն էր այն երկուքէն, որ լսեցին Յովհաննէսէ ու հետեւեցան անոր: |
41 |
Ան նախ գտաւ իր եղբայրը՝ Սիմոնը, եւ ըսաւ անոր. «Գտա՛նք Մեսիան» (որ կը թարգմանուի՝ Քրիստոս). |
42 |
ապա տարաւ զայն Յիսուսի քով: Յիսուս նայելով անոր՝ ըսաւ. «Դուն Սիմոնն ես, Յովնանի որդին. դուն Կեփաս պիտի կոչուիս», որ կը թարգմանուի՝ Պետրոս: |
43 |
Հետեւեալ օրը՝ Յիսուս ուզեց Գալիլեա երթալ, եւ գտնելով Փիլիպպոսը՝ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»: |
44 |
Փիլիպպոս Բեթսայիդայէն էր. Անդրէասի ու Պետրոսի քաղաքէն: |
45 |
Փիլիպպոս գտաւ Նաթանայէլը եւ ըսաւ անոր. «Գտա՛նք ան՝ որուն մասին Մովսէս գրեց Օրէնքին մէջ, ու մարգարէներն ալ, այսինքն՝ Յիսուս Նազովրեցին, Յովսէփի որդին»: |
46 |
Նաթանայէլ ըսաւ անոր. «Կարելի՞ է որ Նազարէթէն բարի բան մը ելլէ»: Փիլիպպոս ըսաւ անոր. «Եկո՛ւր ու տե՛ս»: |
47 |
Յիսուս, երբ տեսաւ Նաթանայէլը՝ որ իրեն կու գար, ըսաւ անոր մասին. «Ահա՛ ճշմա՛րտապէս Իսրայելացի մը՝ որուն ներսը նենգութիւն չկայ»: |
48 |
Նաթանայէլ ըսաւ անոր. «Ուրկէ՞ կը ճանչնաս զիս»: Յիսուս պատասխանեց անոր. «Դեռ Փիլիպպոս քեզ չկանչած, դուն՝ որ թզենիին տակն էիր, ես տեսայ քեզ»: |
49 |
Նաթանայէլ պատասխանեց անոր. «Ռաբբի՛, դո՛ւն ես Աստուծոյ Որդին, դո՛ւն ես Իսրայէլի թագաւորը»: |
50 |
Յիսուս պատասխանեց անոր. «Կը հաւատա՞ս՝ քանի որ ըսի քեզի թէ տեսայ քեզ թզենիին ներքեւ: Ասկէ աւելի՛ մեծ բաներ պիտի տեսնես»: |
51 |
Նաեւ ըսաւ անոր. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ասկէ ետք պիտի տեսնէք երկինքը բացուած, եւ Աստուծոյ հրեշտակները՝ որ կ՚ելլեն ու կ՚իջնեն մարդու Որդիին վրայ”»: |
Armenian Bible 1994 |
© Bible Society of Lebanon, 2017 |